7 ՀԱՐՑ. ՎԱՀԵ ԲՈւԴՈւՄՅԱՆ

1

Խորագրի հյուրն է արվեստագետ, «Մեդիալաբ» կրթական նախագծի ղեկավար Վահե Բուդումյանը:

 – Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Շատ կուզենայի,որ Հայաստանում քաղաքային տարածքներն ավելի կազմակերպված լինեին, ինչը կնշանակեր ավելի շատ կանաչ տարածքներ, ավելի մարդակենտրոն, ոչ թե՝ ավտոմեքենակենտրոն: Լինեին ավելի շատ հեծանվորդներ, հեծանվային ճանապարհներ:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Գուցե ամենահրատապ հարցը չէ, բայց ինձ շատ են նյարդայնացնում կանգառների էլեկտրոնային ցուցատախտակները, որն, ըստ իս, քաղաքապետարանի ամենամեծ ձախողումներից  է: Որևէ մեկը չի աշխատում, բացի այդ այնպես է տեղադրված, որ չես տեսնում ավտոբուսի, երթուղայինի համարը: Մեզ մոտ հետիոտնային տարածքները, ասես, երրորդական, չորրորդական նշանակության տեղեր լինեն: Կարծեմ՝ Վարդան Ազատյանն էր ասում, որ մեզ մոտ ազատ տարածքների կարևորության ընկալումը չկա: Ազատ տարածքը, օրինակ՝ մայթը, համարվում է դատարկ տարածք, որտեղ պետք է կառուցես սրճարան կամ այլ բան: Նաև նյարդայնացնում են մայթերին կայանող մեքենաները:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Հայրենադարձությունը հստակ ծրագիր է: Այս պահին չեմ պատեկերացնում, որ հայրենադարձությունը հնարավոր է: Կարևոր է արտագաղթի կասեցումը, որի համար հստակ մեկ քայլ եմ պատկերացնում՝ տնտեսական բարելավումը:

– Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Ստեփան Շահումյանի կերպարը, ներդրումն ու  նշանակությունը՝ որպես քաղաքական գործիչ, մեծապես  թերագնահատված է: Նա ինչ-որ առումով, իհարկե, ազգային գործիչ էր, բայց ձգտում էր համաշխարհային կոմունիզմի: Շատ սիրում, հիանում եմ Մոնթե Մելքոնյանով: Շատ քչերն են հիշում, որ նա հայրենադարձ է, ինչը շատ կարևոր է նրան հասկանալու համար: Որպես լուսավոր կերպար կնշեի Մեսրոպ Մաշտոցին՝ իր կատարած շրջադարձային գործի համար:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Պատմությունը պատմական անհրաժեշտության տարր է պարունակում. եթե մի բան տեղի է ունենում, ուրեմն՝ պետք է լիներ, հատկապես երբ հետհայաց ես նայում: Կուզեի Ղարաբաղի խնդիրը չլիներ, լիներ խաղաղ լուծում և հնարավորինս շուտ, բայց շատ հեշտ է նման բան ասելը, գուցե նաև՝ ցինիկ:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Ինձ մշտապես զարմացնում են մարդիկ: Այն գործունեությունը, որ ծավալում եմ «Մեդիալաբում», լավ առիթ է նոր մարդկանց հանդիպելու: Ամեն անգամ զարմանում եմ, թե ինչպիսի երիտասարդներ կան: Լավ իմաստով եմ զարմանում: Կամ հայրենադարձները, որ թողել են իրենց կոմֆորտը և եկել են Հայաստան:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Ձախողումներից խրատներ քաղելը: Կարևորը ամեն անգամ հաղթելն ու 100 տոկոսանոց արդյունք ունենալը չէ, այլ՝ առաջընթացը: Նաև շատ նորմալ է, երբ մի բան անում ես ու չի ստացվում: Իսկ ամենակարևորը սովորելու կարողությունն է…

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register