ՏԻԵԶԵՐԱԿԱՅԱՆ ԷԿՈՃԱՄԲԱՐ ԿԱՊԱՆՈՒՄ

11

Ասա ինչպիսի հանգիստ ես նախընտրում՝ ասեմ ով ես դու: Որքան էլ զավեշտական, բայց հենց այսպիսին է մերօրյա մարդու նորագույն բնութագրիչներից մեկը: Այդուհանդերձ, գոնե մեր հասարակությունում՝ այս հարցը փոքր-ինչ տարօրինակ է հնչում: Մարդկանց զգալի մասը պարզապես հանգստանալու չի մեկնում և չի էլ մտածում` ինչպիսի հանգստի կարիք ունի: Մյուս մասին էլ այս հարցը հավանաբար չի հուզում, որովհետև կա արդեն տարիներով «փորձարկված», հարմարեցված տարբերակ` մեկնել ծովափ կամ եվրոպական ինչ-որ երկիր` տուրիստական  ձանձրալի ծրագրով, որտեղ ամեն ինչ ձեր փոխարեն արդեն մտածել են: Գուցե կարելի է հասկանալ մարդուն, ով ողջ տարին չարչարվել է և այժմ պարզապես ցանկանում է 2 շաբաթ չմտածել, չչարչարվել ու  փռվել հյուրանոցի փափուկ մահճակալին: Այդ մարդուն հասկանալ կարելի է, եթե, ասենք, նա ֆիզիկական աշխատանք է կատարել:

Իսկ եթե մարդը տարվա ընթացքում 304 օր անցկացնում է գրասենյակում նստած, ինչո՞ւ չի գնում ակտիվ հանգստի՝ մարմնին սարը (պետք չէ պատկերացնել Էվերեստը) բարձրանալու հաճույքը պարգևելով, քայլելով ու քնելով ծաղկաշատ դաշտում` անսահման էներգիա ստանալով նրանից: Ակտիվ հանգստի համար Հայաստանը միանշանակ հրաշալի երկիր է: Ուզում ես սուզվես ջրի հատա՞կը, ուրեմն գնա Սևան, ուզում ես ոտքիդ տակ առնել լեռնե՞րը` անցիր Սյունիքով և Արցախով:

1111

Հայաստանում ցանկացած ճաշակի բլուր բոլորի համար էլ կգտնվի: Վրանդ կարող ես խփել գրեթե ամենուր` անտառում կամ գետի ափին, չվախենալով աֆրիկյան մրջյունների և ցեցե բզեզների գիշատիչ հարձակումներից: Եթե դուք ուզում եք այսպիսի հանգստի գնալ, բայց այնուհանդերձ կարիք ունեք  քաղաքակիրթ պայմանների` ուրեմն Կապանի մոտակայքում գործող էկոճամբարը  հենց  ձեր համար է: Սյունիքի մարզկենտրոնի մոտակայքում` բարձունքի վրա ստեղծվել է աննախադեպ էկոճամբար: «Ճամփորդը» զրուցել է ճամբարի հիմնադիրների` կապանցի Արմեն Ղազարյանի և նրա կնոջ` գյումրեցի Սիրանուշ Վարդանյանի հետ: Արմենը պրոֆեսիանալ մերսող է, աշխատել է Սոչիում և 2013 թվականին վերադարձել Կապան: Սիրանուշն անգլերենի ուսուցչուհի է: Ռուսաստանի հայաշատ քաղաքում ծանոթանալուց ու Կապան վերադառնալուց  նրանք մտածել են հողագործությամբ զբաղվելու մասին: Գնել են հողակտոր( որտեղ էլ այժմ էկոճամբարն է) և սկսել են հողագործությամբ զբաղվել:

«2013 թվականի դեկտեմբերին գնեցինք հողամասը: Սկզբից պարզապես այգեգործությամբ էինք  զբաղվում: Մտածում էինք բույսեր աճեցնելու և զուգահեռաբար մերսման փոքր կետ աշխատացնելու մասին: Տուրիզմի մասին չէինք էլ մտածում: Սակայն մի օր շատ զվարճալի դեպք պատահեց: Կինս գյումրեցի է: Մեր ամուսնությունից հետո քույրը Գյումրիից պետք է գար Կապան: Հարցրեց՝ Կապանն ասֆալտապա՞տ է(ծիծաղում է,-խմբ), թե՞ ոչ: Դա էլ մեզ հարկադրեց զբաղվել «բրենդինգով»: Որոշեցինք Կապանի մասին  «լիարժեք ու հավաստի» ինֆորմացիան տարածելՀայաստանում և այլուր:  Ճամբարի կառուցման աշխատանքները սկսել ենք մեկ տարի անց: Այժմ ունենք 1500 քառակուսի մետր մակերես զբաղեցնող հողամաս, որի վրա էլ տեղակայել ենք երեք փոքրիկ տնակները: Ունենք վրանային ճամբարի համար նախատեսված տարածք ու տնկած բազմաթիվ բույսեր», – պատմում է Արմենը:

Էկոճամբարը 2016 թվականին մոտավորապես 300 տուրիստի է ընդունել: Արմենը նշում է, որ հաճախ տեղեկատվությամբ հագեցած կայքի` «arkarmenia.com»-ի միջոցով են գտնում նրանց: Տուրիստական սեզոնը հաշվելով 150 օր` ճամբարը յուրաքանչյուր օր միջինը երկու տուրիստի է հյուրընկալել: «Ցավալի է, բայց մեր համերկրացիներն առայժմ ակտիվ չեն: Ճամբարի գոյության ողջ ընթացքում Հայաստանում բնակվող ընդամենը մեկ մարդ է հանգստացել մեզ մոտ: Միևնույն ժամանակ,սակայն, բազմաթիվ սփյուռքահայերի ենք ընդունել: Գուցե տարօրիանակ թվա, բայց իրանցի զբոսաշրջիկներ էլ չենք ունեցել, ընդամենը` 1-2 հոգի: Նրանք Հայաստան են գալիս, այսպես ասած` իսլամից հանգստանալու, թունդ ալկոհոլ խմելու ու ժամանցի վայրեր այցելելու նպատակով»,- պարզաբանում է Արմենը: Փոքրիկ տնակները, որոնց մասին պատմում է նա, իրականում ասես 1-4 հոգու համար նախատեսված  մեծ փեթակներ լինեն:

111

Պատկերացրեք` փայտով պատսպարված երկհարկանի մահճակալ, իսկ որպես տանիք` կտրված և հարթություն դարձրած մետաղյա տակառ: Կա փոքրիկ պատուհան և… վերջ: Մյուս կողմից այն նմանեցնում ես գալակտիկաներով ճամփորդող տիեզերանավի խցիկների: Ներքևի հողամասում՝ աչքին ավելի սովոր վրաններն են: Վրաններում և տնակներում մնալու օրավարձը 3000 դրամ է, սեփական վրան ունենալու դեպքում՝ 2000 դրամ: Տարածքում կա փոքրիկ խոհանոց, բաղնիք, մերսման կետ: Տնակների արանքում շարված են «պեմզաբլոկներ» և փոքր տակառներ, որոնց փոսիկներում բազմաթիվ բույսեր են ցանած: Արմենն ու Սիրանուշը էկոճամբարի կառուցման համար դիմել են Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով» դրամաշնորհային ծրագրին և հաջողել: Պարտավորվել են ստացած շահույթի կեսից ավելին ներդնել համայնքի զարգացման մեջ՝ գյուղացիներին ներգրավելով էկոտուրիզմում: «Այսօր Կապանի շրջակա գյուղերից մարդիկ հեռանում են, որովհետև գումար վաստակելու քիչ հնարավորություններ կան: Մի մասը Երևան է գնում, մի մասն էլ` արտերկիր: Մենք ուզում ենք, որ գյուղացին մնա գյուղում: Գործն այնպես ենք կազմակերպել, որ էկոճամբարի հյուրերը կարողանան սնունդ գնել մոտակա գյուղի` Առաջաձորի բնակիչներից: Անապահով ընտանիքների  երեխաների համար տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում: Բացի այդ, մենք հատուկ քարտեզագրում (էլեկտրոնային) ենք տարածքը, որպեսզի տուրիստն իր հեռախոսում ունենա տեղանքի քարտեզը` անցնի գյուղերով»,- պատմում է Արմենը:

Էկոճամբարը հետաքրքիր մեկնակետում է: Այստեղից կարելի է տարբեր ուղղություններով հետաքրքիր վայրեր այցելել: Արմենը պատմում է տեղանքի հնարավորությունների մասին.«Իսկապես, այստեղից տարբեր ուղղություններով բազմաթիվ տեսարժան վայրեր կան: Մեզ մոտ կա Դավիթ Բեկի հետ կապված երկու բերդ` Հալիձորի բերդը և Բաղաբերդը, կա նշանավոր Վահանավանքը, հեռավոր վանք կա` «Բեխի անապատը» հուշարձանը, որը գտնվում է Կապանի Բեխ թաղամասից 4 կմ հեռավորության վրա, բարձր լեռան վրա՝ անտառի մեջ: Չմոռանանք նաև Խուստուփ լեռան մասին, որը բարձրանալը դժվար չէ, և  որտեղ հրաշալի պայմաններ կան լեռնային հեծանվավարժանքի համար: Ընդհանուր առմամբ մենք ակտիվ, փոքր ճանապարհորդության հետաքրքիր տարբերակ ունենք: Գաղափարը հետևյալն է. մարդը կարող է Տաթևից` սարերով, բերդերով, վանքերով գա, բարձրանա Խուստուփ լեռը և իջնի Շիկահողի արգելոց: Այսինքն` մոտավորապես մեկ շաբաթվա ոտքի ճանապարհ է: Այս ճանապարհի մեծ մասը քարտեզագրված է»: Արմենը և Սիրանուշը հույս ունեն, որ ժամանակի ընթացքում Կապանի և հարակից տարածքների գեղեցկությունը կգնահատեն ոչ միայն աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հյուրերը, այլև հենց մենք` հայերս:

Գարեգին  Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register