ՍՓՅՈւՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ ԱՊՐԵԼՈւ ԻՐԱՎՈւՆՔԸ

3

Սփյուռքի նախարարությունը մեր պատմական իրողություններով պայմանավորված կառույց է։ Հայերը մի ժողովուրդ են, որի մեծամասնությունը սփյուռք է, իսկ այստեղ ապրողների համար կարծես հոգու պարտք է համերկրացիների հետ կամուրջ լինելը։

Անկախ Հայաստանում, տարիներ շարունակ, այս նախարարությանը վերապահված գործառույթները կատարվել են մնացած նախարարությունների կողմից, և սա բնական է, որովհետև մեր՝ գրեթե բոլոր նախարարությունները սերտ կապ ունեն Սփյուռքի նախարարության հետ՝ մեր իրականության նման։ Ինչպես ամեն մի ընտանիք ունի մեկին, որը օտար երկրում է ապրում, այնպես էլ ամեն կառույց որևէ հարցով մշտապես առնչվում է Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Ստացվում է, որ ամբողջ աշխարհի հետ Հայաստանն ունի ինտեգրացիա, և այն գնալով խորանում է՝ շնորհիվ միջազգային կապերի, նաև՝ Սփյուռքի հետ սերտ հարաբերությունների շնորհիվ։

Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է 2008թ. սեպտեմբերին, այդ տարիներին արտագաղթն այսքան շատ չէր, և նույնիսկ ներգաղթ կար։ Հավանաբար, կառավարությունը հույս ուներ, որ նախարարությունն իր վարչություններով կնպաստի դրա առավել թափին, քանի որ ի սկզբանե նախարարությունը փորձում է գրավիչ, հուսալի ու հասանելի դարձնել հայրենիքը՝ օտար երկրում ապրողների համար։ Եթե համարենք, որ Սփյուռքի գերագույն առաքելությունը տուն վերադառնալն է, այսինքն՝ ներգաղթը, ապա այսօր չունենք այն երանելի ներգաղթը, որը ցանկանում ենք, քանի որ թվերը հակառակն են փաստում՝ տասը տարիների ընթացքում երեք հարյուր հազարից ավել արտագաղթ ունենք, ինչը շատ մեծ թիվ է՝ այսչափ փոքր երկրի համար։

Եվ օդում կախված հարց է մնում․ ի վերջո, մեզ պե՞տք է առանձին Սփյուռքի նախարարություն, թե՞ այն պետք է լինի որևէ նախարարության կազմի մեջ՝ բաժնի տեսքով։ Իրականում, պատասխանը ևս ակնհայտ է․ եթե կարողանա վերջապես շատ ավելի դրական արդյունք տալ՝ քան մինչ այժմ, իհարկե արդարացված կլինի, իսկ եթե ոչ, հավանաբար ավելի խելամիտ կլիներ այն ներառել ուրիշ նախարարության կազմի մեջ։ Սփյուռքի նախարարությունը եթե շարունակի իր գործունեությունը որպես առանձին նախարարություն, պետք է ուղղակի փոխի իր ռազմավարական տեսլականը և ձգտի հասնելու սփյուռքի հետ համագործակցության ավելի խորը մակարդակի՝ պատմական ակնարկներից և ոչինչ չասող հանդիպումների ֆորմատից դուրս գալով։

Նաև մասնագիտական ծավալուն հետազոտություն պետք է արվի, որպեսզի սահմանվի հստակ նպատակակետը, պետք է սահմանվի, թե ով է Սփյուռքը: Հաճախ բոլոր մարդկանց խառնում են մեկ բառի մեջ և անունը դնում «սփյուռք»: Բայց իրականում հայ համայնքները Միջին Արևելքում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Հարավային Ամերիկայում և այլ շրջաններում շատ տարբեր են: Մենք կարիք ունենք պատշաճ սահմանումներ տալու: Դրա համար էլ մեզ լուրջ վերլուծություններ են պետք, դրանց կարիքն, առհասարակ, բոլոր ոլորտներում կա: Այնուհետև պետք է հասկանալ, թե ինչպես կարող ենք Սփյուռքի մարդկանց ներգրավվածությունն ավելացնել ավելի խոր մակարդակում:
Ժամանակները փոխվում են, և հիմա ավելի քան երբևէ կարիք ունենք քրտնաջան աշխատելու և ցանկացած մարդ ու նախարարություն պետք է արդարացնի իր ներուժը և պետության ներդրումը, որը ներառում է իր ոլորտը։

Սփյուռքի նախարարությունը պետք է ապացուցի, որ ապրելու իրավունք ունի, և ի վերջո, սա ապացուցելու լավագույն միջոցը կլինի ներգաղթի՝ օր օրի աճող թվերը։

Սիրով ձեր՝ Արիանա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register