ՏՈՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է …

mariya

«Ճամփորդի» զրուցակիցն է  Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը: 

 – Մայրաքաղաք Երևանը բոլորեց ծննդյան 2798 ամյակը: Ինչո՞վ տարբերվեց այս տարվա տոնը նախորդներից:

– Ամենաառաջինը՝ մշակութային միջոցառումների համար նախատեսված  միջոցների խնայողությամբ: Երևանի քաղաքապետը  դեռ մայիսին կայացած ավագանու նիստի ժամանակ հայտարարեց, որ մայրաքաղաքում անցկացվելիք մշակութային միջոցառումների համար 2016թ. նախատեսված ծախսերը կրճատվելու են: Եվ դա ուներ իր հիմնավորումը: Քառօրյա պատերազմից հետո Երևանի քաղաքապետարանը օգնություն տրամադրեց ու օժանդակություն ցուցաբերեց երևանաբնակ զոհված և  վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Իրավիճակից և տրամադրությունից ելնելով  ավանդական դարձած տոնակատարության ձևաչափը այս տարի փոքր-ինչ փոփոխության ենթարկվեց: Դա չխանգարեց , սակայն, տոնակատարությունը արժանվույնս անցկացնելուն և  մեր համաքաղաքացիներին  տոնական տրամադրություն պարգևելուն: Հոկտեմբերի 8-ին անցկացված  և ընդամենը մեկ օր տևած տոնակատարությունն առանձնացավ իր հագեցածությամբ: Երևանի ծննդյան օրը օրենքով ամրագրված և նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ, կիրակի օրը: Հոկտեմբերի 8-ին, ժամը 10:00 -22:00-ն ընկած ժամանակահատվածում  ծրագրված  33 միջոցառումներն էլ ապահովեցին տոնական տրամադրությունը: Դրանք  անցկացվեցին փոքր կենտրոնում՝ «Ազատության» և «Շահումյան» հրապարակներում, Հյուսիսային պողոտայում և Էրեբունի վարչական շրջանում: Ժամը 14:00-18:00-ը Էրեբունիում  անցկացված տոնահանդեսի ընթացքում ներկայացվեցին ժողովրդական արվեստի գործեր, իսկ երեկոյան, ժամը 19:00-22:00-ը տեղի ունեցավ «Արևի քաղաք» համերգը: Միջոցառումների ծրագիրը կազմվել էր հաշվի առնելով մեր համաքաղաքացիների ամենատարբեր նախասիրությունները՝ ջազ, ռոք համերգներ, ռետրո մեքենաների ցուցադրություն, մանկական հարթակ երեխաների և իրենց մայրիկների համար, պարաօլիմպիկ մարզիկների երթ: Հետաքրքիր և առինքնող էր ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի ողջույնի հարթակը, որտեղ երևանաբնակ ազգային փոքրամասնությունները ներկայացրեցին իրենց ազգային մշակույթը: Օրն ամփոփվեց երիտասարդական դիսկոտեկով և հրավառությամբ: Հարկ եմ համարում նշել, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ծրագրից դուրս թողնվեցին 3 խոշոր ռեսուրսատար միջոցառումները՝ Հանրապետության հրապարակի գալա-համերգը, Երևանի քաղաքապետարանի առջև ծրագրված  բեմականացված միջոցառումն ու բազմահազարանոց շքերթը:

– Չէիք խոսի տոնական միջոցառման շրջանում իրականացված  սոցիալական ակցիայի մասին:

– Արդեն ավանդական դարձած  ակցիան երրորդ տարին է, ինչ անցկացվում է: Այս տարի այն անցկացվեց «Արևի քաղաք» խորագրի ներքո։ Սեպտեմբերի  27-ից մեկնարկած  սոցիալական նշանակության ակցիան տևեց շուրջ 10 օր: Այս տարի այցելեցինք և նվերներ հանձնեցինք 2798 ընտանիքների։ Ծրագրի մասնակից-ընտանիքների թիվը՝ քաղաքի տարիքին  համապատասխան՝ ամեն տարի փոխվում է ։ Նախագծում ընդգրկվում են տարբեր կատեգորիաների ընտանիքներ (անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում՝ ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներ):  Ակցիայի շրջանակում բաժանված  առաջին անհրաժեշտության կենցաղային իրերը ( փոշեկուլները, գազօջախներն ու արդուկները )  սոցիալական որոշակի խնդիրներ լուծելուց զատ  նաև վկայությունն են նրա, որ մենք նրանց չենք մոռացել և քաղաքի ծննդյան օրվա կապակցությամբ նրանց հետ կիսում ենք մեր ուրախությունը:

– Իսկ ո՞վ և ինչպե՞ս է կազմում ընտանիքների ցանկը:

– Ցուցակները կազմվում են Սոցիալական ապահովության վարչության կողմից, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջանների սոցիալական բաժինների միջոցով: Դրանից  բացի Երևանի քաղաքապետարանն ունի թեժ գիծ ծառայություն, որով ստանում ենք և՛ շնորհակալական  խոսքեր, և՛ դիտարկումներ, և՛  հաջորդ տարվա ցուցակում ընդգրկվելու հայտեր: Տարվա կտրվածքով մեր Սոցիալական ապահովության վարչությունը բազմաթիվ ծրագրեր է  իրագործում՝ մշտապես  ուշադրության կենտրոնում պահելով նշված ընտանիքների խնդիրները:

– Իսկ սոցիալական նշանակության այլ ծրագրեր այս տարվա ընթացքում իրականացվե՞լ են:

– Մեկ այլ կարևոր ծրագիր է՝ երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի կազմակերպումը սահմանամերձ գոտիներ: Դա  կազմակերպվում  է տարին երկու անգամ: Նախաձեռնությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանինն է:  2013 թվականից իրականացվող նախաձեռնության շրջանակում  7000 ծնող զավակներին տեսակցելու հնարավորություն է ստացել: Տրանսպորտի, սննդի ծախսերը հոգում  և կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը: Այդ ծրագիրը ևս մեր քաղաքի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների ցանկում էր։

– Ինչ կմաղթեք մեր ընթերցողներին։

– Երևանի ծննդյան օրը բոլորինս է: Այն սեր խոստովանելու, միմյանց ջերմություն փոխանցելու, միասնական լինելու մեր քաղաքն արժեվորելու  հրաշալի առիթ է:Մենք կարող ենք  համայն աշխարհին ցույց տալ, թե ինչ ջերմ, բարի, հյուրընկալ, արևային ու լուսավոր քաղաք ունենք։

 

 Հ.Գ. «Ճամփորդը» ևս  մասնակցել է սոցիալական նշանակության այս ակցիային և հետևել ընտանիքների արձագանքին:

 

 Զրուցեց՝ Գոյ Գեղամյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register