ՎԱՐԴԱՆԻ ՔԱՂԱՔԸ

vardan

-Համայնքը զորավոր է,-«Կտոր մը երկինք» ֆիլմում ասում էր Տեր հայրը, որպես զգուշացում Թորիկին, թե՝ սպասիր, համայնքը ուտելու է քեզ: Համայնքն իսկապես զորավոր է և ոտնակոխ անելու փոխարեն նաև կարող է փրկել միայնակ մարդուկին, ինչպես պատահել է մեր պատմության հերոսի հետ:

Մեր պատմությունը ծաղկավաճառ Վարդանի մասին է, ում մանկությունը շատ շուտ է ավարտվել: Քաղաքը, որը միշտ ծնում է իր  փողոցների հերոսներին, մեծապես օգնել, գնահատել է նրա՝ սեփական քրտինքով իր ապրուստը վաստակելու անխափան որոշումը:

Վարդանը վեց տարեկան է եղել, երբ հայրը լքել է ընտանիքը՝ երեք անչափահաս երեխաներին մեծացնելու պատասխանատվությունը թողնելով հիվանդ կնոջը: Տղանդուրս է եկել փողոց, սակայն ոչ թե փող խնդրելու, այլ՝ աշխատանք ստեղծելու իր համար: Շենգավիթի մետրոյի մոտ օգնել է ծանր իրերով մարդկանց, ջուր է վաճառել ամռան տապին, իսկ հետո՝ փուչիկ ու ծաղիկ: Հիմա Վարդանը մոտոցիկլով է վաճառում ծաղիկնու փուչիկը: «Վարդանի վարդերը» գրությամբ, ծաղիկներով ու փուչիկներով զարդարված մոտոցիկլը ամեն օր կարելի է տեսնել Երևանի փողոցներում:

-Իմ մանկության ամենակարևոր վայրերը Շենգավիթի մետրոյի մերձակայքն էինու «Պոպլավոկը», որտեղ ծաղիկ էի վաճառում: Շոգ օրերց մի օր լողացա ջրում, դուրս եկա, տեսա՝ շորերս գողացել են: 8 տարեկան էի, խայտառակությունից լացս գալիս էր, բայց արդյունքում ձեռք բերեցի կյանքիս լավագույն բարեկամներից մեկին՝ Սվետ մորքուրին: Նա աշխատում էր «Պոպլավոկում», իսկ տնօրենը Հասմիկ մորքուրն էր:Խիստ կին էր, ձայնը բարձրացնելիս՝ թվում էր ականջներդ կպատռի: Այդ դեպքից հետո ասաց, որ շորերս մյուս անգամ թողնեմ Սվետ մորքուրի մոտ, իսկ ինձ մեծ չափի հագուստ տվեցին: Հետագայում իրենց մոտից շորերս վերցնելիս հայտնաբերում էի, որ ծալծլած հագուստիս արանքներում թաքցրել են չոր լահմաջո: Նույնիսկ հիմա ինձ համար այդ լահմաջոն տասը բաժին խորովածից ցանկալի է:

Երբ «Քուին բուրգերը» նոր էր բացվել, ինձ թույլատրեցին, որ մերձակայքում աշխատեմ, իսկ ինչ-որ բարի պապիկ պայմանավորվել էր աշխատողների հետ,որ օրական երեք անգամ ինձ բավական թանկարժեք բրդուջներովկերակրեն: Դրանք կարողանում էի նույնիսկ տուն տանել: Քսան տարվա դեպքեր եմ պատմում, բայց այս բոլորը շատ ջերմ հիշողություններ են ինձ համար:

Վախեցել էի, երբ ինձ առաջին անգամ տարան ոստիկանություն: Փողոցներում գումար մուրացող երեխաներ հետ հայտնվել էի մեծ սենյակում: Որոշ ժամանակ անց մի կին եկավ և ասաց, որ Փուչոյին(փուչիկ վաճառելու պատճառով ինձ հաճախ էին այդպես դիմում) բերեն իր մոտ: Ես չգիտեի, որ պետն է՝տիկին Նելլի Դուրյանը: Նա ինձ քաղրավենիք, զովացուցիչ ըմպելիքներ հյուրասիրեց, իսկ վերջում էլ աշխատողներին հրահանգեց մեքնայով տանել հրապարակ: Հետագայում էլի է եղել, որ ոստիկանություն տանեն փողոցում առևտուր անելու պատճառով և ամեն անգամ ջերմ  վերաբերմունքի եմ արժանացել տիկին Դուրյանի կողմից:

va

Քաղաքը իմ հանդեպ բարի է եղել, փողոցը տվել է ամեն ինչ: Զորիկ քեռին, «Մարսել» բարում աշխատող մորքուրը(որի անունը այդպես էլ չիմացա), Վալերի Օսիպյանը, Գագիկ Պավլովիչը, Վաչագան Նուշիկյանը, Մանո պապին, վարսավիրանոցի Կարենը(այժմ մեծ տղայիս կնքահայրն է) ու շատերը ինձ հարազատի պես են վերաբերվել, օգնել են, ընդառաջել:

Իհարկե, ցանկացած երեխա մի օր պատանի է դառնում, ինչ-որ բան փոխվում է ներսում էլ, ուրիշների հայացքում էլ: 15-16 տարեկանում հայտնվել էի վատ շրջապատում, քարտախաղերով էի տարվել, գումար էի տանուլ տալիս: «Պոպլավոկի» տարածքում գործի ժամանակ 5000 դրամ տվեցին, մանրը չվերադարձրի, փախա: Շատ ամաչեցի հետո, ամիսներով չէի երևում այդ կողմերում, ապա տեղի ունեցավ «անառակ որդու վերադարձը». Վաչագան Նուշիկյանին խնդրեցի, ընդառաջեցին և կրկին սկսեցի աշխատել «Պոպլավոկի» տարածքում:

Մեծ մասամբ ոտքով շրջել եմ ու վաճառել քաղաքում, դրա համար էլ ինձ համեմատում են հին Երևանի հանրահայտ փողոցային ծաղկավաճառ Կարա-Բալայիհետ: Աշխատել եմ նաև հեծանիվով, իսկ վերջին 6 տարվա ընթացքում՝ մոտոցիկլով: Այժմ երեք մոտոցիկլ ունեմ, որոնցից մեկը նվեր եմ ստացել: Մտածում էի, որ մոտոցիկլին ֆայտոն կկարողանամ կապել, բայց այդ մտքից արդեն հրաժարվել եմ: Ձմռանը նաևՁմեռ պապ եմ աշխատում: Շատ հաճելի է, որ հնարավորություն կա մարդկանց ջերմություն, ուրախություն փոխանցել:

Իմ կյանքի գլխավոր ձեռքբերումը համարում եմ ընտանիքս: Երկու զավակ ունեմ՝4 տարեկան Մարկոսը և 7 ամսական Ղուկասը: Մեծ ընտանիք եմ ուզում, շատ երեխաներ: Ես էլ ամեն ինչ կանեմ, որ ընտանիքս երբեք քաղցած չլինի:

Նկատում եմ, որ վերջին տարիներին մարդկանց վիճակը ծանրանում է: Մշտական գնորդների մի մասըարդեն միայն կանգնում, զրուցում է, իսկ մի մասն էլ Հայաստանից գնացել է: Որքան քչանում են մարդիկ, այնքան դժվարանում է ապրելը և միակ փրկությունը մնում է բարի լինելը, Աստված սիրելը:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register