ՍՈՎՈՐԵ՛Լ, ՍՈՎՈՐԵ՛Լ, ՍՈՎՈՐԵ՛Լ՝ ԻՆՉ ԵՎ ԻՆՉՊԵՍ

6

Աշնան առաջին օրը նաև ուսումնական  տարվա  սկիզբն  է և վերջին տարիներին՝ նաև  գիտելիքի պաշտոնական օրը: Մեծ խորհուրդ  կա ուսումնական տարին հենց   աշնանը սկսելու մեջ,քանի որ աշունն ընկալվում է նաև իբրև հասունացած բերք-բարիքի ամբարման շրջան: Իսկ ի՞նչ բերքահավաք ենք ակնկալում մենք՝ մեր   կրթական-ուսումնական կյանքից, տարիների ջանքերից ու ներդրումից: Ստացվում է այնպես, որ միջին վիճակագրությամբ մարդն իր կյանքում առնվազն տասնհինգ     տարին սովորելուն է հատկացնում՝ մանկապարտեզ, դպրոց, ԲՈՒՀ կամ քոլեջ:   Ժամանակակից աշխարհում կրթությունն ընդհանրապես ժամ-պատարագ չունի ու   իրապես ամբողջ   կյանքի համար է նախատեսված, քանի որ արագ զարգացող  իրականությունն անընդհատ  նոր հմտություններ ու գիտելիքներ է պահանջում մարդուց: Գիտելիք և  հմտություն. այս  երկուսն են, որ չափահաս մարդու առջև բացում են գործնական կյանքի դռները, որն իրականում յուրաքանչյուրի կյանքում սկսվում է դեռ առաջին դասարանից:

Մեր   հանրակրթության  ու բուհական համակարգերն անընդհատ բարեփոխման  մեջ են, երբեմն միմյանց հակասող փոփոխություններով, երբեմն  խիստ  համարձակ, երբեմն նահանջ արձանագրող քայլերով: Եվ մինչ պատասխանատուները կրթական ներդաշնակություն են փնտրում,սերունդներ  են  ծնվում, որոնք անցնելով  կրթական  փորձարարության փուլերով այս կամ այն որակի ուսում առնելով, կյանք են մտնում: Այսօր շատերն են ասում՝ դպրոց   չունենք  կարգին և ավանդական միջնակարգերի  կողքին  ծնունդ  են առնում քչերին հասանելի  վճարովի  մասնավոր դպրոցները: Նույն կերպ  տարիներ առաջ   մասնավոր բուհերի  բումը սկսվեց  և ասուպի պես էլ մարեց: Սակայն այս մի փորձության մեջ էլ անմար մնաց բուհական կրթություն ստանալու մեր ազգային առանձնահատուկ ձգտումը: Ձգտումը՝  ձգտում, սակայն այս տարի այդ առումով մտահոգող վիճակագրություն ունեցանք. բուհական տեղերի շուրջ վաթսուն տոկոսը թափուր մնաց և դիմորդների   թվի   մեծ պակասը ամենատարբեր մեկնաբանությունների  տեղիք տվեց, որոնք  բոլորն էլ ճշմարտության հատիկ ունեն: Սկսած նրանից, որ ժողովրդագրական ցուցանիշներն են նվազել. վաղուց արդեն  ծերացող ազգ ենք դիտարկվում, ինչին սոցիալականի հետ նաև արտագաղթն է հանգեցրել:

Կրթությո՞ւնն է թանկ մեր երկրում, թե՞  բնակչությունն է անվճարունակ.սա  նման  է հավ  ու   ձվի  հավերժական  վեճին, սակայն  որևէ  կողմի առավելությունը խնդրին մի պուտ թեթևություն անգամ  չի բերում: Կարծիք երրորդ. կրթությունը Հայաստանում  որակյալ չի, այս դեպքում իրավիճակն անհույս չի կարելի համարել, եթե մեր  ուսանողները  չեն մնում բուհական պատերի ու կարծրացած գիտելիքների գերին, այլ տեղ են տալիս նաև ինքնակրթությանը: Ո՞ւմ  է  պետք  դիպլոմը, գիտելիքը, եթե աշխատանքի, միևնույն   է, ծանոթով   են ընդունում.  ճիշտ է, կա նման բան, սակայն որակյալ մասնագետը, միջակից բարձր կարողություններով,  հաստատ իր տեղը կգտնի, պայքարի ճանապարհին  էլ   կբարելավի  անձնային  աճի, սկզբունքայնության ու նպատակասլացության որակները: Վերադառնալով  վիճակագրությանը,  ավելի  ճիշտ կեսից  շատ թափուր մնացած   ուսանողական  աթոռներին, մտածենք՝ իսկ  այդքան  տեղերի ծրագրումը, նախատեսումն արդյո՞ք իրատեսական էր և ավելի  ճիշտ չի՞լինի թիվը նվազեցնելով՝ կրթության որակը     բարձրացնել,  տարեկան հազարավոր դիպլոմավորներ «բուծելու»  փոխարեն     շուկայի պահանջարկն արտացոլող որակյալ մասնագետներ թողարկել:

Մինչ Հայաստանում հիմա էլ կրթության հայրերը փորձում են այս խրթին իրավիճակին լուծում տալ,  կյանքը շարունակվում է: Ինչպես ժողովուրդն է ասում, ճար ունեցողն  անում է իր գործը. փողը ձեռքի կեղտ  է, բայց դրանից  շատ ունեցողը  բուհական  կրթություն   է կարողանում   ստանալ դրսում ու հաճախ նաև մնում է դրսում: Սեպտեմբերի մեկին  ահա այսպիսի   խոհեր,  որոնք, միևնույնն  է  նոր գիտելիքի պահանջն ու  առավել ևս՝ գիտելիքը   նոր հմտությունների  վերածելու  պահանջարկը չեն նվազեցնում:  Սովորելու   իրական ցանկություն  ունեցողն  ի վերջո կստիպի վերևներին  կրթականհամակարգը  ճիշտ   ախտորոշել  ու  գործունակ լուծումներ   գտնել:Կրթական փուլը սկսում է, ուրեմն՝ ի գործ, ի գիտելիք։

Սյունե Սևադա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register