ՎԱՆԱՁՈՐՑԻ ՀՌԻՓՍԻԿԸ Ու ԱՐԳԵԼՎԱԾ ԿԱՊՐՈՆԻ ՉՈւԼԿԻՆ

3

Վանաձորի թաղամասերի անվան առեղծվածը «Ճամփորդի» հետ զրույցում բացահայտում է դրամատուրգ, երգիծաբան,ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը:

Հրապարակից վերև՝ Վանաձոր թաղամասն է՝ «ամենաառողջարանային» թաղմասերից մեկը: Ժամանակին այստեղ հովեկներ շատ էին գալիս, հիմա Գուգարաց թեմին կից գործող «Ծիծեռնակ» ճամբարն է, որտեղ Սիրիայից, Ղարաբաղից եկած երեխաներ են հանգստանում: Խորհրդային միության տարիներին Վանաձոր թաղամասը հանգստյան գոտի էր: Հիմա սեփականաշնորհել են տները:Դեպի երկաթուղային կայարան՝ կամ դեպի Սբ. Աստվածածին եկեղեցի, «Ժամի թաղն» էր: «Ցալկուտ» են ասում: Թե ոնց է առաջացել անունը, պարզ չէ: Երևի ցեխ է եղել, ցալքուն է արել, անունը Ցալկուտ են դրել: Հիմնական բնակիչները հին ղարաքիլիսեցիներն էին, հիմա նույն տեղում բնակելի շենքեր են: Այստեղ կառուցվեց Ղուկաս Ղուկասյանի անվան մշակույթի տունը, որտեղ ծնունդ առան «Հորովել» երգի-պարի անսամբլն ու «Երկրաբանական թանգարանը»:

Երբ կառուցվում էր Քիմիական գործարանը, կազմավորվեց շինարարական կազմակերպություն՝ «Քիմշինը» (քիմիական շինարարություն): Թաղամասն ինքնին դարձավ «Քիմշին», բայց որպեսզի ավելի բարեհունչ լինի մարդիկ ասում էին Քիմշեն: Այստեղ տեղավորված էին ոչ միայն Քիմիական գործարանը, այլև ավտոբուսների պարկը, Ճշգրիտ հաստոցաշինական գործարանը, որը վերջին տարիներին լազերային հաստոցներ էր արտադրում, Տրիկոտաժի արտադրական միավորումը, Մանածագործական ֆաբրիկան: Երբ օրն ավարտվում էր, Բաթումի փողոցով իջնում էին տրիկոտաժի գործարանի աղջիկները, սպիտակ խալաթներն էլ ալարում էին հանել: Այն ժամանակ Բաթումի փողոցը հսկայական ծառեր ուներ: Մենք երեխա էինք, ու այդ փողոցում սպասող փեսացուները մեզ գումար էին տալիս, որ պարսատիկով գիշերային լուսավորության լամպերը ջարդեինք, հանգցնեինք, որ երեկոյան հերթափոխը դուրս գալիս, կարողանային սիրած աղջիկների հետ համբուրվել:

Այդ փողոցը կոչվում էր նաև Սիրահարների փողոց: Բաթումի փողոցին զուգահեռ Նալբանդյան փողոցն էր, որտեղ գտնվում էր Ճշգրիտ հաստոցաշինական գործարանը: Դա էլ փեսացուների փողոցն էր: Երեկոյան հերթափոխը հանձնելիս փեսացուները միշտ Բաթումի փողոցով էին գնում, որ հանդիպեն տրիկոտաժում աշխատող աղջիկներին: Նալբանդյան ու Բաթումի փողոցների միջնամասը կոչվում էր «Էվակոբազա»: Գերմանացի մի ինժենիեր էր նախագծել:

2

Միհարկանի բարաքներ էին՝ երկար միջանցքներով, յուրաքանչյուր բարաքում 20 քմ-ոց 10 սենյակ էր: Հայրենադարձ հայերի համար էին, որ արագ տեղավորվեն: Անկախ նրանից ընտանիքը քանի անդամ ուներ, նույն 20քմ-ոց սենյակն էր հասնում, մարդկանցից շատերը քնում էին գետնի վրա: Երկրաշարժի ժամանակ, ցավոք, ամբողջ «Էվակոբազան» քանդվեց: Քիմգործարանի աշխատողները գործարանից ու պետությունից վարկ վերցրին ու Սուլեյմանի սարի վրա (ասում են Սուլեյմանի դոշ) տներ կառուցեցին: Սուլեյմանը թուրք խաշնարած էր, ով միշտ իջնում էր սարից ու թալանում Ղշլաղ գյուղի հայերին: Հետագայում հայերը դիմել են Վարագ իշխանին, որ իրենց ազատի Սուլեյմանի բարբարոսություններից: Վարագ իշխանը Սուլեյմանի ամբողջ տոհմը կոտորել է, փրկել հայ ժողովրդին թուրքից: Սուլեյմանի դոշի վրա հիմա նախկին քիմիագործները կամ նրանց զավակներն են ապրում: «Էվակոբազայի» հայրենադարձները հետագայում տներ առան «Լագեր» թաղամասում, ու Հայաստանի տարբեր մարզերից մարդիկ եկան «Էվակոբազայում» ապրելու: «Էվակոբազան» հիշեցնում էր փոքրիկ Հայաստանը՝ լոռեցու բարբառ կար, կուռթանեցու բարբառ կար, լենինականցու բարբառ կար… Ամեն օր կռիվ էր՝ լվացքի տեղի, բախչա մտած հավերի համար … Երեկոյան բոլորը խաղաղվում էին, ոչ մի կին չէր ուզում ամուսնու մոտ ցույց տալ, որ իրար մազ են պոկել:

«Էվակոբազան» ուներ իր հերոսները՝ կանտուժիստ Ասատուրը, ով շատ էր սիրում թերթ կարդալ, «շոֆեռ» Մհերը, Բալաբեկը… Այնտեղ չէր թույլատրվում կապրոնի չուլկի հագնել, ասում էին՝ «Դու հո բոզ Հռիփսիկը չես»: Ոչ մի կին ռիսկ չէր անում պուդրա քսել, դա միայն բոզ Հռիփսիկն էր անում: Ոչ ոք չէր համարձակվում սուրճ խմել, ասում էին՝ «դու հո ախպար չես»: Մի օր տղամարդիկ ժողով արեցին, որոշեցին կանանց թույլատրել կապրոն հագնել: «Էվակոբազայում» մի կին կար, ամուսին չուներ, նա իր երեխաներին պահում էր կապրոնի չուլկու հատը հավաքելով: Մտածեցին՝ մեղք է էդ կինը, երեխեք է պահում, թույլատրեցին կանանց կապրոնի չուլկի հագնել, որ հատը գնա, տան էդ կինը հավաքի, երեխեքին պահի:

Մենք ոչ միայն «Ջունգլիներ» ունենք, այլև դրան կպած «Բանգլադեշ»: Գրիշա Քոչարյանն էր աշխղեկը, եկավ ինձ մոտ՝ ասաց անունն ուզում ենք «Բանգլադեշ» դնել: Այդ օրերին Սովետական միությունը պաշտպանում էր բանգլադեշցիներին, որոնք ուզում էին գաղութատիրական լուծը թոթափել, Բանգլադեշի անունը հաճախ էր գրվում թերթերում: Այդպես էլ թաղամասի անունը մնաց Բանգլադեշ, որն  իրականում Ներսիսյան փողոցն է: «Կոնգոն» էլ քանի որ քաղաքից հեռու էր, անունը դրեցին Կոնգո: Դա իրականում 3-րդ մաս թաղամասն է: Երբ գործարան են կառուցում, պարսպից ներս ընկած տարածքը ինժենիերական փաստաթղթերում կոչվում է 1-ին մաս: Զուտ տեխնիկական մեքենա-սարքավորումները գտնվում են 2-րդ մասում: Իսկ այն բանավանը, որը կառուցվում է տվյալ գործարանի բանվորների ապրելու համար, այդ մասը կոչվում է 3-րդ մաս: 3-րդ մասն այդպես կոչվեց, որովհետև այդտեղ էին գտնվում Ջերմաէլեկտրակենտրոնը և Արհեստական մանրաթելերի գործարանը: 3-րդ մասի անունն էլ դրեցին «Կոնգո». դե, էդ օրերին էլ Կոնգոն էր մոդա ընկել, պայքարում էր: «Կոնգոն» ավարտվում է, սկսվում է «Ղշլաղ» գյուղը, որը հետագայում կոչվեց «Ժդանով», ապա մտավ Վանաձորի կազմի մեջ ու կոչվեց «Տավրոս» թաղամաս: Դրանից այն կողմ «Տարոն» թաղամասն է, որը, սակայն, ոչ մի կապ չունի Տարոն աշխարհի հետ:

Տաթևիկ Սարգսյան

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register