ՏԻՄ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ

4

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին  կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ընտրություններ են կայացել հանրապետության 9 մարզի 49 համայնքում, որից 24-ում ընտրությունները եղել են հերթական՝ 25-ում՝ արտահերթ: ՏԻՄ ընտրություններ են կայացել հանրապետության 4 քաղաքներում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում:

Այս ընտրությունները Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո երկրորդն էին, ու կրկին ցույց տվեցին, որ հիմնականում ամեն ինչ սկսել է հարթ ընթանալ, քաղաքացիները վերջապես տեր են կանգնում իրենց քվեներին։ Իհարկե, ամեն ինչ երազածի պես հարթ չէր, քանի որ  մի քանի վայրերում որոշակի շեղումներ եղել են՝ մամուլը դրանց անդրադարձել է։ Համենայն դեպս, մի բան հաստատ է՝  նախկին ընտրախախտումների հետ համեմատել առհասարակ հնարավոր չէ, դրանք անհամեմատելի քչացել են, մնում է դրանք ուղղակի չեզոքացնել։

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է  ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ դրանց՝ Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը.  ըստ նախնական տվյալների՝ Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը ստացել է 8076 ձայն: Երկրորդ տեղում Սուրեն Մուրադյանն է՝ 3699 ձայնով: Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում ցածր մասնակցություն է գրանցվել. ընտրություններին մասնակցել է 45278 ընտրողներից 15826-ը, ինչը կազմում է ընտրողների 34,95 տոկոսը։

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում քաղաքապետ է ընտրվել ինքնաառաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանը, որը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է: Նախնական տվյալներով՝ նա ստացել է 10 681 քվե, իսկ նրա միակ մրցակիցը՝ Լեւոն Ստեփանյանը՝ 4 819 քվե: Սևակ Միքայելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, սակայն կուսակցությունը հայտարարել էր, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրել և չի սատարելու որևէ թեկնածուի: Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը։

Կապանի արդյունքը բավականին քննարկվեց սոցցանցերում, մի մասը համաձայն էր  ընտրության հետ՝ նշելով, որ միշտ չէ, որ պետք է կառավարության ներկայացուցիչը հաղթի, և հենց դա է  ժողովրդավարության կարևոր գործոնը, երբ մարդիկ իրենք են ընտրում՝ ում տալ իրենց քվեն, ու հետո էլ նրանից արդյունքներ պահանջել։ Մյուս մասն էլ բողոքում էր՝ նշելով, որ պետք է սատարել նոր կառավարության ներկայացուցիչներին։ Ահա թե ինչ է կատարվել Կապանում․ անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին: Ըստ նախնական տվյալների՝ Գևորգ Փարսյանը ստացել է 10 507 ձայն, Նարեկ Բաբայանը՝  8 499 ձայն: Կապան խոշորացված համայնքում գրանցված 34969 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 19503-ը, որը կազմում է ընտրողների 55.77 տոկոսը:

Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Դավիթ Խուդաթյանը: Նախնական տվյալներով՝ ՔՊ-ական թեկնածուի օգտին քվեարկել է 6 693 ընտրող: Երկրորդ տեղում Օհան Հարությունյանն է հավաքած 1626 ձայնով, իսկ երրորդում՝ Սևակ Մինասյանը՝ 1288 ձայնով: Արմավիրում հոկտեմբերի 21-ին կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններին 26 հազար 36 ընտրողից մասնակցել է ընդամենը 8 հազար 969-ը:

ԿԸՀ-ն հայտնում է, որ Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 20։00-ին ընտրատեղամասերի փակման պահին, ճշգրտված նախնական տվյալներով, կազմել է 43.28 տոկոս, ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 217 հազար 708 մարդ։ Ղեկավար ընտրող ամենախոշոր համայնքներից Էջմիածնում քվեարկել է 45 հազար 278 ընտրողների 34.95 տոկոսը, Արմավիրում՝ 28 հազար 699 ընտրողների 34.62 տոկոսը, Հրազդանում՝ 44 հազար 156 ընտրողների 36.82 տոկոսը, և Կապանում՝ 34 հազար 969 ընտրողների 55.77 տոկոսը։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register