ՈւՇԱՀԱՅՏ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ. ԹՈՔԱԲՈՐԲ

1

Թոքաբորբն անասելի լուրջ և զգոնություն պահանջող հիվանդություն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այն աշխարհի 10 ամենամահաբեր հիվանդությունների ցանկում է: Նոյեմբերի 12-ը թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրն էր: «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի և «Մեդլայն» բժշկական կենտրոնի թոքաբան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 4 ամբիոնի ասիստենտ Իրինա Խաչատրյանի հետ «Ճամփորդի» զրույցը՝ հիվանդության կանխարգելման և բուժման մասին է:

Irina-Khachatryan---Bjisjk-1-

Տեսակները

Թոքաբորբով հիվանդանալու բազում ձևերն են բժիշկներին հարկադրում հստակորեն պարզել՝ հիվանդությունը վիրուսայի՞ն, բակտերիա՞լ, թե՞ սնկային բնույթի է: Արդյունավետ բուժման համար մենք պետք է հասկանանք պատճառները: Թոքաբորբը վարակի՞չ է, թե՞ ոչ: Հիվանդությունն ինքը՝ չի տարածվում կամ փոխանցվում, տարածվում է հիվանդության էթոլոգիան՝ պատճառը (օրինակ՝ բակտերիալ): Թոքաբորբը օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում, սակայն որոշակի հեռավորության վրա, ասենք՝ շատ մոտ խոսելուց, համբուրվելուց կարող է փոխանցվել տվյալ տեսակի մանրէն, որը սակայն դեռ միանշանակ չի նշանակում թոքաբորբ երկրորդ կողմի համար: Թե ինչ վարք կդրսևորի այս կամ այն վիրուսը օրգանիզմում դժվար է կանխատեսելը: Խորը իմունոդեպրեսիա ունեցող մարդկանց մոտ առաջանում է սնկային թոքաբորբ: Որպես կանոն թոքաբորբի այդ տեսակն առաջանում է երկարատև օնկոլոգիական հիվանդության, ծանր, չկոմպենսացված շաքարային դիաբետի, ՁԻԱՀ-ի ու նմանատիպ այլ հիվանդությունների ժամանակ:

Ախտանիշները

Հազ, խորխարտադրություն, ջերմություն (որոշ դեպքերում՝ բարձր ջերմություն) և թուլություն: Սրանք են այն առաջին ազդակները, որ պետք է ստիպեն հիվանդին դիմել բժշկի: Ցավոք սրտի՝ լինում են դեպքեր, երբ հիվանդությունը կլինիկորեն չի դրսևորվում:

«Գաղտնի շրջան»

«Գաղտնի թոքաբորբ» միանշանակ գոյություն չունի: Կա չախտորոշված, բժշկին ուշ դիմած իրավիճակ: «Գաղտնի» թոքաբորբ, քրոնիկ թոքաբորբ… նման հասկացություններ բժշկության մեջ պարզապես գոյություն չունեն: Ցանկալի կլիներ, որ մեր հասարակության մտածելակերպից իսպառ վերանային այս հասկացությունները:

Խոցելի խմբեր և կանխարգելում

Երեխաները, ծերերը, հղիները, իմունոդեպրեսիայի քրոնիկ ֆոն ունեցողներն ու քրոնիկ հիվանդությամբ տառապողները հիմնական խոցելի խմբերից են: Ինչպես գրիպի, այնպես էլ թոքաբորբի դեմ կա պատվաստում: Թոքաբորբի ամենատարածված, ամենահայտնի մանրէն պնևմոկոկն է: Ունենք պնևմոկոկային պատվաստանյութ, որի պատվաստումը մարդը պետք է ստանա ամեն տարի: Այո, գուցե երեխան պատվաստումից հետո կարճ ժամանակ ջերմի, սակայն պաշտպանված կլինի վտանգավոր մանրէից: Ի դեպ, այստեղ շատ կարևոր է հասկանալը, որ պատվաստումն իրականացվում է կոնկրետ հարուցիչի, այլ ոչ թե թոքաբորբի բոլոր տեսակների դեմ: Եթե ներկայացնենք գրիպի դեմ պատվաստման օրինակով՝ ավելի պարզ կլինի: Գրիպի պատվաստանյութ կոչվածը, որն այժմ տարածված է մեր երկրում, մեզ չի պաշտպանում գրիպի հասարակ վիրուսից: Այն նախատեսված է ՝ «H1 N1», «հոնկոնգյան վիրուս» և «H1 N3» ամենավտանգավոր տեսակների դեմ: Առաջին նշանների ի հայտ գալուց հետո անպայման պետք է դիմել բժշկի: Ավելի հեշտ է հիվանդությունը բուժել սկզբնական շրջանում, քան ուշ փուլում, երբ անցնում ենք հակաբակտերիալ թերապիայի, ինչը մեր օրգանիզմը ավելի ծանր է տանում:

Բուժում

Եթե ունենք իզոլացված վիրուսային թոքաբորբ, ինչը քիչ հավանական է, ապա հակաբակտերիալ միջոցներն իմաստ չունեն: Սնկային թոքաբորբի ժամանակ անհրաժեշտ է օգտագործել հակասնկային միջոցներ: Ամեն դեպքում, մենք հիմնականում բախվում ենք բակտերիալ թոքաբորբին, և հարկավոր է լինում հակաբիոտիկային բուժում:

Հակաբիոտիկների չարաշահումը

Ցավոք սրտի, մեր երկրում հակաբակտերիալ թերապիան շատ խմբերի դեպքում իրեն սպառել է, որովհետև մարդիկ առանց բժշկի ցուցման, հարևանի կամ դեղատան աշխատողի խորհրդով ՝դեղատնից ձեռք են բերում իրենց ուզած հակաբիոտիկը: Դրանք շատ դեպքերում պարզապես անարդյունավետ են, քանի որ տեղի և անտեղի այնքան հաճախ են օգտագործվում, որ օրգանիզմում առաջանում են դեղորայքակայուն բակտերիալ «կաղապարներ»: Ամեն հաջորդ օգտագործելուց հակաբիոտիկի ազդեցությունը գնալով թուլանում է: Ինչ ենք անում նման դեպքերո՞ւմ: Ստիպված անցնում ենք ավելի բարձր դասի հակաբիոտիկների, որոնք այնքան էլ նախընտրելի չեն:

Թոքաբորոբի և օդորակիչի «դաշինքը»

Թոքաբորբով հատկապես շատ են հիվանդանում աշնանը և ամռանը, երբ շոգ է և օդորակիչն անդադար աշխատում է, իսկ նրա զտիչն էլ՝ լավ մաքրված չի լինում: Այսօր օդորակիչները համար մեկ թշնամին են: Մանրէները փոխանցվում են հենց օդորակիչների միջոցով, և հաստատությունների ղեկավարները պետք է բարեխիղճ լինեն՝ ժամանակին ձեռնամուխ լինելով ֆիլտրերի մաքրմանը»:

Զրույցը գրի առավ՝
Գարեգին Ալեքսանյանը 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register