ՍՈԴԱՆ ՉԻ ԲՈՒԺՈՒՄ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

5

Համացանցում մի մեկնաբանություն կարդացի, որը պարտադիր պետք է մեջբերել այս հոդվածի սկզբում: Մասնավորապես, այնտեղ գրված էր.«Ես ձև գիտեմ՝ սոդայով սեռը որոշելու, բայց ոչ հղիության առկայությունը: Սոդան լցնում եք «օդնորազովի» բաժակի մեջ, վրան մի քիչ միզում եք: Եթե փրփրում է, ուրեմն տղա է, եթե ոչ՝ աղջիկ: Փորձված է մի քանի հոգու կողմից, բոլորինը ճիշտ դուրս եկավ»: Սա հորինվածք չէ, և ցանկացողներին մեծ սիրով կարող եմ տրամադրել մեկնաբանության սքրինշոթը: Ձեզ կթվա, որ ուղղակի մեկը կատակել է, բայց ոչ, մեկնաբանությունն արվել է շատ լուրջ գրառման տակ՝ լուրջ ձևով:

Եվ ինչի՞ մասին է խոսքը, բոլորդ էլ կարդացած կլինեք այս կամ այն թերթերում ու կայքերում, թե ինչպես են առաջարկում սոդայով կամ մեղրով բուժել այս կամ այն բարդ հիվանդությունը: Հասուն մարդիկ  դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են, որ հասարակ սոդան բուժում է քաղցկեղ, իջեցնում է անոթային ճնշումը, վերացնում է խոլեստերինը…Կարճ ասած՝ ինչ մտքներովդ անցնի: Նման հզոր ու բուժիչ բաղադրատոմս ստանալու համար շարադրանքն ուղղակի այսպես է պետք սկսել.

«Բրիտանացի գիտնականները պարզել են, որ քաղցկեղը կարելի է բուժել անգամ տանը: Վերցնում ենք երկու թեյի գդալ սոդա, ավելացնում կես բաժակ ջուր…», այնուհետև ուղղակի շարադրեք բոլոր այն մթերքների անունները, որոնք կգտնեք ձեր տանը՝ վերջում էլ հավելեք, որ նա վերացնում է այս կամ այն հիվանդությունը (այստեղ պետք է լինեն բոլոր այն հիվանդությունների անվանումները, որոնք դուք գիտեք, եթե անգամ դրանց անունները սխալ գիտեք, ոչինչ, զետեղեք): Կարծում եմ՝ բրիտանացի իրական գիտնականները նման անհեթեթությունների համար կհրկիզեին հայկական խմբագրությունները: Եվ դա,խոստովանենք, ազնիվ քայլ կլիներ նրանց կողմից:

Ամեն ինչ իսկապես ծիծաղելի կլիներ՝ եթե չլիներ այսքան տխուր: Մարդիկ իրոք փորձում են նման բաղադրատոմսերն իրենց վրա՝ այդպես էլ չգնալով բժշկի, որովհետև հայկական՝ դանակը ոսկորին հասնելու պապենական ավանդույթը մշտապես ուժի մեջ է: Պետք է գնալ բժշկի  միայն մեռնելուն հինգ պակաս, ժամանակ առ ժամանակ կոնսուլտացիաները մեզ համար չեն, որովհետև մենք բոլորս տանը ունենք սոդա, մոտակա սուպերմարկետից էլ կարող ենք մեղր գնել, իսկ բժիշկները ստախոսներ են, որոնք մեզ դեղորայք են նշանակում, որպեսզի զարգանա ֆարմացեպտիկայի բիզնեսը, իրենց էլ երկու կոպեկ ավել գումար տանք: Այ, եթե լավ բժիշկներ լինեին, մեզ ընդամենը սոդա կնշանակեին ու անանուխով թեյ, ու կլուծվեին բոլոր հարցերը:

Առաջարկ ունեմ. եկեք քանդեք բոլոր հիվանդանոցները՝ փոխարենը բացենք սոդայի գործարաններ, անանուխի ու դաղձի դաշտեր ցանենք Բժշկական համալսարանի շուրջբոլորը, իսկ այդ անպետք բժիշկներին էլ ուղարկենք Սիբիր՝ իրենց տասնամյա կրթությամբ, բարձր որակավորմամբ ու դիպլոմներով, մեր ինչի՞ն են պետք:

Ինչ խոսք, դաղձը, անանուխն ու մյուս խոտաբույսերն իհարկե լավ են անդրադառնում առողջությանը  և դրանք պարտադիր է կիրառել սննդակարգում: Կհամաձայնեմ նաև, որ որոշ բժիշկների գրագիտությունն, իրոք, երբեմն  տատական «սնխչիության» ու տատմերության մակարդակի է, ու ունք հանելու փոխարեն հիվանդների աչքն էլ են հանում: Բայց չի կարելի ընդհանրացնել, ի վերջո մարդիկ կյանք են դնում իրենց ուսման մեջ՝ տրամադրելով շատ ավելի ռեսուրսներ ու ջանքեր, քան մենք՝ մեր «հասարակ» մասնագիտություններում: Եվ երբ մի հիվանդ գալիս ու բժշկին պատմում է, թե տանը այս կամ այն մթերքով ողողումներ է արել (երևի սառնարանն էր մաքրում, պետք էր սննդամթերքը որևէ կերպ օգտագործել, մեղադրելու չի), մասնագետները զայրանում են ու գլուխները բռնած չեն իմանում՝ ինչպես բուժել տվյալ մարդուն, քանի որ շնորհիվ իր տնական բուժման հիվանդությունը եռակի ծանրացել է: Ու եթե հանկարծ հիվանդի մոտ ավելի լուրջ բարդացումներ նկատվեն, չեն ասելու՝ սոդան է մեղավոր: Ասելու են՝ բժիշկն էր իր էդ քիմիական դեղերով, լավ էր, էլի, իմ սոդան խմում էի, ինձ շատ լավ էի զգում…

Խնդրում ենք հիշել էլի ու էլի: Սոդան չի վերացնում քաղցկեղը, կամ որևէ այլ հիվանդություն: Ոչ էլ մեղրն ու սխտորն են բուժում: Երբ խմբագրություններում ու կայքերում նման անպատասխանատու հոդվածներ են հրապարակվում, պարտադիր չէ դրանք հալած յուղի տեղ ընդունել: Եթե որոշել եք սոդայով բուժվել, գոնե որոշումը քննարկեք բժշկի հետ: Համոզված եմ, մի քանի վայրկյան ձեզ ապշահար նայելուց հետո նա ուժ կգտնի, խորը շունչ կքաշի ու կբացատրի՝ ինչու է երբեմն պարտադիր ստանալ ֆարմացեպտիկ բուժում:

Սոդան չի բուժում անգրագիտությունը, իսկ նման կոչերը հենց անգրագիտության վառ մարմնավորում են: Թույլ մի տվեք ձեզ հիմարեցնել, հեշտ ճանապարհներ փնտրելով դուք բարդ խնդիրների առաջ եք կանգնեցնում ձեր առողջությանը, որոնք գուցե և չլուծվեն:

Սոդան թողեք խմորեղեններին, առողջությունը՝ բժիշկներին: Ու երբ առողջությունը վերականգնվի, արժե ձեր համեղ թխվածքներից մեր սիրելի բժիշկներին էլ հյուրասիրել:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register