ՏԱԲՈւՆԵՐԻ «ԳԱՂՏՆԱԶԵՐԾՄԱՆ» ԺԱՄԱՆԱԿԸ

1

Սեռական հարաբերությունների մասին խոսելիս հայերը, չգիտես ինչու, հաճախ անհանգստանում, նյարդայնանում են: Այն համարվում է փակ ու գաղտնի թեմա, մինչդեռ  այդպես չպետք է որ լիներ: Փորձը վկայում է, որ սեռական վատ դաստիարակությունը լրջագույն խնդիրների է հանգեցնում արդեն հասուն տարիքում: Սեռական դաստիարակության բարելավումն ու  ձերբազատումը տաբուներ հաստատող մենթալիտետից, օգնում է մարդկանց պատրաստ  լինել առողջ սեռական կյանքի։ Սա ամենևին էլ չի  հաստատում այն թյուր կարծիքը, թե սեռական գրագիտությունն, ի վերջո, հանգեցնում է անբարոյական վարքի կամ չափից դուրս շուտ սեռական կյանքով ապրելու։  Քա՛վ լիցի: Սա նշանակում է, որ մարդը, հակառակը, զերծ մնալով «անգրագիտությունից» ածանցվող սխալ գայթակղություններից՝ պահպանում է իր ֆիզիկական ու մտավոր առողջությունը։

Վերջին շրջանում հատկապես,էրոտիկան պաշարել է բոլոր ոլորտները, բաց տեսարաններով  ֆիլմերն ու գրքերը հայտնվել են հանրային  ուշադրության կենտրոնում: Քննարկման առարկա դառնալուց բացի, վերջիններս  այնուհետ  արժանանում են հնարավոր ու անհնար տարատեսակ մրցանակների։

Այս անգամ առաջարկում եմ խոսել իմաստալից հարաբերությունների և այն մասին, թե ինչու են «50 երանգների» նման վատ ֆիլմերն ու գրքերը բացարձակացնում սեքսը՝ դրա միջից դուրս մղելով պատասխանատվության բոլոր տարրերը:

Սեքսն ունի խիստ որոշակի հետևանքներ: Նախ չպետք է մոռանալ, որ     հակաբեղմնավորիչների հայտնագործումից հետո (1960-ական թվականներ)՝ սեռական հարաբերությունները  դարձան տրիվիալ մի բան: Սեքսը մոդեռնիզացվեց: Ամուսնության և ընտանիքի վերաբերյալ ավանդական պատկերացումներն ու պատասխանատվության երբեմնի զգացումը սկսեց փոխարինվել պատահական հարաբերություններով, մեկ գիշերվա կյանք ունեցող սեքսով:

Երկարաժամկետ հատվածում՝ սա մեր հասարակության համար  առողջարար չէ, որովհետև բացի նրանից, որ դրանով ձևավորվում են անառողջ սպասելիքներ հարաբերություններից, նաև չեն  պատշաճում հայկական ընտանեկան մոդելին, որն, ըստ իս, առողջ ու դրական մոդել է:

Հայերն ընտանիք սիրող, այն  գնահատող ժողովուրդ են և հրաշալի է, որ այս ինստիտուտը Հայաստանում իրեն չի սպառում։ Չնայած այն հանգամանքին, որ «50 երանգների» նման ֆիլմերը կարող են ժամանցային դիտարկվել, երբեմն անգամ զվարճալի լինել, դա լավ ազդանշան չի  հասարակության համար, և խնդիրը ոչ թե հենց դրանց անորակ լինելն է, այլ  նախևառաջ նման ֆիլմերի նկատմամբ  հանրային անառողջ հետաքրքրասիրությունը (գլոբալ առումով)։  Նմանօրինակ ֆիլմերն ապակենտրոնացնում են մեզ, շեղում սեռական հարաբերությունների հանդեպ  պատասխանատվության զգացումից: Սա իր ազդեցությունն է ունենում ժամանակակից Հոլիվուդյան և ամերիկյան սեքս սկանդալների վրա: Չկա հարգանք սեքսի (երևույթի) նկատմամբ, և մարդիկ սխալմամբ դրան   վերաբերվում են որպես վաճառքի ենթակա ապրանքի: Իսկ ցանկացած հարաբերություն, լինի դա ֆիզիկական, թե հոգևոր, իրենից պատասխանատվություն է ենթադրում, ինչը հնուց ի վեր  շատ ամուր սերմանել են  հայկական ընտանիքներում։

Մենք պատասխանատու ենք մեր սիրելիների, զուգընկերների համար և մշտապես պետք է հիշենք, որ թուլացնելով ընտանիքի գաղափարախոսության պարիսպները, նախ թուլացնելու ենք հենց ինքներս մեզ՝ մեր իսկ զգացմունքներով հանդերձ։ Հենց սրա համար է անհրաժեշտ սեռական դաստիարակությունը, որպեսզի  կարողանանք գիտակից վերաբերվել մարմնական ցանկություններին ու ի սկզբանե դաստիարակենք ապրելու, սիրելու ու զգալու ունակ առողջ սերունդ: Միայն այդպես է հնարավոր ֆիզիկապես ու  հոգեպես առողջ ընտանիք կառուցել։

Սիրով՝ ձեր Արիանա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register