ՈՒՍԱՆՈՂՆ ԻԲՐԵՎ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԶՈՀ

55

Փոքր երկիր, մեծ խնդիրներ: Հետո արդեն՝ անհնազանդություն, բողոքի տարատեսակ դրսևորումներ, շատերին պաշարող խուճապ, իրավախախտումներ, անտեսված պարտականություններ, իրավագիտակցության ցածր մակարդակ, որից էլ բխում-ածանցվում է ուսանողների՝ ամեն ինչին հարմարվելու «ցանկությունը»: Իսկ դա վտանգավոր է, քանի որ վերաբերում է վաղվա «ծաղիկներին»՝ երիտասարդությունը, որը ոչ թե մեր ապագան է, ինչպես ընդունված է ասել,այլ՝ ՆԵՐԿԱՆ: Ուսանողներն այսօր տարատեսակ խնդիրների են բախվում՝ սկսած կրթության վատ որակից, դասավանդման արխայիկ մեթոդներից՝ մինչև դասախոս-ուսանող հարաբերություններ: Ինչերի միջով են անցնում հայ ուսանողները ուսումնառության 4-6 տարիների ընթացքում: Թեմայի նրբերանգներին ծանոթանալու և ուսանողական կյանքն իր թերություններով ու առավելություններով ներկայացնելու համար «Ճամփորդը» զրուցել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միության խորհրդի անդամ Արեգ Սարգսյանի հետ:

– Արեգ, ձեր կազմակերպության կողմից ուսանողների շրջանում անցկացվող ամենամյա հարցումները վիճակագրական ի՞նչ պատկեր են ներկայացնում: – Այդ հարցումները ներառում են բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են ուսանողներին և առկա են գրեթե բոլոր պետական ու մասնավոր բուհերում: Հարցումները վկայում են, որ ուսանողին անհանգստացնող առաջնային խնդիրը մասնագիտական հայալեզու գրականության սակավությունն է: 1-2-րդ կուրսի ուսանողները չեն կարողանում գտնել հայալեզու մասնագիտական գրականություն, իսկ դասախոսներն էլ այն չեն տրամադրում, քանի որ դասավանդաման մեթոդները չեն համապատասխանում ժամանակակից չափորոշիչներին: Այսօր անգամ ապագա տնտեսագետներն են բողոքում ստեղծված իրավիճակից:

– Կա՞ն ԲՈՒՀ -եր , որոնք համապատասխանում են այդ ստանդարտներին:– Միայն մասնավոր մեկ-երկու ԲՈՒՀ, իսկ մնացածը, անգամ պետական ԲՈՒՀ-երը՝ այդ ցանկում չկան: Դասախոսների գերակշիռ մասը, ճիշտ է ունի գիտելիքի մեծ պաշար, բայց 50-ն անց կադրեր են: Մեր կրթօջախները ոչ թե գիտելիք տալու ռազմավարությամբ, այլ՝ բիզնեսով են զբաղված: Ուսանողները պայքարում են ընդունելության նվազագույն շեմը հաղթահարելու, իսկ հետո էլ՝ համալսարանից դուրս չմնալու համար: Մինչդեռ զարգացած երկրներում կրթությունը համարվում է տնտեսության լրջագույն ճյուղ: Քեմբրիջն ավարտած ուսանողն,օրինակ, միանգամայն վստահ է, որ ուսումնառությունից հետո ոչ միայն այդ նպատակով ներդրված գումարն է վերադարձնելու, այլև շոշափելի միջոցներ վաստակելու լայն հնարավորություն է ստանալու: Դա գալիս է համալսարանների ունեցած վարկանիշից և կրթության որակից, որոնք այսօր Հայաստանում բացակայում են:

– Որտե՞ղ պետք է փնտրել դրանց պատճառները:- Մեզանում առկա խնդիրները լուրջ բացթողումների հետևանք են, որոնք հետխորհդային շրջանից սկսած այդպես էլ չի հաջողվում հաղթահարել: Դա էլ իր հերթին պայմանավորվում է ուսանողների ցածր իրավագիտակցությամբ: Եթե մենք մտածում ենք մեր ապագայի մասին, ապա պետք է սկսենք հենց այս պահից ու հենց ամենասկզբից. դրա համար անհրաժեշտ է գիտակից ուսանող, ով քաջագիտակ է իր իրավունքներին ու պարտականություններին: Իսկ երբ չենք հետևում ու չենք կատարում դրանք՝ այդտեղ հայտնվում են կոռուպցիոն ռիսկերը: Ու դա դրսևորվում է ամենատարբեր ձևերով՝ սկսած դասախոսի կողմից իր դիրքի և ուսանողների կողմից իրենց իրավունքների չարաշահումներից: Դասախոսը հասկանալով, որ ուսանողի համար ներհամալսարանական մրցակցությունը սկսվում և ավարտվում է համալսարանից դուրս չմնալու «տեսլականով», սկսում է օգտագործել իր դիրքն ու նշանակությունը՝ սեփական կարիքների համար: Այնինչ դասախոսը պիտի լինի հիանալի մենեջեր, ով պիտի ղեկավարի իր լսարանը և հաղորդի այն գիտելիքը, որը պարտավոր է փոխանցել ուսանողին: Մեկ այլ խնդիր էլ դասախոս-ուսանող հարաբերություններն են, որոնք չպետք է լինեն ստորադասված: Նրանք համալսարանի հետ են կնքում պայմանագիր և ունեն իրավահավասար հնարավորություններ, բայց մենք դրա հակառակ պատկերի ականատեսն ենք դառնում: Չմոռանանք, սակայն, որ ուսանողն ինքն է ոտնահարում իր իրավունքները՝ չիմանալով դրանք:

– Ուսանողն ինչպե՞ս կարող է պաշտպանել կրթություն ստանալու իր իրավունքը:– Միմիայն սեփական գիտելիքն ու կարողությունները գնահատելով, ինքնակրթությամբ ու իրավագիտակցության բարձրացմամբ: Սեփական իրավունքները կարող են պաշտպանել նրանք, ովքեր գիտեն, թե ինչի համար են ոտք դնում համալսարան:

– Ինչո՞ւ են համալսարաններում հայտնվում մարդիկ, ովքեր հենց սկզբից չպիտի որ այնտեղ սովորեին:– 25 տարի առաջ մենք բախվեցինք խորհրդային համակարգը կոտրելու և բոլորովին այլ արժեհամակարգ ստեղծելու խնդրին: Մենք նույնիսկ այն անվանեցինք եվրոպական, որը ցավոք սրտի ասոցացվում է ամեն ինչի հետ, բացի բուն արժեհամարկագից (մարդու իրավունքներ և ազատություններ): Անհատը, որպես հասարակական կարևոր բաղադրիչ, պիտի լինի ազատ և պաշտպանված, բայց այսօր տեսնում ենք ճիշտ հակառակը: Իրականում ստեղծվեց հիբրիդային արժեհամակարգ, որտեղ երիտասարդ սերունդը ձգտում է այլ բանի, իսկ ընտանիքը՝ մեկ այլ: Գրեթե միշտ հաղթում են ծնողները, ինչի արդյունքում էլ երեխաները «հայտնվում» են այնպիսի կրթօջախներում, որտեղ չպիտի ընդունվեին: Այսօր պարտադրանքի ուժով և այդ հիբրիդային արժեհամակարգի պատճառով են ԲՈՒՀ-երը զբաղվում բիզնեսով: Եթե 15 տարի առաջ չխոսեինք միայն խնդիրների ու փոփոխությունների մասին, այլ սկսեինք դրանք լուծել, ապա կապրեինք այնպիսի երկրում, որն այսօր գոյություն ունի մեր պատկերացումներում միայն …

Զրուցեց՝ Սուսինա Խաչատրյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register