ՍՊԻՏԱԿԻ ՍԵՎ ԴԱՍԵՐԸ

Անցյալ տարի այս ժամանակ հարևան երկրում երկրաշարժ եղավ, ստորգետնյա ցնցումները զգացվեցին նաև Հայաստանում: Այս թեմայի նկատմամբ հասկանալի պատճառով խիստ զգայուն մեր հասարակությունը հերթական ցնցումն ապրեց: Տագնապը համացանցով արագորեն տարածվեց ու մարդիկ սկսեցին ակտիվորեն հետաքրքվել, թե որտեղ է երկրաշարժի էպիկենտրոնը: Այն տարածքներում, որտեղ ցնցումներն ավելի ուժեղ էին զգացվել, ապահովության նկատառումներով մարդիկ անգամ տներից էին դուրս եկել: Նման արձագանքը,սակայն, իր բացատրությունը: Ամեն նման ցնցման հետ մեր ժողովուրդը վերապրում է Սպիտակի հրեշավոր երկրաշարժը:
Սպիտակ քաղաքը՝ Գյումրիի ու հարակից գյուղերի հետ միասին 29 տարի առաջ սևավորվեց: Ամբողջ Հայաստանն էր տնքում ցավից ու փորձում ավերակների միջից փրկել հրաշքով կենդանի մնացածներին: Աղետն ամեն տուն մտավ՝ իր հետ բերելով կորստյան ցավ, ավեր ու ավերակ: Շուրջ երեք տասնամյակ է անցել, բայց ականատեսները մինչ այժմ չեն կարողանում մոռանալ այդ չարագույժ օրը, երբ ընդամենը հաշված րոպեների ընթացքում գետնին հավասարվեցին բարձրահարկերը, դպրոցների ու մանկապարտեզների շենք-շինությունները, տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր հազարներով վիրավորներ ունեցանք: Հրաշքով փրկվածներն առ այսօր էլ իրենց հոգու խորքում կրում են այդ օրվա սարսափն ու ցավը: Սպիտակը մեր ժողովրդի համար ոչ միայն ցավի ու տառապանքի, այլև սև դասերի խորհրդանիշը դարձավ:
Աղետի առաջին օրերն անցնելուն պես ծնվեցին առաջին ինչուները. ինչու էինք այսքան անպատրաստ արտակարգ իրավիճակներին, ինչու քաղաքներում ավելի հին շենքերը մնացին կանգուն, մինչդեռ նորակառույցները լուցկու տուփերի պես փլուզվեցին, ինչու դպրոց-մանկապարտեզների շենքերն ավելի անորակ գտնվեցին, ով և ինչպես էր կերել այդքան ցեմենտը և ում խղճին են ծանրացած այն հազարավոր զոհերը, որ կարող էին նաև չլինել:
Չէ որ աշխարհի սեյսմավտանգ գոտիներում շատ ավելի բարձրահասակ շենքեր են կառուցվում, սակայն դրանք հաճախակի ցնցումներից այդպես էլ չեն փլուզվում: Եվ սա՝ ճակատագրական 88-ի վերջին, երբ նույն այդ տարին մեկնարկել էր ազգային զարթոնքով, արցախյան շարժումն էր սկսվել ու մի բռունցք դարձած ժողովուրդը Սովետների վերնախավից արդար միացում էր պահանջում: Մինչ այսօր շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ երկրաշարժը շինծու էր և որպես պատիժ էր հրահրվել անկախության ձգտող ժողովրդի գլխին: Աշխարհը շտապեց օգնության: Խորհրդային գոց սահմանները ստիպված էին ներս թողնել մարդասիրական օգնության շտապող երկրներին ու մարդկանց: Գյումրիում ու Սպիտակում այսօր էլ թաղամասեր կան՝ օտար ճարտարապետության կնիքով: Այդ նորակառույցները, սակայն, երախտիքի հիշողությունն են այն մարդկանց, ովքեր եկել ու օգնության ձեռք էին մեկնել, կառուցել առաջին տներն ու մարդկանց տեղափոխել ապահով բնակարաններ:
Շատ-շատերին վիճակված էր քսան և ավելի տարիներ ապրել տնակներում: Ժամանակավոր այդ կացարաններում սերունդներ ծնվեցին. րոպեների ընթացքում ավերվածը՝ չավարտված պատերազմ ունեցող երկրում տասնամյակների ընթացքում անգամ դժվար էր վերականգնել: Այսօր էլ, թեկուզ քիչ, բայց դեռևս տնակներում ապրողներ կան: Անցած տարիներին Աղետի գոտին զարգացման գոտի դարձնելու խոստումներ բազմիցս են հնչել: Ցանկությունները,սակայն, կյանքի են կոչվում ոչ այդքան արագ, Գյումրին, Սպիտակն ու նրանց հարակից գյուղերը շենանում են կամաց-կամաց:
Իսկ Սպիտակի սև դասերը հուշում են,որ մեր տներն ու բոլոր հաստատությունները պետք է ամուր ու սիրով կառուցվեն, մեր ամեն քաղաքացի, մեծ ու փոքրից սկսած՝ պետք է իմանա, թե ինչպես պաշտպանվի աղետներից ու ինչ վարք դրսևորի արտակարգ իրավիճակներում: Օրինակ վերցնի Ճապոնիայից, որտեղ յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ ստորգետնյա ցնցում, իսկ տարվա կտրվածքով էլ 2000-ից ավելի երկրաշարժ է արձանագրվում: Սա հատկապես վերաբերում է իմունազուրկ Երևանին, որտեղ քաղաքաշինական նորմերը հեռու են ցանկալի լինելու մակարդակից:
Բնությունը՝ բնություն, սակայն կարևոր է նաև մարդկային գործոնը, նաև՝ բնության հետ ներդաշնակ ապրելը:
Սիրով՝ ձեր Արիանա
Լուսանկարը՝ www.leninakan.com/