ՍԹՐԵՍ  ԵՎ «ՇՈԿՈԼԱԴ»

1

Ամառը հանգստի մասին հիշելու և հիշեցնելու հրաշալի շրջան է: Ահագնացող տապից պատսպարվելու համար շատերն են փորձում իրենց հասանելիք արձակուրդը վերցնել հենց  այս հատվածում: Ծով չունեցող երկրի բնակիչների համար՝ ամառը ջրից կարոտն առնելու և արժանապատիվ հանգիստը վայելելու պատեհություն է: Հայաստանաբնակների մի մասն արձակուրդը վայելելու համար հեռու ու մոտ երկրների ծովափներ ու աշխարհի քարտեզի վրա ծվարած էկզոտիկ երկրներ է մեկնում: Մի մասն էլ շտապում է ամառային հանգիստն անցկացնել Հայաստանի զով ու գեղատեսիլ անկյուններում: Իհարկե, մարդիկ էլ կան, որոնք  ինչ-ինչ պատճառներով նախապատվությունը տանը հանգստանալուն են տալիս:

Այս կամ այն կերպ, կարճ կամ երկար հանգիստն ըմբոշխնելով, ի վերջո բոլորս էլ ստիպված ենք լինում վերադառնալ մեր առօրյային, աշխատանքային բնականոն եռուզեռին: Երկարատև ընդմիջումից հետո ոմանք հաճույքով են վերադառնում աշխատանքի: Ի սեր անկեղծության, սակայն, հարկ է խոստովանել, որ պասիվ ռեժիմով հանգիստը վայելածներից շատերը՝ սովորաբար դժվար են վերադառնում «շարքեր» ու անցնում «մակընթացության» փուլի:

Ուրեմն ի՞նչ անել` արձակուրդից վերադարձին հաջորդող սթրեսից խուսափելու համար: Ակնհայտ է մի բան. հանգստից հետո աշխատանքի հաճույքով վերադառնում են այն մարդիկ, որոնք զբաղվում են սիրած գործով: Նրանք առանձնակի հաճույքով են աշխատում ու ստեղծագործաբար մոտենում իրենց աշխատանքային պարտականություններին:

Բայց որքան էլ սիրենք  մեր աշխատանքը, թարմ ուժերով վերադառնալով աշխատանքի, մենք խնդիր ունենք ակտիվացնելու «տեղատվության» ընթացքում «ծուլացած» մեր  բոլոր ներքին պտուտակները: Հոգեբաններն այս առիթով էլ խորհուրդներ ունեն: Նրանք հորդորում են ամբողջ ծավալով չլծվել գործի, այլ ծանրաբեռնվածության հիմնական ծավալը վերականգնել աստիճանաբար, մի քանի օրվա ընթացքում անցնելով  առօրյա ռեժիմի: Դրան մեծապես կարող են օգնել աշխատանքային մոտիվացնող ծրագրերը:

Ի վերջո, հիշենք, որ ինչքան էլ հոգնում ենք աշխատանքից ու աշխատանքային խնդիրներից,  այն սոցիալական համակեցության կարևոր առանցքներից է: Հարկ է հիշել նաև, որ հենց աշխատանքային միջավայրում են մարդիկ դրսևորվում որպես հասարակության անդամ, որպես մասնագետ ու կերտում իրենց կարիերան:

Արձակուրդից վերադարձն իր հետ նաև փոփոխությունների շրջան է բերում: Շատերի համար թարմ ուժերով գործին վերադառնալը նաև փոփոխությունների գնալու շրջան է նշանավորում, կրեատիվ գաղափարների  ու նոր ծրագրերի շրջան, որը հնարավորություն է ընձեռում  նոր տեսանկյունից  դիտարկել իրենց աշխատանքը:

Ի դեպ, նրանք, ովքեր այնքան էլ չեն սիրում իրենց աշխատանքը,կարող են հենց հանգստի շրջանն օգտագործել, հասկանալու  համար՝ պարզապես հոգնե՞լ էին, թե՞ իրապես փոփոխություն է անհրաժեշտ: Եթե վերջին տարբերակն է, ապա արձակուրդը կարող է ծառայել նաև նոր աշխատանքի փնտրտուքին, ինչու ոչ, նաև նոր հմտությունների ձեռքբերմանը:

Ֆիզիկապես ու հոգեպես հանգիստ մարդն ավելի սթափ է գնահատում իր հնարավորությունները, ավելի ռիսկով  է գնում փոփոխությունների ու հաջողում:

Ինչևէ, տարվա ամենաարձակուրդային ամիսը՝  օգոստոսը սկսվել է ու մաղթում ենք, որ այն լիարժեք վայելեն բոլոր հանգստի մեկնողները: Իսկ արդեն աշխատանքի վերադարձողները վայելեն  իրենց գործն ու հմտորեն  կարողանան այն համատեղել քաղաքում եռացող հաճելի միջոցառումների հետ: Ամառը նաև հրաշալի համերգների, ներկայացումների, արշավների ու պարզապես մի գավաթ սառը սուրճ վայելելու  շրջան է:

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register