ՏԱՔՍՈւ ՄԻՋԻՑ ՉԹՔԵԼՈւ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1

Հայաստանն ամփոփում է իր՝ քաղաքական ամենաթեժ գարունը։ Վերջին երկու ամիսներն անցան քաղաքացիական ու քաղաքական ակտիվ մթնոլորտում, արդյունքների մասին գիտենք ամենքս ու տեղեկանում ենք անընդհատ։ Իրադարձությունները շարունակում են արագ զարգանալ,  ինչը թույլ չի տալիս ոչ մի պահի մոռանալ, որ հենց նոր հեղափոխության ականատես, մասնակից կամ  ընդդիմադիր եղանք։

Սակայն ես այսօր ուզում եմ մի այլ հեղափոխության անդրադառնալ, որին ոչ մի քայլարշավ ու ակցիա չի օգնի, առավել ևս հրահանգ ու կոչ։ Խոսքը մեր ներքին  հեղափոխության մասին է,  որը շատ ավելի դժվար գործ է, քան  իշխանափոխությունն ու դրան  հետևող մնացած փոփոխությունները։

Հայաստանում մեր հասարակությունն իրոք նախադեպ չունեցող հաղթանակ տարավ առաջատարը,  ինչպես և սպասվում էր, երիտասարդությունն էր։ Սակայն նրանց էլ, ընդհանրապես հրապարակ դուրս եկածների կամ  թեկուզ տնից ու աշխատավայրից իրադարձություններին հետևածների բուն անելիքը նոր է սկսվում․ եթե չփոխվի մեր գիտակցությունը,  մեր մտածելակերպը և դրան  չհաջորդեն մեր համարժեք քայլերը,  մենք  տանուլ կտանք  մի գեղեցիկ  հաղթանակ։

Հաճախ եմ  խոսել յուրաքանչյուր անհատի կարևորագույն անելիքներից, որոնք մանրուք թվալով` իրականում լուրջ արդյունքների են  տանում։

Գիտեք, թե ինչքան  կարելի է իրազեկվել, օրինակ,  տաքսիներում։ Տեսած վարորդները մի այլ կարգի ցնծում են, որ այլևս չեն լինի այս, այն կամ մյուս կեղեքիչները՝ ըստ թաղերի, սակայն պատահաբար մոռանում են մանր տալ։ Իսկ եթե անձրև է, ծառայության վճարը ոմանց մոտ կարող է և կրկնապատկվել. «Քո՛ւրս, բա էս անձրևին գիտես հեշտ ա քշել» աննահանջ պատճառաբանությամբ։ Հիմա ինձ ասեք՝ այս մարդուն ո՞ր մի հեղափոխությունը կփրկի, եթե իր ունեցած տեղային իշխանությամբ տեղում հաճախորդից փող է «քերում»։

Կամ տատիկը,  մայրիկը (ցավալի է, որ հատկապես կանայք), «զեբրայից» մի քանի մետր հեռավորության վրա սեփական երեխաներին որպես վահան  օգտագործելով` փողոց է կտրում, մանկանն արդեն  իսկ իր տեսակը պատվաստելով։

Պատկերացրեք այն  ինքնագոհ երիտասարդի դեմքը, որն իր վաստակած գարեջրի հետ մի-երկու բուռ արևածաղիկ է ջանասիրաբար չրթում և այդ ամենը` մայթին, հետո էլ թքում, թե` ախպեր էս երկիր չի, որ մենք ենք ապրում։

IMG_5189

Ես անկեղծ ներքին պայքարում հաղթանակ ու անձնային աճ եմ սրտանց մաղթում նաև մանր ու մեծ մեքենա քշող այն տղաներին, «ձյաձերին», որ իրենց քոքած անորակ երաժշտության հետ անպայման հասցնում են մի քանի հատ էլ ծխել ու մնացորդը,  ներողություն, դուրս թքել իրենց ներաշխարհ- պատուհանից։

Բոլորիս քաջածանոթ այս մանրուք- պատմություններն  իրականում ներքին հեղափոխության անհետաձգելի պահանջի մասին են։

Այդ մասին հատուկ հրահանգներ ու կոչեր  կարող են և չլինել։ Բայց եկեք ինքներս մեր լոկացիան ֆիքսենք ու ի գիտություն  ընդունելով՝ փորձենք աճել, փոխվել ու առաջ քայլել։ Փոքր քայլերը մեզ հաստատ մեծ ճանապարհ  կտանեն ու մի օր էլ կտեսնենք, որ փոխվել ու ավելի հարուստ ենք  դարձել։ Ու մեզ համար էլ աննկատ  կտեսնենք, որ մի օր էլ  մեր գործերն են  լավանում, որովհետև գործատուները միշտ ու ամենուր գերադասում են ավելի բարեկիրթ ու կարող աշխատակիցների։

Մեր ներսի փոփոխությոթւններն անպայման դրսից էլ փոփոխություններ կբերեն ու անպայման լավ արդյքունքով։ Եկեք ընդառաջ գնանք  ու դիմավորենք  մեզ ողջունող հաջողություններին։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register