«ՍՈՍԵՆ» ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ

3

Սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 14-ը Երևանում 4-րդ տարին անընդմեջ անցկացվելու է «Սոսե» միջազգային կինոփառատոնը: Այս տարի կինոփառատոնին մասնակցում է 39 երկրից  ներկայացված 132 ֆիլմ:

«Հոդված 3» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում կազմակերպիչները ներկայացրեցին մանրամասներ կինոփառատոնի մասին: Պարզվեց, որ ֆիլմերի դիտումները լինելու են երեկոյան ժամերին՝ «Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն»-ում, «The Club»-ում և «LOFT» ակումբում: Վերջին երկուսում դիտումները վճարովի, իսկ թատրոնում` անվճար են լինելու:

1

Ֆիլմերի ժամանակացույցին կարելի է մանրամասն ծանոթանալ կինոփառատոնի կայքէջում: Կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում մասնակցելու են բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):  Կինոփառատոնն ունենալու է ևս երկու մրցութային ծրագիր՝ «Բովանդակությունը՝ կին» և «Ուսանողական»: «Բովանդակությունը՝ կին»  մրցութային ծրագրի ֆիլմերի  հեղինակները ներկայացնելու են կնոջ արժանիքները, խնդիրները, իրավունքները, նվաճումները, կարողությունները և առհասարակ  անդրադառնալու են ընտանիքում և հասարակության մեջ կնոջ ունեցած դերակատարությանը: «Ուսանողական» մրցութային ծրագրում ներկայացվելու են կինեմատոգրաֆիայում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը: Որպես խրախուսական մրցանակ՝  «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող- ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը հոգալու են կինոփառատոնի կազմակերպիչները, իսկ արտերկրում սովորող ուսանող- ռեժիսորին տրվելու է պատվոգիր։

«Այս տարի մենք դիմեցինք որոշակի ձևաչափային փոփոխությունների: Ինչպես գիտեք, «Սոսեն» անցկացվում էր «Բովանդակությունը՝ կին» խորագրի ներքո: Հավատարիմ մնալով որդեգրած ավանդույթներին՝ կինոփառատոնը շարունակելու է խոսել կանանց մասին մշակույթի լեզվով՝ «Բովանդակությունը՝ կին» թեմատիկ մրցութային ծրագրի շրջանակում։ Սակայն կինոփառատոնը դուրս է եկել թեմատիկ սահմանափակումներից: Կինոփառատոնին մասնակցող ֆիլմերից շատերը  ներկայացված են եղել միջազգային բարձրակարգ փառատոներում, նրանց մի մասը մրցանակակիրներ են,  իսկ ֆիլմերում ներգրավված են այնպիսի արվեստագետներ, ովքեր ունեն բավականին հարուստ ստեղծագործական կենսագրություն»,- լրագրողներին ծանուցեց «Սոսե» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը:

Այս տարի կինոփառատոնը ընդլայնել է իր շրջանակները և համագործակցում է հոլիվուդյան «iPitch.tv» պլատֆորմի հետ: Դա հնարավորություն է ընձեռում՝ բոլոր մրցանակակիրների գաղափարներն ու  նախագծերը ներկայացնել հոլիվուդյան առաջատար պրոդյուսերներին և այնպիսի կինոկազմակերպությունների,  ինչպիսիք  են` «Warner Brothers»-ը, «New Line Cinema»-ն, «Echo Lake Entertainment»-ը, «Sony Pictures Entertainment Television»-ը, «Discovery Network»-ը և այլն: «Այս 4 տարիների ընթացքում մենք ձգտել ենք համագործակցության եզրեր փնտրել  արտերկրյա տարբեր կինոկազմակերպությունների և կինոգործիչների հետ: Հոլիվուդյան «iPitch.tv» պլատֆորմի հետ  համագործակցությունը՝ այս տարվա  գլխավոր ձեռքբերումներից է: «Սոսե 2017»-ի մրցանակակիրները հնարավորություն կունենան 1 տարի շարունակ ներկայացնել իրենց ծրագրերը, մտքերը, գաղափարները հանրահռչակ պլատֆորմի շրջանակներում: Անկախ նրանից, հաղթել են, թե ոչ, մեր մյուս մասնակիցները նույնպես շուրջ 3 ամիս «iPitch.tv» պլատֆորմին մասնակցելու հնարավորություն կունենան»,- հավելեց «Սոսե» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Սիմոն Սահակյանը:

2

«Հայկական կինոարտադրությունը կրում է լոկալ բնույթ, այսինքն` փակ է: Մենք ֆիլմեր ենք արտադրում, որոնք գրեթե դուրս չեն գալիս Հայաստանի սահմաններից: Հարթակ ստեղծելով և հնարավորություն ընձեռելով՝ «Սոսեն» այս առումով շատ կարևոր առաքելություն է իրականացնում՝ վաճառքի գործակալներին ներկայացնելով տեղի և արտերկրի  կինոարտադրողի նախագծերը, ֆիլմերը, սցենարներն ու գաղափարները»,- ասելիքն ամփոփեց «Սոսե» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register