ՈւՍՈՒՑՉԻ Ու ԴԱՍԱՏՈւԻ ՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆԸ

Հայաստանում ամենից շատ փոփոխության ենթարկվող համակարգը երևի թե կրթությանն է, հանրակրթությանը՝ հատկապես: Խուսափում եմ «բարեփոխում» տանջված բառից, քանի որ բոլոր փոփոխությունները չէ, որ բարի ավարտ ու արդյունք են ունենում: Հարմար կլինի կիրառել նաև «փորձարկում» բառը: Լավ ավարտը, սակայն, այս դեպքում էլ երաշխիքային փաթեթի մեջ չի մտնում:
Եվ ինչ ունենք այսօր. չինովնիկերեն ասած՝ որպես կենդանի օրգանիզմ անընդհատ աճող ու արդիականացող համակարգ, իրականում արդյունավետությունից կաղացող ու ինքզինքը չգտած մի հսկա ինստիտուտ, որի առանցքային մարդու` ուսուցչի տոնը սիրով նշում ենք տարին մեկ անգամ: Երախտիքի խոսքեր չխնայեցինք, սեր ու ջերմություն՝ նույնպես, սակայն շատերս խոհեր ունեցանք այս փոփոխական համակարգում պարզերես անող ուսուցիչների և պարզապես դասատուների մասին:
Ներսի ու դրսի փորձագետների դիտարկմամբ, կրթության ոլորտը կոռումպացվածներից մեկն է: Մեծ խաղերին տեղյակ չեմ, սակայն ուզում եմ չափազանց մանր թվացող, բայց իրականում կարևոր տեղ զբաղեցնող երևույթի մասին խոսել, որի անունը ինչ ուզեք` դրեք: Եվ սա կապ ունի «ուսուցիչ» ու «դասատու» որակումների հետ: Ուսուցիչը, բուհական թե դպրոցական, անընդհատ սովորում ու տալիս է, սովորեցնում է սովորել, մտածել, տրամաբանել ինքնակրթվել, ստեղծարար լինել: Եվ այսպես շարունակ:
Ինչ է անում դասատուն. զանգից զանգ դասաժամերը հոսքագծային զբաղմունք դարձրած, ստաժ է հավաքում և ճարպիկ լինելու դեպքում դրանք եկամտաբեր դարձնում, կամ այնպես անում, որ այդ մասին հոգում են ֆայմով ծնողները:Դպրոցների ստվերային լավ կամ վատ կառույցներից են այսպես կոչված ծնողկոմիտեները, որոնք տոնից տոն ու առիթից առիթ դրամահավաք առաքելություն են իրականացնում:
Տեխնիկատնտեսականը թողնենք մի կողմ, չնայած էլի կարևոր են, խոսենք ուսուցիչներին ուղղվող դրամահավաքների մասին: Իմ իմացած լավագույն ուսուցիչները հաճույքով տարին մեկ-երկու անգամ` սեպտեմբերի մեկին ու մասնագիտական տոնին համեստ ծաղկեփունջ են նվեր ընդունում կամ օգտակար գիրք` ամբողջ դասարանի կողմից: Դասատուների մոտ այլ է. նրանք ծանրակշիռ ու թանկ նվերներ են ստանում, որովհետև ծնողկոմիտեն եթե անգամ քնում է, ապա միայն բաց աչքերով:
Գիտեն` ում ինչ ու ինչքան է պետք: Լավ, տոնական նվերները ոսկեղենի, աման-չամանի ու ծրարի տեսքով համարյա արդեն ժանրային կլասիկա են: Բայց դրամահավաքը դրանով չի ավարտվում: Պարզվում է դասատուներին պետք է վճարել նաև երեխային լավ նայելու համար: Լավ նայելու, լավ աչքով, բարի աչքով ու բարձր գնահատականի տեսքով: Ինչո՞ւ են վճարում իրենց երեխայի ապագան խորտակելու համար: Պսևդո- գերազանցիկի թուղթը բնավ երեխային պետք չէ, բայց դրա վնասը հենց նա է քաշում իր խեղված հոգեբանությամբ ու կյանքին գլխանց պարտված կարգավիճակով: Սրանք լուրջ հարցեր են, որովհետև կրթության բարեփոխիչ շատ հայրեր սպասում են, որ սովետի սերունդը փոխվի ու ամեն ինչ ընկնի տեղը: Չի ընկնի, քանի դեռ ծնողն իր ձեռքով իր երեխուն դատապարտում է կեղծիքի:
Մտածենք, խորը շունչ քաշենք ու բարի հիշենք մեր կյանքի ուսուցիչներին: Նրանք, բարեբախտաբար կան մեր կողքին ու բարեբախտություն է, որ նրանք երբեք չեն տրվում բարեփոխ և այլ «իչ»-երով հոսքագծերին:
Սյունե Սևադա