ՈՒԶԱԾ ՆՈՐԸ՝ ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է

15

Շարունակում եք մտածել նիհարելու, մարզվելու, արագ տեղաշարժվելու, թռչելու զգացում ունենալու, շրջակա միջավայրին վնաս չտալու, խցանումներից  և պետավտոտեսուչներից  խուսանավելու, բենզինի, ուղեվարձի և ապահովագրության համար չվճարելու, միով բանիվ`  հեծանիվ հորինելու մասի՞ն, ուրեմն դուք խորին մոլորության մեջ եք: Բանից պարզվում է, սիրելիներս, ոչ թե հեծանիվ հորինել, այլ ուղղակի՝ վարել է պետք: Այս երկանիվն է այն եզակի փոխադրամիջոցը, որը տալիս է վերոշարադրյալ խնդիրներից առավելագույնս  հեշտ պրծնելու, մերօրյա տերմինաբանությամբ՝ «փաթեթային » պատասխանը:

Իսկ հնարավո՞ր է արդյոք  զբոսայգիներից, մայթերից և «Ազատության» հրապարակից  բացի որևէ այլ տեղ հեծանիվ վարել: Ի դեպ վարել՝ ոչ միայն հաճույքի համար: Անկասկած  հնարավոր է, ավելին` փորձված է: Մեզ մոտ էլ կան բազմաթիվ մարդիկ, ում համար հեծանիվը, ինչպես Օստապ Իբրահիմովիչ Բենդեր Բեյ Զադունայսկին կասեր, ոչ թե շռայլություն է, այլ փոխադրամիջոց: Ու որ շատ ուրախալի է, նման մտածելակերպ ունեցողների թիվը Հայաստանում տարեցտարի աճում է:  Այդ փաստը, սակայն,  ավտոմեքենաների վարորդներին անասելի նյարդայնացնում է: Նրանք ընդվզում են, ամենևին ցանկություն չդրսևորելով իրենց  «կենսատարածքը» կիսել «անկոչ» երկանիվների հետ: Սակայն անկախ ամեն ինչից, հեծանվային մշակույթը Հայաստանում գնալով զարգանում է: Այս հարցում իր նշանակալի ավանդն ունի նաև հեծանվասերների «Velo Club» (veloclub.am) ակումբը: «Ճամփորդը» հեծանիվին վերաբերող ամենատարբեր հարցեր է քննարկել ակումբի հիմնադիրներից մեկի՝ Վոլֆ Ալեքսանյանի հետ:

 

Հեծանիվը մտնում է Հայաստան

16

 

– «Velo Club»-ն իրապես սկսել է գործել 2015 թվականից: Ակումբի հիմնադիրները ես և Էմիլ Ասատրյանն ենք: Առաջին  իսկ ամիսներից մեկտեղելով մեր ուժերը, մենք անցանք գործի: Ճիշտ է, ֆինանսական միջոցներ չունեինք, բայց մեզ հետ էին հեծանվասեր մեր ընկերները: Շատերն առաջարկեցին իրենց  օգնությունը. թարգմանություն, տեխնիկական լուծումներ: Այդպես էլ ստեղծեցինք հեծանվային բովանդակությամբ Հայաստանում  գործող առաջին  առցանց հարթակը, որն այս պահին, վստահաբար կարող եմ ասել, առաջատար դիրք է զբաղեցնում: Գոյության 6-7 ամիսների ընթացքում կայքի այցելուների քանակը  գերազանցել է 45 հազարը:  «Velo Club»-ի խնդիրը՝ վստահելի, աշխատող այնպիսի համակարգի ձևավորումն է, որի շնորհիվ հայաստանաբնակ ցանկացած մարդ կարող է պարբերաբար մասնակցել հեծանվային անվճար վարժանքների, արշավների, ինչպես նաև  կարող է ծանոթանալ  հեծանիվի վերաբերյալ մշտապես թարմացվող հայերեն նյութերի: Այլ կերպ՝ «Velo Club»-ի հիմնական նպատակը Հայաստանում հեծանվային  մշակույթի տարածումն ու որակական փոփոխությունն է:

– Մեզ մոտ հիմնականում Երևանի կենտրոնում են հեծանիվ վարում, մինչդեռ հեծանվորդը կարող է հասնել մինչև Բաթումի, Ղրիմ, ինչու չէ՝ Մոսկվա, ինչպես ասենք՝ ես և Էմիլը: Տեղեկանալով մեր ակումբակիցների արկածների մասին, շատերն են ոգևորվել ու սկսել նոր տեսանկյունից նայել հեծանիվին:

veloclub.am կայքի բլոգում կարելի է գտնել որակյալ  թարգմանություններ՝ համապատասխան հագուստ կրելու, հեծանիվի ոտնակների, ձմռանը վարելու, նիհարելու, հեծանիվի նստարանի և շատ այլ թեմաների մասին: Ի վերջո, եթե որևէ մեկը չի գտնում իրեն հետաքրքրող հարցի պատասխանը, միշտ կարող է ֆորումում այդ հարցը հնչեցնել կամ անմիջականորեն մեզանից ստանալ դրա պատասխանը: «Velo Club»-ը բաց է մարդկանց համար: Իհարկե, մենք էլ ունենք մեր սկզբունքները և օրինակ՝ երբեք չենք հանդուրժի, եթե որևէ մեկը գարեջուրը ձեռքին հեծանիվ վարի մեր արշավների ժամանակ: Սաղավարտի առումով մենք միշտ ասել ենք, որ շատ ցանկալի է ունենալ, բայց չենք կարող պարտադրել, որ արշավների մասնակիցները բոլորը  սաղավարտ կրեն: Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրում, իսկ մնացածն արդեն մասնակցի հայեցողությանն է մնում: Անձամբ ես մեկ անգամ փրկվել եմ սաղավարտի շնորհիվ՝ դեպի Ղրիմ  ճանապարհորդության ժամանակ:

 

Երևանում վարելը դժվար է

14

– Քաղաքում հեծանիվ վարելու համար պարտավոր ես տեղյակ լինել ավտոմեքենա վարելու կանոններին:  Անհրաժեշտ է կարմիր լույսի դեպքում կանգնել, նշանները ճանաչել, գիտենալ, որ օրինակ այս կամ այն խաչմերուկից  ավտոմեքենաները կարող են նաև ձախ թեքվել, այդ իսկ պատճառով հեծանվորդն իրավունք չունի փամփուշտի նման սլանալ այդ ուղղությամբ: Շատ կարևոր է ուշադիր լինել  նաև կայանած մեքենաների հանդեպ: Փողոցի աջ կողմով վարող հեծանվորդին կարող է հարվածել ավտոմեքենայի  անզգույշ բացված  դուռը:

Հարկավոր է կասկածամիտ լինել հայ վարորդի նկատմամբ և հավատ չընծայել անգամ՝ ավտոմեքենայի միացրած թարթիչներին: Պետք է զգուշանալ, քանի որ շատ հաճախ մեքենայի վարորդները թարթիչները սխալ են միացնում, կամ էլ նախապես որոշած տեղից այդպես էլ չեն թեքվում: Հեծանվորդը չպետք է դա հիմք ընդունի և կտրուկ որոշում կայացնի: Սխալ է նաև ականջակալներով  հեծանիվ վարելը: Շատերը սակայն՝ առանց երաժշտության պարզապես չեն կարող վարել: Գիշերային ժամերին վարելու համար հեծանիվը կամ վարողի հագուստը անպայման պետք է արտացոլիչներ ունենա: Հեծանիվի վրա պետք է տեղադրված լինի լուսարձակ լապտեր: Սկսնակ հեծանվորդի համար լրջագույն խնդիր է ավտոմեքենաների վարորդների ագրեսիվ պահվածքը՝ ազդանշանը, բղավոցը. դրանք վտանգավոր են հեծանվորդի համար: Լինում են նաև դեպքեր, երբ վարորդների զայրույթը լիովին արդարացված է: Որպես կանոն դա հետևում է նրան, երբ անկարգապահ հեծանվորդները ներխուժելով երկրորդ և երրորդ գիծ՝ դրսևորում են անկանխատեսելի վարք:  Վոլֆ Ալեքսանյանն այնքան էլ վստահ չէ, որ մոտ ապագայում Հայաստանում հեծանվային երթուղիներ կկառուցվեն: Մինդեռ Երևանը նա համարում է հեծանվային քաղաք:                                                                                                                    

– Ավան, Նորքի Զանգված, Մոնումենտ թաղամասերից դեպի կենտրոն և հակառակ ճանապարհները հաղթահարելը մեծ դժվարություն չէ: Մյուս կողմից՝ սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հետ ունենք նախագիծ, որի իրագործման դեպքում դեպի բարձրադիր թաղամասեր գնացող հանրային ավտոբուսները հետնամասում կունենան հեծանիվ տեղադրելու հարմարանք: Նախագծել ենք նաև տեսքը, սակայն այդ գաղափարը  կյանքի կոչելը կախված է հանրային տրանսպորտը տնօրինող մասնավոր ընկերությունների հայեցողությունից: Ինչ վերաբերում է մետրոյին, ապա թույլատրվում է հեծանիվը տեղափոխել մետրոյով, սակայն դրա դիմաց գումար են վերցնում: Այժմ մենք բանակցում ենք մետրոպոլիտենի տնօրինության հետ, որպեսզի հավելյալ գումար չգանձվի:

Աշնանն ու ձմռանը իսկապես հնարավոր է հեծանիվ վարել: Անձամբ ես, ինչպես նաև ինձ նման մի քանի տասնյակ մարդ ձմռանը հեծանիվ են վարում: veloclub.am-ում ունենք հոդվածներ՝ «Ինչու՞ ձմռանը վարել հեծանիվ» և «Հեծանվավազքը ձմռանը. ի՞նչ հագնել և ինչով զինվել»: Համառոտ կարող եմ ասել, որ ձմռան համար նախատեսված անվադողեր պետք  է կիրառել: Գոյություն ունեն նաև անձրևային եղանակի համար նախատեսված անվադողեր:

 

Քաղաքից դուրս

17

 

Սկսնակ հեծանվորդների համար լավագույն արշավը Երևան – Էջմիածին երթուղին է: Ճանապարհը բավական հարթ է, մայրուղին՝ լայն, նաև տարածությունն է կարճ՝ մոտ 20 կմ: Այնուհետ կարելի է Էջմիածնից քշել Մեծամոր, Սարդարապատ կամ Երասխ: Երևանից Երասխ մոտ 60 կմ ուղիղ, հարթ արշավուղի է, և այդ ուղղությամբ բազմաթիվ պրոֆեսիոնալ հեծանվորդներ են մարզումներ անցկացնում: Արշավների համար հեծանվորդները հաճախ  օգտվում են գնացքից: Անցյալ տարի «Velo Club»-ն արշավել է դեպի Մեղրաձոր, ռեկորդային քանակի՝ 80 հեծանվորդով: Տարածքի մի մասը նրանք անցել են գնացքով,իսկ Մեղրաձորից  հետդարձը կատարել հեծանվով:  

 

Ինչ է իզոտոնիկը

 

– Արշավի մեկնող հեծանվորդը անպայման պետք է ունենա ջուր կամ իզոտոնիկ: Պատկերավոր ասած՝ դա այն է, ինչը ֆուտբոլային խաղի դադարների ժամանակ խմում են դեղին շշերից: Իզոտոնիկ ըմպելիքները մկանների սնուցման լավ միջոց են, պարունակում են ածխաջրեր: Դրանք կարելի է գնել խանութից կամ պատրաստել տնային պայմաններում: Կարևորությամբ երկրորդ տեղում՝ փոքր դեղարկղն է:

Թե ինչ գործիքներ և տեխնիկական միջոցներ է հարկավոր ունենալ արշավի մեկնելու համար, ուղղակիորեն կախված է հեծանիվի որակից: Եթե քիչ թե շատ նորմալ (ներկայիս շուկայական գներով 180.000  և ավելի դրամ արժողությամբ) հեծանիվ ունես, ապա այդ դեպքում բավական է վերցնել վեցանկյուն պտուտակաբանալիների հավաքածու: Նաև անիվի կարկատաններ, որպեսզի ծակվելու դեպքում հեշտությամբ վերանորոգես: Եթե մարդը անիվ վերանորոգել չգիտի, միայնակ արշավի չպետք է մեկնի: Իրականում դա շատ հեշտ և արագ կարելի է սովորել: Մեր կայքում կա նաև ուսուցողական տեսանյութ այս թեմայով:

 

Ինչ հեծանիվ ընտրել

 

Վոլֆ Ալեքսանյանն այն համոզմանն է, որ Հայաստանում վարելու ամենահարմար հեծանիվը լեռնային «Hard Tail XC Bike»-ն է, որն ունի առաջնային հարվածամեղմիչ (амортизатор): Կան իսկապես թանկարժեք հեծանիվներ (1000 և ավելի ԱՄՆ դոլար արժողությամբ), որոնք  ունեն նաև հրաշալի աշխատող երկրորդ հարվածամեղմիչը, իսկ ավելի էժանների դեպքում այն անիմաստ է:

Ընդհանրապես Հայաստանի խանութներում հեծանիվների գները աննկարագրելիորեն թանկ են. ավելի լավ է գնել օգտագործված, բայց լավ խնամված հեծանիվ:                                                    

 

Գարեգին Ալեքսանյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register