… ԹԵ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՀԵՌԱՆԱՄ

2

Երբ նոր էր սկսվում «Իմ քայլը» շարժումը, Հայաստանում, շատ օգտատերեր սոցցանցերում գրառումներ էին անում, որ եթե այս անգամ էլ պայքարն արդյունք չտվեց, իրենք Հայաստանից հեռանալու են: Որպես կանոն՝ նման գրառումները ճնշող են. ինչու՞ են իրենց հիասթափության մասին բարձրաձայն ասում: Հեռանում են, թող հեռանան՝ առանց մնացողներիս շարքերում խուճապ առաջացնելու:

Դավիթ Մալյան 1 հասցեում մի հրաշալի հարևան ունեինք, ի դեպ, հայագետ, որը մեր հանդիպումների ժամանակ միշտ հետաքրքրվում էր՝ ինչպես կարող է ազգանունն ու ազգությունը փոխել, քանի որ հայ կոչվելն իր համար այլևս անպատվաբեր է: Դա լսել եմ մոտ 20 տարի առաջ, լսում էի նաև մինչև վերջերս: Նա ԱՄՆ մշտական բնակության մեկնելու հնարավորություն ուներ, սակայն այսօր էլ բնակվում է նույն հասցեում: Անձնագիրը կապույտ հայկականն է, ազգանունն էլ ունի «յան» վերջավորությունը:

Կա՞ մեզնից մեկը, որը երբեք չի լսել հենց հայի շուրթերից, որ մեզ պետք է վառել, որ մեզ քիչ են կոտորել, որ մենք այսպիսին ու այնպիսին ենք: Հետո՞ ինչ: Դառնացած, զայրացած կամ հուսահատված մարդիկ կարող են ասել այն, ինչ մեկ այլ պահի թերևս չէին ասի կամ հարմար չէին գտնի բարձրաձայնել: Ընտանիքում, վեճի ժամանակ, եթե ասված ամեն բառի ետևից ընկնես, ընտանիքը մի օր չի դիմանա:

Ի դեպ, հայրենիքից հեռանալու, ընդ որում՝ նեղացած հեռանալու «ավանդույթը» եղել է միշտ, բոլոր դարերում և բոլոր ժողովուրդների մոտ:
Հեռուն չգնանք. հիշենք, Գալուստ Գյուլբենկյանը ժամանակին նեղացավ իր հայրենիքից և իր ողջ ունեցվածքը, արվեստի գործերի չտեսնված հավաքածուն կտակեց ոչ թե Հայաստանին, այլ Պորտուգալիային: Զորավար Անդրանիկը Հայաստանից հեռացավ՝ նեղացած: Ի վերջո, մեր էպոսի Մհերը՝ Փոքր Մհերը, նեղացավ և հեռացավ, փակվեց Ագռավաքարում: Սա ողբերգությո՞ւն է, դավաճանությո՞ւն: Կարծում եմ, ո՛չ, սա կյանք է:

Դու չես ուզում հեռանալ Հայաստանից, կամ ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չէ, անընդունելի ես համարում, չես կարող թողնել տարեց ծնողներիդ, կամ կա այլ պատճառ, ի սեր Աստծո, ոչ ոք չի էլ ստիպում: Եվ քննարկման խնդիր էլ չկա:

1

Կամ էլ հարմար աշխատանք կա արտասահմանում, քեզ հետաքրքիր է բնակությանդ վայրը փոխելը, նոր միջավայրում ապրելը, գնում ես, և դարձյալ քննարկման նյութ չկա: Ոչ ոք չի կարող քեզ մեղադրել քո կյանքը կազմակերպելու համար: Դա քո հանգամանքներն են և քո ընտրությունն է, ինչը հնարավոր չէ տեղավորել չափազանց սահմանափակ ու անօդ արտահայտությունների մեջ, ինչպես՝ «Ես հայրենիքս երբեք չեմ լքի, դա դավաճանություն է», կամ «Ես լքում եմ հայրենիքս ու հիասթափված հեռանում»:

Սահմանները բաց են, քեզ ոչ ոք չի քշում քո երկրից և նաև չի ստիպում մնալ: Ոչ ոք չի ստիպում գնալու որոշումդ համարել վերջնական և վերանայման ոչ ենթակա: Ոչ ոք չի պահանջում պետությանը հանձնել բնակարանդ: Սահմանները բաց են, գնա՝ ուր ուզում ես: Պաթոս պետք չէ: Եվ մնալդ էլ քո հայրենիքում, քո միջավայրում մի համարիր հայրենասիրություն կամ մեծ լավություն շրջապատիդ:

Կարող ես հիասթափվել, երբ նոր կառավարության ոստիկանապետը կամ ԱԱԾ պետը սրտովդ չեն: Որ քաղբանտարկյալները դեռևս ազատության մեջ չեն: Որ վարչապետը նստում է Բաղրամյան 26-ում, ոչ թե կառավարության շենքում, որ … շարքը երկար է: Չէ, էն չի, այնուամենայնիվ, ճիշտը հեռանալն է:Մեկ էլ տեսնում ես աճեցրածդ ծաղիկները, հինգ տարի առաջ տնկած ծառերը, որոնք, այ քեզ բան, այս ընթացքում հասցրել են մինչև երկինք հասնել, հայացքդ ընկնում է ծնողներիդ լուսանկարներին: Վրա է հասնում սենտիմենտալ տրամադրության հաջորդ դոզան: Տրամադրությանդ տոնայնությունը փոխվում է՝ այստեղից բացի՝ ոչ մի տեղ չենք կարող ապրել: Ու գրողի ծոցը թող գնան բոլոր քաղաքական գործիչները…

Մեր երկրում ապրելը բարդ է, մենք ոչ թե ապրում ենք, այլ մաքառում, և դա է պատճառը, որ այսքան ցավոտ ենք արձագանքում ամեն ինչին: Սակայն մնալը մեր ընտրությունն է, և մենք ենք պատասխանատու դրա համար՝ առանց զայրանալու և հիասթափվողներից հիասթափվելու:

Ի վերջո, կյանքը ապրելը չափազանց հետաքրքիր զբաղմունք է, ոչ մի բանի հետ չհամեմատվող հաճույք: Եթե մեր սիրելի հայրենակիցներից ոմանք ցանկանում են փոխել իրենց բնակության վայրը, Աստված նրանց հետ: Իսկ ովքեր նախընտրում են, այդուհանդերձ, կյանքը ապրել այնտեղ, որտեղ ծնվել են, որտեղ ապրում են մարդիկ, որոնց հետ ունեն ընդհանուր հիշողություններ, դա ևս կյանքը ապրելու հրաշալի տարբերակ է: Կարճ ասած՝ տարբերակները շատ են: Մնում է միայն ժամանակ չկորցնենք և ապրենք…

Լիլիթ Ավագյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register