«ՇՈՒՇԻԻ ՏԵՂԸ ՓԱՐԻԶԸ ԼԻՆԵՐ՝  ՓԱՐԻԶԸ  ԿԳՐԱՎԵԻՆՔ…»

1

1992 թվականի մայիսի 8-ին հայկական զորամիավորումները ձեռնարկեցին Արցախյան ազատամարտի ամենանշանակալի ռազմական գործողություններից մեկը` Շուշիի ազատագրումը: 5 խմբերի բաժանված մարտիկները բոլոր ուղղություններով շարժվեցին դեպի  անառիկ համարվող Շուշի, որտեղ էլ հակառակորդը կենտրոնացրել էր հրետանին: Հենց այնտեղից էր թշնամին գնդակոծում Ստեփանակերտը և մեծ վնասներ հասցնում հայկական  բնակավայրերին: Օրհասական պայմաններում հայկական ուժերը փայլուն կատարեցին առաջադրանքը` 24 ժամվա ընթացքում լիովին ազատագրելով  բերդաքաղաքը:

Շուշիի գործողության ժամանակ և արցախյան ազատամարտում մեծ է եղել նաև գնդապետ Արկադի Կարապետյանի դերակատարությունը: 59-ամյա ազատամարտիկը մեզ հետ զրույցում անցած օրերի մասին խոսելուց զատ, ներկայացրեց  նաև տարիներ շարունակվող հակամարտության լուծման վերաբերյալ իր տեսլականը:

Արկադի Կարապետյանը  ծնվել և մեծացել է Ստեփանակերտում: Ակտիվորեն մասնակցել է ազատագրական շարժման անբաժանելի մասը հանդիսացող ընդհատակյա խմբերի աշխատանքին, եղել է խմբերի աշխատանքը համակարգողը, Ստեփանակերտում 1988 թվականի փետրվարին տեղի ունեցած ցույցերի կազմակերպիչներից մեկը: Մինչ 1996 թվականը ծառայել է զինված ուժերում, որից հետո մինչ օրս հասարակական գործունեություն է ծավալում:

Իմ ամբողջ կյանքի նպատակը՝ թուրքերից ազատվելն է եղել: Դեռ 74 թվականից, երբ 16 տարեկան պատանի էի, երդում տվեցի հորս գյուղում` Դահրազում: Դժվար է հավատալ, բայց այդ ժամանակ ես հստակ գիտեի, որ ազատագրելու ենք Ղարաբաղը: Մինչ շարժման սկսվելը շարժում էի կազմակերպում, դրանով էի զբաղված: Ընդհատակյա խմբերով էինք գործում, նոր մարդկանց էինք ներգրավում, զենքեր էինք հայթայթում, պատրաստում: Մինչ բացահայտվելը հսկայական գործ արեցինք, իսկ բացահայտվելուց հետո արդեն չէինք էլ թաքնվում, էական չէր, որովհետև շարժումը սկսվել էր: 87 թվականին միացրել ենք բոլոր ընդհատակյա խմբերը, իսկ 88-ին արդեն հանրահավաքներ, ցույցեր ենք կազմակերպել»,- պատմում է Արկադի Կարապետյանը:
Արցախի ազատագրման բանակի առաջին հրամանատարն այն կարծիքին է, որ բանակի ստեղծման օրը մայիսի 9-ին կամ սեպտեմբերի 2-ին նշելը այնքան էլ չի համապատասխանում պատմությանը.

Հարց է ծագում` մայիսի 8-ին, երբ իրագործում էինք Շուշիի ազատագրման գործողությունը, բանակ չունեինք, այո՞: Ես եղել եմ բանակի առաջին հրամատարը: Ուզում եք պարտիզանական բանակ կոչեք կամ այլ անվանում տվեք, այն ձևավորվել է 1990 թվականի ամռանը: Մինչ այդ պահն ունեցել ենք շտաբ, համակարգող, կազմակերպող, բայց չի եղել մարդ, որ հրաման տա: Տարբերությունն ակնհայտ է: Ղարաբաղում բանակի կազմավորմանը մեծապես նպաստել են նաև Սամվել Աղայանն ու Մուրադ Պետրոսյանը»:

Շուշիի ազատագրումից առաջ

Գիտեք, կյանքը շատ պարզ բան է, մենք ենք բարդացնում: Մեր նստած տեղից (Ստեփանակերտի Պապիկ-Տատիկի հուշակոթողի մոտից,-խմբ.) երևում է Շուշին: Եթե այնտեղից քո վրա կրակում են, ի՞նչ պետք է անես: Պատսպարվե՞ս, երբ ջուր և ուտելիք չկա: Եթե խնդիրն այն է, որ պետք է ապրենք, ուրեմն պետք է ազատագրեինք Շուշին: Եթե խնդիրը կամաց-կամաց մեռնելն է, կարող էինք և չազատագրել: Կարող էինք նստել, սպասել, մինչև ուժասպառ կլինեինք, կգային և առանց մարտի, առանց հրետանու կոչնչացնեին մեզ: Շատ հասարակ բան է, եթե ուզում ես ապրել, պետք է օղակը բացես, քանդես: Էական չէ, եթե Շուշիի տեղը Փարիզը լիներ, պետք է Փարիզը գրավեինք»:

Անհավասար ուժեր

Ոչ միայն Շուշիի օպերացիան, մեր ողջ պատերազմը որևէ ռազմական հաշվարկով հնարավոր չէր հաղթել, բայց մենք հաղթեցինք: Դրա համար էլ հիմա հեքիաթներ են պատմում, իբր ռուսները մեզ օգնել են: Ռուսները մեզ չեն օգնել, մեզ տանջել են: Եթե ինչ-որ բան էլ արել են, մարդկանց կաշառել ենք, փող ենք տվել, որ արել են: Խորհրդային տարիներին ինչ զինամթերք ուներ Ադրբեջանը, ամեն ինչ թողել են իրենց: Հայաստանում ողջ զինամթերքը պայթեցրեցին, վառեցին: Համարյա մեզ բան չտվեցին: Ոչ զենք ունեինք, ոչ զինամթերք: Շուշիի օպերացիայի դեպքում էլ անհամեմատելի էր ուժերի դասավորությունը: Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի հաշվարկով գրոհող կողմը պետք է 5 անգամ առավելություն ունենա: ԽՍՀՄ ժամանակ` 3 անգամ, իսկ մենք իրականում ավելի քիչ էինք, քան թուրքերը:
Արևելյան ուղղության հրամանատարն էի, 260 հոգով գրոհեցինք, 8 զոհ տվեցինք: Այդպիսի մարդ չկար, որ չհավատար Շուշիի ազատագրմանը: Ընկերության, սիրո մթնոլորտ էր: Մարդիկ ընկերոջ համար պատրաստ էին զոհաբերվել, դրա համար էլ Շուշին կարողացանք ազատագրել: Արտասահմանցի գեներալներ են գալիս Արցախ, զրուցում ենք, չեն կարողանում ընկալել, թե ինչպես ենք հաղթել: Ո՞րն էր ամենադժվարը Շուշիի օպերացիայի ժամանակ: Ինձ համար դժվար բան չկար: Այո, 3 օր չէի քնել, բայց դա ինչ դժվարություն է: Եթե ուզում ես Շուշի ազատագրես, պետք է տանջվես, աշխատես, չարչարվես: Այդ իմաստով` դժվարությունը ո՞րն է: Իհարկե, հավանաբար դժվար է երեք օր չքնելը, աչքերդ փակվում են, բայց միևնույն է շարունակում ես: Երբ մարդ մի բան սիրով է անում, դժվարությունը չի էլ զգում: Մարդկային հոգեբանություն է: Մյուս կողմից էլ, եթե մի բան ես ստանում, որի համար ջանք չես թափել, անվճար ես ստացել, չես հասկանա` ինչ է, արժեք չի ներկայացնի ու շուտ էլ կկորցնես: Ցանկացած գործում պետք է ինչ-որ բան զոհաբերես: Չես քնում` զոհաբերում ես, ձեռքդ տանում ես գրպանդ, մի բան ես հանում, դնում ընդհանուր խնդրի համար` զոհաբերում ես, արյուն ես թափում` զոհաբերում ես…»:

Հակամարտության կարգավորումը

Ընդհանրապես մարդիկ ծույլ են: Գուցե սպասում են, որ ռուսը կամ ամերիկացին գա և պաշտպանի մեզ, բայց ինչպես մենք ենք ծույլ, այնպես էլ` իրենք: Միայն մեզ վրա պետք է հույս դնենք, ոչ ոք չի գալու մեզ պաշտպանի: Բաքուն ազատագրում ենք, խաղաղություն է սկսում տիրել ամբողջ տարածաշրջանում: Խաղաղության այլ ելք չկա: Ով խոսում է խաղաղապահ ուժերի տեղայակման կամ փոխզիջումների մասին, թշնամի է: Անվտանգության գոտին և այլն, անհեթհեթ բաներ են:
Երբ մեր դիվանագետները գնում են բանակցելու, այնպիսի դիրքերից են խոսում, կարծես մենք լիակատար պարտություն են կրել: Եթե հաղթողի դիրքից վարեին բանակցությունները, գուցե իրավիճակն էլ այլ կլիներ,իսկ այժմ միայն մեկ բան է մնում…»:

Գարեգին  Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register