ԹԱԼԻՇԻ ԱՐԾԻՎԸ

Ծնունդով տաշիրցի փոխգնդապետ Արտակ Աղեկյանը այս տարվա մարտի 29-ին կդառնար 37 տարեկան: Մատաղիսի զորամասի՝ Թալիշ գյուղի մոտակայքում տեղակայված գումարտակի հրամանատարը և լոռեցի 20-ամյա զինվոր Հայկ Բարոյանը մոտ մեկ տարի առաջ զոհվել են ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակման արդյունքում: Փորձառու սպան կարողացել է փրկել երեք զինվորի կյանք, իսկ երբ փորձել է փրկել նաև Հայկ Բարոյանին, հակառակորդի փամփուշտից ընկել է: Նրա զինվորական պայմանագրի ավարտին ընդամենը մեկ տարի էր մնացել:
Տաշիրում Արտակի հայրական տան սենյակներից մեկը թանգարանի է վերածվել: 20 տարվա ծառայության զինվորական իրերը՝ պատվոգրեր, մեդալներ, շքանշաններ, շորեր, հուշանվերներ, նոթատերեր, մեկտեղվել են այդ սենյակում է, մի մասն էլ տեղափոխվել է քաղաքի թիվ 2-րդ դպրոց, որն այժմ Արտակի անունով է: Հերոս զինվորականի պատվին մահվան տարելիցի օրը հայրենի Տաշիր քաղաքում հուշատախտակ և փառքի անկյուն է բացվել թիվ 2-րդ դպրոցում: Արտակ Աղեկյանին նվիրված երգ կա նաև՝ «Թալիշի արծիվ» անվանմամբ:
Արտակ Աղեկյանի մասին պատմել են հարազատները՝ կինը, եղբայրը, զինակից ընկերները: Կինը՝ 33-ամյա Լուսինեն պատմել է զինվորականի կին լինելու, միասին ապրելու սակավ ժամանակաշրջանի, ամուսնու հերոսական արարքի մասին:
Ամուսնացել ենք 2006 թվականին, բայց իրար հետ ապրել ենք ընդամենը 2-3 տարի: Սկզբից չէի պատկերացնում, որ Արտակը Վանաձորից բացի այլ տեղ է ծառայելու: Ղարաբաղում ծառայության ժամանակ 2 տարի ընտանիքով ենք ապրել, բայց երբ երեխաները դպրոց գնալու տարիքին հասան, Արտակը որոշեց, որ մենք վերադառնանք Երևան: Սկզբում չէի գիտակցում, հետո հասակացա, թե որքան ծանր է զինվորականի կին լինելը: Հատկապես, երբ դիրքեր էր բարձրանում, իմ հանգիստը լիովին կորցնում էի»:
Ծառայության ընթացքում Արտակ Աղեկյանը իրեն լավագույն կողմերով է դրսևորել, անընդհատ ինքնակրթությամբ է զբաղվել, կատարելագործվել է ռազմական գործում: 2014 թվականի արդյունքներով նրա գումարտակը ճանաչվել է մարտական հերթապահություն իրականացնող լավագույն ստորաբաժանումը: Դիվերսիոն հարձակումը Արտակի Աղեկյանի ծառայողոկան մեքենայի վրա տեղի է ունեցել 2015 թվականի փետրվարի 28-ին: Դիրքերից վերադառնալիս ճանապարհի հատվածներից մեկը լավ վիճակում չի եղել և, որպես հմուտ վարորդ, տեղանքը լավ իմացող, Արտակն է նստել ղեկին, իսկ հիմնական վարորդը՝ Հայկ Բարոյանը նստել է կողքին, որտեղ սովորաբար սպաներն են նստում:
– «Ուազիկում» եղել է նաև երեք այլ զինվոր: Ճանապարհի կեսին հակառակորդի դիվերսիոն խումբը դարանակալել է և սկսել կրակել մեքենայի ուղղությամբ, Արտակը միանգամից զինվորիներին հրահանգել է փախչել անտառ, քանի որ զենքը բեռնախցիկում է եղել, իսկ հակառակորդը թվային առավելություն է ունեցել: Առաջին կրակոցները եղել են Հայկի ուղղությամբ, մտածել են, որ սպա է: Վիրավորված զինվորը չի կարողացել իջնել մեքենայից: Երբ զինվորների հետ խորացել են անտառ, լսվել է Հայկի ձայնը: Արտակը միանգամից որոշել է վերադառնալ, որ փրկի իր զինվորին, իսկ մյուսներին հրամայել է հեռանալ: Զինվորներից մեկն էլ շատ համարձակ է եղել, ուզել է Արտակի հետ վերադառնալ, բայց հրամանատարը թույլ չի տվել և միայնակ է գնացել:
Հավանաբար շատերը հրաշքով փրկվելուց հետո չէին վերադառնա, բայց Արտակը առաջնային իր կյանքի մասին չի մտածել, այլ՝ իր զինվորի: Ցավոք, չի ստացվել, բայց երեք զինվորի կյանք փրկել է:
Լուսինեն և Արտակը ունեն երկու զավակ՝ 9-ամյա Տաթևիկը և 7-ամյա Սեդրակը:
Երեխաներին ասել եմ, որ իրենց հայրը հերոս է, երկնքում է: Ուզում եմ, որ իրենց հայրիկին հիշեն այնպես, ինչպես տեսել են: Աղջիկս՝ Տաթևը, 9 տարեկան է, տղաս՝ Սեդրակը, 7 տարեկան է: Հաճախ դիտում է զինվորական հաղորդումները, «Բանակում» հեռուստասերիալը: Շատ է ընդօրինակում հորը, կապված է հետը, ցանկանում է նմանվել:
Ծնողներս Երևանում են, մենք այժմ եղբորս տանն ենք ապրում: Վերջերս Երևանի քաղաքապետարանը բնակարան է շնորհել մեր ընտանիքին: Այս տարի տեղափոխվելու ենք»:
Արտակ Աղեկյանի եղբայրը՝ Արթուրը, նշում է, որ դեռ փոքր տարիքից Արտակը սիրել է ռազմական գործը, հայ հերոսների նկարներ է հավաքել: Մեծանալող, սեղանի շուրջ միշտ առաջինը ազատամարտիկների կենացն է խմել:
Արտակ Աղեկյանը 1996 թվականից է ծառայության անցել: Սովորել է ռազմական ինստիտուտում: 2000 թվականից նշանակում է ստացել Վանաձորի զորամասերից մեկում: 2006-2008 թվականներին Վանձորում Արտակ Աղեկյանի հետ ծառայած Զորայր Զուրաբյանը ընկերոջը բնութագրում է որպես հոգատար, ուրախ և պատասխանատու մարդու:
Երբ մեր զորամաս ստուգումների էին գալիս, միանգամից ուղեկցում էին Արտակի վաշտ: Հոգատար հրամանատար էր, զինվորները նրան մեծ եղբոր պես էին վերաբերվում: Դժվարությունները միշտ ժպիտով էր հաղթահարում: Նույնիսկ եթե պայմանները չէին ներում, նա կարողանում էր ուրախություն, լավ տրամադրություն հաղորդել շրջապատի մարդկանց: Զորամասից դուրս ևս շատ մոտ ենք եղել, նաև ընտանիքներով: Երբ իմացանք, որ Արտակին տեղափոխում են, ընկերներով դիմեցինք զորամասի հրամանատարին, որ եթե Արտակին տեղափոխում են, մեզ նույնպես ուղարկեն Մատաղիս»:
Արցախ տեղափոխվել է 2008-ին: Մատաղիսում 6 տարուց ավելի Արտակ Աղեկյանի հետ ծառայած սպա Արամ Առաքելյանը պատմում է, որ Արտակը երբեք չի խուսափել բարդ աշխատանքներից, միշտ նախաձեռնությունն իր վրա է վերցրել: Որպես զինվորական իր գործի գիտակն է եղել, իսկ զինվորների համար և՛ հրամանատար է եղել, և՛ մեծ եղբայր:
Վստահ եմ, որ զորամասի սպաների մեծ մասը նրանից սովորել են, ցանկացել են նմանվել: Որտեղ էլ լիներ Արտակը, ուրախ, բարձ տրամադրություն էր ապահովում: Հաճախ բարդ աշխատանքների ժամանակ այնպիսի տրամադրվածությամբ էր աշխատում, որ բոլորիս համար միանգամից դյուրին էր դառնում: Հիշում եմ, որ դիրքերը ստուգելիս փոխարինում էր զինվորներին, ուղարկում հանգստի, իսկ ինքը նրանց փոխարեն մի քանի ժամ կանգնում էր խրամատում»:
Ղարաբաղում մեկ այլ զինակից ընկեր՝ Արտակ Հակոբյանը, նշում է, որ դեպքից 2 ժամ առաջ է տեսել Արտակին՝ զինվորներին ծխախոտ հյուրասիրելիս.
Դժվար չէ բնութագրել Արտակին: Իհարկե, իդեալական մարդ չի լինում, բայց նա հազվագյուտ էր: Մեկ բառով կարող եմ ասել՝ առաջնորդ:
Այժմ մեր գումարտակի տարածքում երկու խաչքար կա: Շատ հուզումնալից էր, երբ նրա ղեկավարությամբ ծառայած զինվորները զորացրվում էին, բոլորը մոմ վառեցին խաչքարերի մոտ:
Երբ անցած տարվա փետրվարին,՝դեպքից 2 շաբաթ առաջ, միասին գնացինք Թալիշի մոտ գտնվող Հոռեկա վանքը, առատ ձյուն էր տեղացել և ավտոմեքենան դժվարությամբ էր առաջ ընթանում: Հորդորում էի Արտակին, որ ետ վերադառնանք, բայց նա հաստատակամ էր: Ասաց՝ Սրբի դուռ ենք գնում, չենք կարող կես ճանապարհից ետ դառնալ: Հիմա իր խաչքարն է Սրբի դուռ դարձել»:
Հարություն Իսրայելյան
Հ.Գ. Մենք վաղուց էինք ծրագրում գրել Արտակ Աղեկյանի մասին: Երբ սկսեցինք խոսել հարազատների, ընկերների հետ, և հոդվածն ամբողջական տեսքի էր հասել, հանկարծ խմբագրությունում նամակ ստացվեց երիտասարդ մի լրագրողուհուց, ում անունը Կուշանե Չոբանյան է: Զարմանալի զուգադիպությամբ նա որոշել էր «Ճամփորդի» խմբագրություն ներկայացնել Արտակ Աղեկյանի որդու՝ Սեդրակի անունից գրված մի պատմվածք, որում տղան հիշում է հորը՝ 20 տարի անց: Եվ չնայած «Ճամփորդը» գեղարվեստական գործեր չի հրապարակում, զուգադիպությունն այնքան ցնցող էր, որ մենք որոշեցինք այդուամենայնիվ՝ Կուշանե Չոբանյանի պատմվածքից մի քանի գեղեցիկ պատառիկ ներկայացնել այստեղ:
… Անունս Սեթ է: Ես 25 տարեկան եմ: Քսան տարի է անցել այն օրից, ինչ հայրս չկա: Այն ժամանակ հինգ տարեկան երեխայիս համար զոհվել և ապրել բառերն այնքան նույնն էին, որ երբ հարազատներս իրար մեջ քչփչում էին, որ նա մահացել է, ես չէի հասկանում, թե ինչ են ասում. մտածում էի՝ գուցե դա նշանակում է ինչ-որ տեղ մեկնել երկար ժամանակով և նրանք ինձ չվշտացնելու համար են շշուկով խոսում այդ մասին: Միայն հիշում եմ, որ մի օր հայրս էլ չեկավ: Նրա անթիվ մեդալներին մեկն էլ ավելացավ…
… Տատս շատ էր սիրում հորս մասին պատմել: Հայտնի պատմություններից մեկը նրա կոշիկների մասին է: Մի անգամ տատիկս ու պապիկս գնում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որտեղ սովորում էր հայրս, հարցնում են ուր է, հրամանատարներից մեկն ասում է՝ գնացեք, նայեք բոլոր զինվորների կոշիկները, ամենամաքուրը հենց գտաք, ձեր որդին է. ամբողջ օրը կոշիկ է փայլեցնում…
…Մայրս միշտ նեղսրտում էր, որ հորս քիչ է տեսնում, դրա համար էլ, երբ նրան Ղարաբաղ տեղափոխեցին, մենք էլ մեկնեցինք ու որոշ ժամանակ մանկությանս մի կտոր անցել է Արցախում՝ Մատաղիսում: Հայրս այնտեղ էր ծառայում: Իմ՝ հորս հետ անցկացրած ամենաերկար ժամանակահատվածն է եղել: Ես 25 տարեկան եմ, բայց հորիցս այդպես էլ չլսեցի այն տղայական խորհուրդները, որ պետք է տար, նա իր զինվորական հագուստով ինձ դպրոց չտարավ, որ ես էլ հպարտությունից քիթս ցից քայլեի, երջանիկ, որ նրա պես հայր ունեմ` Հայրենիք պաշտպանող…
…Տարիներ անց մայրս ինձ պատմեց ամեն բան ու հենց այդ ժամանակ ես հասկացա. մահանալ չի նշանակում ինչ-որ տեղ մեկնել, մահանալ նշանակում է երբեք հետ չգալ, մնալ սրտում, հոգում ու հիշողություններում…
…Տաշիրում գտնվող մեր տունն առաջվանը չէ, այն ուրախ, քեֆ անողների տունը, որը միշտ լիքն է եղել հյուրերով hիմա մի տեսակ ուրիշ է: Բայց միևնույնն է, 20 տարի անց անգամ նրա ներկայությունն այնքան շատ է, տունն այնքան լիքը նրանով, որ թվում է հիմա նորից մեր հսկա բակի դարպասի դուռը կբացվի ու ես ամբողջ բակով մեկ կվազեմ նրան ընդառաջ վզովն ընկնելու…