ՍՏՐՈւԿՆԵ՞Ր, ԹԵ՞ ԹԱՆԿ ՖՈւՏԲՈԼԻՍՏՆԵՐ

4

Հիշո՞ւմ եք Ռիդլի Սքոտի «Գլադիատոր» ֆիլմը: Վստահ եմ, շատերդ եք տեսել այն: Եթե տեսել եք, ապա անշուշտ կհիշեք նաև ծերուկ Պրոքսիմոյին, նախկին գլադիատորին, ով արդեն ինքն է գլադիատորական մարտեր կազմակերպում: Օսկարակիր ֆիլմի միջնամասում նկարագրվում է, թե ինչպես է Պրոքսիմոն ստրուկներից ընտրում առավել ամրակազմ, կռվելու ունակ տղամարդկանց` գլադիատորական հետագա մարտերի համար: Այդ ստրուկների մեջ է լինում  նաև հռոմեական բանակի արդեն նախկին գեներալ Մաքսիմուսը:

3

Ի՞նչ կապ ունի այս ողջ պատմությունը ժամանակակից սպորտի հետ, թերևս հարցնեք դուք: Ուղղակի, կպատասխանեմ ես: Հազարավոր տարիների ընթացքում մարդկանց նախասիրությունները  չեն փոխվել: Նրանց գերակշիռ մասը այժմ էլ ունի «հացի և զվարճանքի» առաջնային կարիք, ճիշտ և ճիշտ՝ ինչպես Հին Հռոմում:  Դա տարածվում է նաև ամենասիրված մարզաձևի` ֆուտբոլի վրա: Ֆուտբոլիստներին (ինչպես նաև բռնցքամարտիկներին) հաճախ համեմատում են գլադիատորների, իսկ ստադիոններն էլ` մարտական հրապարակների հետ:

Ֆուտբոլիստների տեղափոխությունը մի ակումբից մյուսը կարելի է դիտարկել հենց այս տեսանկյունից: Օրինակ` աշխատանքի իրավունք ունեցող մարդու տեսանկյունից: Նա մի աշխատատեղը փոխում է մյուսով, ընտրում է այն մեկը, որտեղ ավելի լավ պայմաններ են առաջարկվում: Սակայն ֆուտբոլային աշխարհում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Աշխատանքային պայմանագիրը ,որպես կանոն, նախատեսված է լինում հստակ ժամանակահատվածի համար, որի ավարտից հետո խաղացողը դառնում է ազատ աշխատող և կարող է պայմանագիր կնքել ցանկացած այլ ակումբի հետ, իսկ եթե ժամանակից շուտ է ցանկանում խզել պայմանագիրը, ապա պետք է հետաքրքրվող ակումբը կամ ինքը` ֆուտբոլիստը վճարի դրա համար: Այս ամռանը եվրոպական ակումբների մենեջերները, մարզիչները, ֆուտբոլային գործակալների հետ աշխատող մարդիկ ծանր աշխատանքային գրաֆիկով են աշխատել:

Անթիվ բանակցություններ, ստացված և չստացված գործարքների արդյունքում շրջանառվող աստղաբաշխական գումարներ: Այս տրանսֆերային պատուհանը կարելի է պատմական համարել: Կատարի գումարներով սնվող ֆրանսիական «ՊՍԺ»-ն, օրինակ,  դարի գործարքն իրականացրեց` «Բարսելոնայից»  «փախցնելով» աշխարհի լավագույն խաղացողներից մեկին` Նեյմարին: Ակումբը վճարեց նրա հրաժարագինը` 222 միլիոն եվրոն: Այս ցուցանիշն ավելի քան երկու անգամ գերազանցեց բոլոր ժամանակների ռեկորդային տրանսֆերի գումարը` 105 միլիոն եվրոն, որը «Մանչեսթեր Յունայթեդն» անցած տարի վճարեց «Յուվենթուսին»՝ Պոլ Պոգբայի համար:

Նեյմարի փոխարեն «Բարսելոնան» այդպես էլ չկարողացավ ձեռք բերել «Լիվերպուլի» առաջատար Ֆիլիպե Կոուտինյոյին, քանի որ վերջինիս տրանսֆերային արժեքը 75 միլիոն եվրոյից բարձրանալով՝ հասավ 200 միլիոնի սահմանագծին:  Դրա փոխարեն Դորտմունդի «Բորուսիայի»  20-ամյա վունդերկինդ Ուսման Դեմբելեն համալրեց  «Բարսելոնայի» կազմը: Ստորև կարող եք ծանոթանալ վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում իրականացված 10 ամենաթանկարժեք գործարքներին:

2

Նեմանյա Մատիչ (կիսապաշտպան, 29 տարեկան) – «Չելսիից»` «Մանչեսթեր Յունայթեդ», 44.7 միլիոն եվրո:

Գուլֆի Սիգուրդսոն (կիսապաշտպան, 27 տարեկան) – «Սուոնսիից»՝ «Էվերթոն», 49.4 միլիոն եվրո:

Բերնարդու Սիլվա (կիսապաշտպան, 23 տարեկան) – «Մոնակոյից»` «Մանչեսթեր Սիթի», 50 միլիոն եվրո:

Կայլ Ուոքեր (պաշտպան, 27 տարեկան) – «Տոտենհեմից»` «Մանչեսթեր Սիթի», 51 միլիոն եվրո:

Ալեքսանդր Լակազետ (հարձակվող, 26 տարեկան) – «Լիոնից»`«Արսենալ», 53 միլիոն եվրո:

Բենջամին Մենդի (պաշտպան, 23 տարեկան) – «Մոնակոյից»` «Մանեչսթեր Սիթի»,  57.5 միլիոն եվրո:

Ալվարո Մորատա (հարձակվող, 24 տարեկան) – «Ռեալից»` «Չելսի», 65 միլիոն եվրո:

 Ռոմելու Լուկակու(հարձակվող, 24 տարեկան) – «Էվերթոնից»` «Մանչեսթեր Յունայթեդ», 75 միլիոն ֆունտ, ինչպես նաև Ուեյն Ռունիի անվճար տրանսֆերը հակառակ ուղղությամբ:

Ուսման Դեմբելե (հարձակվող, 20 տարեկան)- «Բորուսիայից»` «Բարսելոնա», 105 միլիոն եվրո:

Նեյմար (հարձակվող, 25 տարեկան) – «Բարսելոնայից»` « ՊՍԺ», 222 միլիոն եվրո:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register