ԹԱՎՇՅԱ ԼՐԱԳՐՈւԹՅՈւՆ

cover

Ապրիլ ամսվա երկրորդ կեսին և մայիս ամսվա առաջին կեսին լրագրողներն աշխատում էին արտակարգ ռեժիմով: Ներքաղաքական իրավիճակը փոխվում էր կայծակնային արագությամբ, շատ հաճախ հնարավոր չէր լինում հետևել ամբողջ լրահոսին, տարբեր թեժ կետերում տեղի ունեցող գործողություններին: Սա իսկական փորձություն էր լրագրողների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների համար. չէ որ անհազանդության գործողությունները սկսվում էին վաղ առավոտյան, իսկ հանրահավաքներն ավարտվում ուշ երեկոյան: Քայլերթների ժամանակ ստուգվեց լրագրողների ֆիզիկական պատրաստվածությունը. արդյոք կարող էին նրանք օրական քայլել 25-30 կիլոմետր, հաղորդել որակյալ տեղակտվություն, երթով քայլողների ոտքի տակ չընկնել ու այս ամենի հետ հանդերձ` հասցնել քիչ թե շատ սննդարար մի բան ուտել:

Կարելի է ասել, որ լրագրողները պատվով դուրս եկան ստեղծված իրավիճակից: Սակայն այս շարժումն ուշագրավ էր նրանով, որ քաղաքացիները ֆանտաստիկ օժանդակություն ցուցաբերեցին մեդիային: Առանց որևէ հրահանգի, երթերին, ցույցերին, թեժ կետերից բողոքի ակցիաներին մասնակից քաղաքացիները տալիս էին «առաջին ձեռքից» ինֆորմացիա` լուսանկարներ, տեսանյութեր, ֆեյսբուքում ուղիղ եթեր էին մտնում, զանգահարում լրագրողներին և տեղեկացնում ստեղծված վիճակին:

Հունիսի 15-ին և 16-ին Երևանում անցկացվեց «Թվապատում 2018» լրագրողական կոնֆերանսը: Այն տեղի ունեցավ «Մարդիկ և մեդիան» կարգախոսի ներքո: Կոնֆերանսի երկրորդ օրը մեկնարկեց «582.000 քայլ. Թավշյա հայացք դրսից և ներսից» խորագրով, որը նվիրված էր հենց հեղափոխական օրերին լրագրողների աշխատանքին: Առաջին ելույթով հանես եկավ «Սիվիլնեթ» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը: Նրա խոսքով` «Սիվիլնեթը» նախապես մտադիր է եղել լուսաբանել բոլոր գործընթացները, սակայն տեխնիկապես անհնար է եղել իրականացնել գաղափարը, քանի որ առաջին օրերից հետո հսկայական թափ հավաքող շարժումը ապակենտրոն էր:

1

«Հենց այդ ժամանակ օգնության հասավ քաղաքացիական լրագրությունը: Յուրաքանչյուր օր հարյուրավոր, հազարավոր լուսանկարներ, տեսանյութեր էինք ստանում տարբեր քաղաքացիներից, Հայաստանի տարբեր կետերից: Իհարկե, այս դեպքում ռիսկ կար, բայց փորձում էինք հնարավորինս ճշտել տեղեկատվությունը: Օրինակ` մենք Վարդենիկ գյուղից վիդեո ստացանք, թե ինչպես են գյուղացիները փակում ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող ՀԷԿ-ին մատակարարվող ջուրը»,-  նշեց Կարեն Հարությունյանը` հավելելով, որ շատ կարևոր էր նաև «Սիվիլնեթի» կողմից վճռորոշ ԱԺ նիստերի անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ ուղիղ հեռարձակումները:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը խոստովանեց, որ թավշյա հեղափոխության ընթացքում իրականացրել է իր վաղեմի նպատակը և նիհարել 13 կիլոգրամով: «Մինչ այս տարվա ապրիլ ամիսը չէի պատկերացնում, թե երբ մարզադահլիճ հաճախելու ժամանակ կունենամ: Մինչդեռ մասնակցեցի «Նիկոլ ֆիտնեսին» (ինչպես կատակում էինք լրագրողներով) և նիհարեցի:

Իրադարձություններով հագեցած օրերին լինում էր, որ «Ազատությունը» միաժամանակ 8-9 ուղիղ հեռարձակում էր ապահովում: Երբեմն գուցե չի զգացվել, բայց մենք սովորական հեռախոսներով ենք ուղիղ հեռարձակում իրականացրել:

Ինձ համար շատ խորհրդանշական և ուշագրավ դրվագ էր, երբ մեր օպերատորը ֆիքսել էր, թե ինչպես է քաղաքացիներից մեկը (ցույցի ժամանակ) հեռախոսով դիտում «Ազատության» ուղիղ եթերը: Օպերատորը սկսել էր խոշոր պլանով ցույց տալ հեռախոսի էկրանը: Այդպես, քաղաքացին իր հեռախոսով տեսնում է, թե ինչպես են նկարում իր հեռախոսը», – նշել Նարինե Ղալեչյանը:

2

Վերջինս խոստովանեց, որ հաճախ սնվելու ժամանակ չէր ունենում: Նարինեն ժպիտով է հիշում դժվարությունները, իսկ պատմություններից մեկն էլ իր համար հիշարժան է դարձել.

«Կիզիչ արևի տակ քայլում էինք, ես ուղիղ եթերով լուսաբանում էի և չգիտեի` որտեղցի կարող եմ գլխարկ գնել: Բոլոր խանութների կողքով անցնելիս, գումարը ձեռքիս` ժեստերով ցույց եմ տալիս, որ գլխարկ եմ ուզում գնել, սակայն ոչ մի տեղ չկար: Ի զարմանս ինձ, մի երիտասարդ հեռվից նկատեց և իմ ուղղությամբ նետեց իր գլխարկը, որն ինձ պարզապես փրկեց, իսկ հետագայում դարձավ շատ թանկագին և խորհրդանշական իր ինձ համար»,- անկեղծորեն նշում է Նարինե Ղալեչյանը` շեշտելով, որ մինչ այժմ չի կարողանում գտնել երիտասարդին:

Ելույթի վերջում Նարինե Ղալեչյանը կարևորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնագիտության փաստը. «Ինձ համար հատկանշական է, որ երկրում հեղափոխություն արեց լրագրողը: Սա կարող է վարակիչ լինել»:

Գարեգին Ալեքսանյան 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register