ՎԱՆԱՆԴ ԳՅՈւՂԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՈւՍՈւՑՉՈւՀԻՆ

2

Վարդուհի Մարգարյանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրի կամավորներից է: 2016 թվականի սեպտեմբերի մեկից՝  Վանանդ գյուղի դպրոցում հատուկ մանկավարժ ու հոգեբան է: Սեփական կենսափորձով գալով այն համոզման, որ դրական կյանքի հեղափոխությունը սկսում է մեր մտքերից ու ապրելակերպից, Վարդուհին փոքրիկներին սովորեցնում է երազել, պայքարել ու գիտակցել սեփական անձի կարևորությունը:

«Հեղափոխական» մանկավարժը պատմում է գյուղում ապրելու դժվարությունների, մասնագիտական հաջողությունների, գյուղացիների հոգատարության ու ձմերուկի սեզոնի ավարտին անգամ՝ ձմերուկ ունենալու մասին:

Ինչու և ինչպես  սկսվեց

 «Դասավանդիր Հայաստան» ծրագրի հիմնական գաղափարախոսությունը երեխաների մոտ կրթության հավասար պայմանների ստեղծումն է, որը շատ հաճախ գյուղերում խնդիր է՝ մասնագետներ չունենալու պատճառով։ Ծրագիրը հավաքագրում է նպատակասլաց, ձգտում ունեցող, ինքնուրույն, նախաձեռնող, իրենց գաղափարները կիսող մարդկանց: Դիլիջանում վերապատրաստվելուց հետո նրանք ուղարկվում են գյուղեր՝ աշխատելու որպես ուսուցիչներ։ Ես աշխատում եմ որպես հատուկ մանկավարժ և հոգեբան՝ ներառական կրթության սահմաններում, սակայն առնչվում եմ ամբողջ դպրոցի աշակերտների հետ։ «Դասավանդիր Հայաստանի» մասնակիցները նաև պարտադիր կերպով համայնքային ծրագրեր են իրականացնում՝ նպատակ ունենալով դրական փոփոխություն բերել ամբողջ համայնքում։ Իսկ երեխաների հետ, բացի դասավանդելուց՝ իրականացնում ենք առաջնորդության և այլ խմբակներ ։

Ծրագրի մասին իմացա ընկերներիցս մեկից՝ Մանուկ Խաչատրյանից, ով այդ ծրագրով Արմավիրի մարզի Գետաշենի դպրոցում՝ որպես հատուկ մանկավարժ և հոգեբան էր աշխատում: Ծանոթանալով ծրագրի գաղափարախոսությանը, մեջս մեծ ցանկություն առաջացավ դառնալ մասնակից։ Ցանկությունը կապված էր նրա հետ, որ ես ծանոթ էի գյուղական դպրոցների խնդիրներին և ինքս միշտ ցանկացել եմ փոփոխություն իրականացնել այդ ոլորտում։ «ԴասավանդիրՀայաստանը» դարձավ երազանքիս իրականացման ուղին։

1

Առաջին դպրոցական զանգ ու մանկավարժական քայլեր

 Չգիտեի՝ ուր եմ գնալու, ինչպիսի միջավայր է լինելու, ինչպիսինն է լինելու դպրոցի տնօրենը, երեխաները ոնց կդիմավորեն։ Ինձ հետ էր նաև ծրագրի մեկ այլ մասնակից՝ Նարե Ղազարյանը, ով պետք է դպրոցում անգլերեն դասավանդեր, դրա համար վիճակս շատ բարդ չէր թվում։ Առաջին պահից սկսած՝ դպրոց ոտք դնելուն պես, բոլոր մտավախություններս վերացան։ Դպրոցը շատ գեղեցիկ էր (ես սպասում էի, որ հանդիպելու եմ կիսաքանդված, տանիքից ջուր կաթող մի կառույցի)։ Դպրոցի տնօրենը և անձնակազմը շատ ջերմ դիմավորեցին, ծանոթացրին դպրոցի գրված և չգրված օրենքներին։ Երեխաները դիմավորեցին ազգագրական երգ ու պարով. միջոցառման էին պատրաստվում։ Փոքրիկներին խնդրեցինք, որ մեզ էլ սովորեցնեն պարել, և այդպես ստեղծվեց մեր առաջին կոնտակտը երեխաների հետ։ Ես վախենում էի, որ չեմ կարողանալու հիշել երեխաների անունները, ու դրանով իրենց կվիրավորեմ։ Սակայն երեք անգամից սովորեցի:

Ամեն ինչ բարեհաջող էր ու այլևս վախեր չկային։ Այնքան էինք ոգևորված դպրոցով և երեխաներով, որ մեզ  անգամ չէր հուզում այն փաստը, որ գյուղում  թունավոր օձեր և կարիճներ կային։ Գյուղի տանը ջուր չունեինք՝ հարևանի տնից էինք բերում: Գլուխ լվանալը և լողանալը մի բարդ արարողություն էր, բայց այդ ամեն ինչը մեզ չէր հուզում ու անհանգստացնում։ Ես և գործընկերուհիս՝ ընկեր Ղազարյանը, արագ սովորեցինք իրար: Միասին կիսելով դժվարությունները դրանք դարձնում էինք արկած ու հումոր: Մեկս մյուսին ուժ տալով, խնդիրները հումորի վերածելով ապրում էինք։ Հետո մտանք արդեն գյուղի առօրյայի մեջ, ու ամեն դժվարություն դարձավ սովորական մի բան. պարզապես առօրյա։ Հաճելի պահերից էր, երբ գյուղացիներից նվերներ էինք ստանում՝ մրգերի ու բանջարեղենի տեսքով: Ձմերուկի սեզոնը վերջացել էր, բայց մենք դեռ ձմերուկ ունեինք։

Երեխաների հետ աշխատանքը և՛ դժվար է, և՛ հեշտ, և՜ հետաքրքիր, և՛ շատ պատասխանատու

 Աշխատանքը դժվար է նրանով, որ պետք է կարողանաս նրանց պահանջմունքները բավարարել, կարողանաս ամեն մեկի  լեզուն հասկանալ և իր լեզվով հաղորդակցվել, որպեսզի վստահություն ձեռք բերես։ Պետք է ճկուն լինես ու անընդհատ ստեղծագործես՝ գտնելով հնարներ նրանց մոտիվացնելու, ասելիքդ տեղ հասցնելու։ Հեշտ է, որովհետև դեռևս շատ կարծրացած չեն ու ճկուն են։ Հետաքրքիր է, որովհետև հաճախ նրանք նկատում են այնպիսի բան, որ ինքդ երբևէ չէիր նկատի, պատասխանատու է այնքանով, որ նրանք ամեն միտքդ իրենցով են անում, ու պետք է հնարավորինս ճիշտ մոտեցում ցուցաբերես։ Ես աշխատում եմ ներառական կրթության մեջ ներառված՝ 1-ինից մինչև 8-րդ դասարանի աշակերտների հետ, սակայն ինչպես արդեն նշեցի, առնչվում եմ բոլոր երեխաների հետ՝ մինչև 12-րդ դասարան։ Ամեն տարիք ունի իր առանձնահատկություններըն ու իր մոտեցման ձևերը, սակայն մի բան կա, որ բոլորի հետ աշխատանքում պետք է լինի: Դա սերն է իրենց նկատմամբ ու հարգանքը։ Երեխային եթե սիրեցիր ու հարգեցիր, ամեն ինչ ավելի հեշտանում է, քո աշխատանքն արդյունավետ է լինում:

Երազանք չունեցող երեխաները

 Սկզբնական շրջանում երեխաների հետ աշխատանքում ինձ շատ կոտրում էր այն, որ նրանցից շատերը չունեին երազանքներ, չունեին ձգտումներ, չէին հավատում, որ իրենք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, որ իրենք էլ կարող են հասնել հաջողությունների։ Կոտրում էր այն, որ կրթությունը շատերի համար ոչ մի բան էր, անիմաստ ժամանակի կորուստ։ Հետո այդ հոգեվիճակը անցավ, երբ հասկացա, որ դա իրականում նորմալ է, որովհետև այլընտրանք չեն ունեցել։ Հասկացա, որ այդ այլընտրանք առաջարկողներից մեկն էլ ինքներս ենք, ու որ ես հենց դրա համար եմ հասել գյուղ։

Երեխաները՝ ապագայի հոմանիշ

Երեխաների հետ աշխատանքում կա ապագայի նկատմամբ հույս, հավատ։ Նրանց կերտելով դու կերտում ես ապագան, քեզ լավ ես զգում, որ դու էլ քո ներդրումն ունես այդ կերտման մեջ։ Ի տարբերություն մեծերի, երեխաները ավելի բաց են նորի նկատմամբ, ավելի ճկուն են, բայց միևնույն ժամանակ` խոցելի։ Ի տարբերություն մեծերի հետ աշխատանքի, երեխաների հետ սկսում ես աշխարհին նայել այլ աչքերով, սկսում ես նկատել ցանկացած մանրուք։ Օրինակ մի դեպք պատմեմ, որ տեղի է ունեցել ընկեր Ղազարյանի ժամին, որը երկուսիս շատ մտածելու տեղիք տվեց։ Ընկեր Ղազարյանը աշակերտներից մեկին ասել է՝ քաղցրս «երկուս» ես ստանում։ Աշակերտներից մեկը ասել է՝ ինչ լավա, համ քաղցրս, համ էլ՝ երկու։

Այս օրինակից հասկանում ես, թե ինչքան նրբանկատ են երեխաները ու թե ինչպես քո մեկ լավ բառով կարող ես սովորեցնել, որ «երկուսը» իր անձի հետ կապ չունի, այլ ընդամենը իր կատարած աշխատանքի թերացումն է։ Նման օրինակները շատ են։

Ամեն երեխայի փոքրիկ ձեռքբերումները մեր կյանքը իմաստավորում են ու լցնում դրական էներգիայով։

Հոգեբանության «գյուղական» կարծրատիպը

Ի զարմանս ինձ,գյուղում հոգեբանի մասին ունեին դրական պատկերացում, որը հեշտացնում էր իմ աշխատանքը։ Շատ ծնողներ իրենք էին խնդրում, որ աշխատեմ իրենց երեխաների հետ։ Նույնիսկ կային մեծահասակներ, ովքեր ցանկանում էին  որ իրենց հետ աշխատեմ։Սկզբում, իհարկե, բոլորին մի հարց էր տանջում, թե ինչն է մեզ ստիպել հասնել իրենց գյուղ։Եվ երբ իմացան, որ մենք, աշխատանք ունենալով, Երևանի կյանքը թողել ու գնացել ենք իրենց գյուղ, սկսեցին գնահատել իրենց ունեցածը։ Երեխաները, երբ նկատեցին, թե ինչ ոգևորությամբ ենք խոսում իրենց գյուղի մասին, իրենց ունեցածի մասին, իրենք էլ սկսեցին նկատել գյուղի դրական կողմերը։

Առաջին օրերին ու հիմա երեխաների մոտ տարբերությունն ակնհայտ է։ Բոլորը չէ, բայց շատերը սկսել են երազել, հավատալ իրենց ուժերին ու հնարավորություններին։ Սովորել են իրենց կարծիքն ու տեսակետն արտահայտել։Հասկացելեն, որ հաջողությունները օդից չեն ընկնում ու թե ինչ քայլեր են պետք իրենց ուզածին հասնելու համար։

Իհարկե դժվար աշխատանք է, որովհետև ամեն վայրկյան կարող է հայտնվել մեկը, ով աշխատանքդ ջուրը կլցնի ու դու անընդհատ պետք է աշխատես երեխային ուժեղացնելու և ռեսուրսներ տալու վրա, մինչև որ ինքնուրույն կարողանա հաղթահարել այդ խոչընդոտները։ Երեխաների հետ աշխատանքում կարևորը չհուսահատվելն է։ Ես մեծ ձեռքբերումներից եմ համարում համայնքի՝ոչ դպրոցական երիտասարդների ցանկությունը՝ մեր սեմինարներին ներկա գտնվելու, հարցեր ունենալու դեպքում մեզ դիմելու ձգտումը։ Դա նշանակում է, որ մեզ վստահում են ու պատրաստ են սովորելու, նորը վերցնելու, կիսվելու իրենց փորձով ու դժվարություններով։

Ինչի՞ համար

 Վանանդ հասնելու առաջին մոտիվացիաս երեխաների հետ փորձովս կիսվելն է, նրանց սովորեցնելը այն, ինչ ինքս սովորել եմ, նրանց ռեսուրսներ և այլընտրանք տալը։ Քաղաքում շատ մարդիկ կան, որ կարող են երեխաների համար դա անել, բայց գյուղում՝ ոչ։ Գյուղերում այլընտրանքը քիչ է։Ես ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան, որ հաջողության կարող ես հասնելցանկացած տեղ։Գյուղերում կարծրատիպերն ավելի շատ են, երեխաների ինքնուրույնությունը քիչ է,  հիմնականում թերահավատ են իրենց ուժերի նկատմամբ, իսկ այդ ամենը փոխելու համար պետք է կրթես երեխաներին։

Կյանքս իմաստ է ստանում, երբ գոնե մի երեխայի կարողանում եմ օգտակար լինել։ Բացի երեխաներին գիտելիք տալուց, ես նրանցից շատ բան սովորում ու վերցնում եմ։ Չգիտեմ՝ ծրագրից հետո ( 2 տարի է տևողությունը) կշարունակեմ աշխատել գյուղում, թե՝ ոչ, բայց հաստատ գիտեմ, որ կապը միշտ պահելու եմ ու պարբերաբար հանդիպելու եմ աշակերտներիս հետ։

 

Սյունե Սևադա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register