ԱՅՑԵՔԱՐՏԸ  ՓՈԽԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿԸ

1

Հայաստանի ժամանակակից քաղաքական-հասարակական կյանքում կան մշտական  դիտարկվող մի քանի ուղղություններ, որոնք գրեթե անփոփոխ են, ուղղված և՛ արտաքին, և՛ ներքին լսարանին: Սակայն  միշտ չէ, որ մշտական այդ ուղղությունները շահեկան լույսով են ներկայացվում  կամ ծառայում  երկրի իմիջի բարելավմանը: Հակառակը,  ծայրահեղական դրսևորումները հաճախ հակառակ էֆեկտն են ունենում: Հատկապես, երբ դրանք մատուցվում են պաշտոնական խոսափողով, երբ այդ մասին՝ այդ տոնայնությամբ խոսում են պետական այրերն ու տիկնայք:

Պաթոսը հիշեցնում է խորհրդային ժամանակները, իսկ նոր ու արդիական  թեմաները դրանցով համեմելը պարզապես վնասակար է: Հայրենիք եկող երիտասարդներն օրեր  շարունակ լսելով հայու գենի, գերեվարված Մասիս սարի, Ցեղասպանության մասին բարձր նոտաներով արվող հիշատակումները՝ Հայաստանն ընկալում են  իբրև անցյալով ապրող երկիր:  Նրանք այդպես էլ չեն կարողանում հասու լինել Հայաստանի բուն էությանն ու իրենց ճշմարիտ նպաստը բերել երկրի ապագային: Բայց մի՞թե դա է մեր նպատակը: Կրկնեմ, խնդիրը տոնայնության ու մատուցման մեջ եմ տեսնում ու նաև՝ այդ գաղափարների շուրջ  բացակայող ռեալ  իրողությունների:

Տխուր է բայց, փաստ. Ցեղասպանությունը դրսում մեր այցեքարտն է դառնում. սա ինձ  հիշեցնում է խեղճ որբուկի, որին բոլորը կարեկցում են, մեկ-մեկ էլ գլուխը  շոյում և … միայն այսքանը: Այնինչ, Հայաստանը պիտի աշխարհին  ներկայանա գիտության, մշակույթի, սպորտի և այլ բնագավառներում ստեղծած իր արժեքներով: Եվ այդժամ մեզ համար ավելի հեշտ կլինի օրինակով ցույց տալ հայ ժողովրդի գենի ուժը, իսկ ուժեղ պետություն դառնալով աշխարհին, և առաջին հերթին հենց Թուրքիային կստիպի ճանաչել Ցեղասպանությունը:

Թե չէ անցյալի փառքը կամ  կորստի ցավը չեն կարող ներկային փոխարինել: Ներկան  իրականությունն է, որ պետք է արժանապատիվ ապրել ու վաղվա  օրվա իրատեսական  տեսլական ունենալ:

Իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Ցեղասպանության ճանաչումը կարևոր ուղղություններից մեկն է, սա երբևէ ժխտել,անտեսել չի կարելի: Հենց սրա համար էլ այն  պետք է չափված-ձևված լինի, աշխատող ու հասցեական: Պաթոսը սպանում է ցանկացած գաղափար, զոհի կերպարը խղճահարությունից  զատ՝ առողջ պահանջատիրություն չի ծնում . սա՝ արտաքին աշխարհում,  իսկ  ներքին կյանքում այն շատ ավելի վնասակար է. նոր սերունդը պիտի աշխարհին համաքայլ մեծանա, առավել ևս՝ չապրի զոհի ժառանգորդի սինդրոմով:

Պաթոսը փրփուր է հիշեցնում, որի նստելուց հետո ոչինչ չի մնում։ Խնդիրները գուցեև գտնվում են զգայական դաշտում, սակայն լուծվում են միայն գործնական ու իրատեսական հարթությունում:

Հայաստանն ունի կիրառման իր «հերթին»  սպասող մեծ ներուժ: Հենց այդ պոտենցիալն ու Հայաստանի ապագայի հանդեպ հավատն է, որ պետք է մոտիվացնի աշխարհի տարբեր ծագերում ապրող երիտասարդ պարմանիներին ու պարմանուհիներին՝ իրենց նպաստը բերելու Հայաստանի զարգացմանը:

Սիրով՝ ձեր Արիանա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register