«911»  ԹԵԺ ԳԾԻ ՈւՐԱԽ ԶԱՆԳԵՐԸ 

hot

Մեր քաղաքում ապրում են «հասարակ» հերոսներ, որոնք ամեն օր փոքր ու մեծ, բայց կարևոր հարցերում փրկում են մեր  անձնական աշխարհները կործանումից՝ ոչնչով չզիջելով իրական սուպերմեններին՝ երբեմն նույնիսկ գերազանցելով նրանց: Խոսքն այս դեպքում  ԱԻՆ-ի նվիրված ու միշտ հասանելի աշխատակիցների մասին է, որոնց  անգամ անունը չենք կարող  բարձրաձայնել, քանի որ մեր «սուպերհերոսները»  պարտավոր են ու սիրում են լուռ և անանուն աշխատել:«Ճամփորդը»  խնդրեց «911»-ի աշխատակիցներին ամենօրյա լարված ու պատասխանատու օրակարգից  պատմել…ամենազվարճալի զանգերի մասին: Ներկայացնում ենք  այդ վիթխարի հավաքածուի միայն մի փոքր հատվածը, քանի որ դրանք իսկապես շատ են:Մեր խմբագրության կողմից էլ շնորհակալություն ենք հայտնում  թեժ զանգերի հերոսներին՝  աշխատակիցների՝ իրականում ծանր  աշխատանքը ծիծաղով թեթևացնելու ու համեմելու համար:

** Մայիսի սկիզբն էր, պատերազմական լարված վիճակն արդեն որոշ չափով հանդարտվել էր։ ԱԻն աշխատակիցներից մեկի հերթափոխն էր ու երեկոյան ժամը 23։00-ի մոտակայքում հերթական զանգն  է ստանում, ու նրա՝ «Արտակարգ իրավիճակների նախարարություն» «911», լսում եմե ասելուց հետո, հեռախոսի մյուս կողմից մի տղա ասում է. ,Չգիտեմ՝ ճիշտ ենք զանգել, թե չէ, բայց շատ ունենք Ձեր օգնության կարիքը։ Մենք «պոստերում ենք ու ուզում ենք մակարոնով փլավ սարքել, բայց չգիտենք՝ ինչպես»։ Աշխատակիցը զինվորի հետ խոսելու ուրախությունից իրար խառնվելով սկսում է հերթով  հուշել քայլերը: Հետո էլ իմանալով, որ մսի պահածո ունեն, առաջարկում է էլ ավելի համեղ սնվելու համար՝ դա նույնպես խառնել փլավին: Վերջում էլ իրար բարի ծառայություն են մաղթում  ու անջատում հեռախոսները:

** Մարտի 1-ին , «911» ավտոմատացված համակարգին նամակ էր եկել հետևյալ բովանդակությամբ. «Շնորհավոր գարնան առաջին օրդ, քաղցրս: Միշտ իմ գլխից անպակաս լինես ու ինձ լսող լինես»:Հետադարձ կապով ճշտվում է, որ քաղաքացին ցանկացել էր նամակն ընկերուհուն գրել և սխալմամբ ուղարկել էր , «911» հեռախոսահամարին:

** Քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի շենքերի բնակարաններից մեկում մեկ շաբաթից ավելի է, ինչ կանաչավուն գլխով օձը տան լոգարանի կախովի առաստաղից գլուխը բարձրացնում-իջեցնում է, և իրենք վախենում են, որ այն կարող է թունավոր լինել:Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզում են, որ կանաչավուն օձի փոխարեն ջահից ճոճվում  է կանաչ կախիչը:

**   Ահազանգ է ստացվում, որ Երևանի շենքերից մեկի բնակիչը (82 տարեկան կին) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզում են, որ տատիկը ներսում գտնվել է … մեկ այլ պապիկի հետ, ինչի համար էլ չի ցանկացել բացել դուռը:

** «911» է ահազանգում մի քաղաքացի և հայտնում, որ երկնքից տարօրինակ, կանաչավուն քարեր են թափվում: Քաղաքացին վստահ էր, որ դրանք երկնաքարեր են: Երկար պարզաբանումներից հետո դեպքի վայր մեկնած ՃՈ աշխատակիցները տեղեկացնում են, որ «երկնքից», իսկ իրականում՝ շենքի նորոգվող հատվածից շինարարական քարեր են թափվել:

** «911» ծառայություն է զանգահարում մի քաղաքացի՝ խնդրելով օգնել իրեն. -Խնդրում եմ, գրանցեք մեր հասցեն ու էս սերիալները հանեք մեր հեռուստացույցի միջից: Մենք ընտանիքով արդեն զզվում ենք սերիալներից:

** 2015 թվականի մարտի 20-ին ,«911» է ահազանգում մի քաղաքացի` մտահոգված, որ  այդ օրը սպասվող արևի խավարումը կարող է թաղման արարողությունը հետաձգելու պատճառ դառնալ:

ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱ

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register