Ինչպե՞ս շոգին օգնենք կենդանիներին

38212439_1666811063447875_4063586584446894080_n (1) (1)

Շոգ է։ Իսկապես շոգ է։ Երբեմն՝ անտանելի։ Ամեն մեկս «փրկվում է» ինչպես կհասցնի, մեկը ցնցուղի տակից դուրս չի գալիս, մյուսը երկար ժամանակ է անցկացնում աշխատավայրում, քանի որ այնտեղ  օդորակիչ կա։ Դե իսկ սառույցով ջրի շշերն էլ բոլորիս պահապան, նրանց հարազատի պես ենք սիրում ու փայփայում։

Այս տաք օրերի մեջ երբեմն մոռանում ենք «սրտի ջերմության» մասին․ այ, մենք պատսպարվում ենք  օֆիսներում ու ցնցուղի տակ, բա կենդանինե՞րն ինչպես են դիմանում։

Վերջերս տաքսու վարորդներից մեկն է պատմում, որ ասֆալտն ուղղակի եռում է, և վատ է, որ  ամբողջ Երևանը բետոնապատում ու ասֆալտապատում են։ Հողն «արև ուտելու» հատկություն ունի, իսկ այ բետոնն ու ասֆալտը «անդրադարձում են» շոգը, արդյունքում անգամ երեկոյան ժամին ասֆալտը շատ տաք է լինում, և սա խանգարում է մեքենա վարելիս, շոգն անտանելի է լինում։

Պատկերացրեք, որ այդ վառվող  ասֆալտով քայլում են կենդանիները՝ օրվա ամենատաք ժամերին։ Շներն ինչպե՞ս են դիմանում։ Մի քանի օր այսպիսի մտքեր էին պտտվում գլխումս, երբ տեսա ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի՝ Վանատուրի գրառումը, որտեղ նշում է․

«Որպեսզի հասկանանք, թե որքան հետ ենք քաղաքակիրթ Եվրոպայից, մի օրինակ բերենք այսօր արված ֆոտոկադրով։ Ավստիայի մայրաքաղաք Վիեննայում արդեն տևական ժամանակ է, ինչ օդի ջերմաստիճանը գերազանցում է 30°C-ը։ Քաղաքային իշխանությունները հասկանալով, որ ասֆալտը չափազանց տաք է և կարող է վնասել շների թաթերի ափը, ոստիկանական հովվաշներին մարզական հատուկ կոշիկներ են հագցրել»։

Կոշիկներով շան նկարը տեսնում եք հոդվածի սկզբում։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան լավ կլինի, որ շատ շուտով մենք նույնպես մեր  չորքոտանի բարեկամների նկատմամբ կարողանանք այսքան հոգատար լինել։

Երևանում կոշիկներով շների դեռ չեմ հանդիպել, շան տերերը նախընտրում են ուղղակի ուշ երեկոյան զբոսնել կենդանիների հետ, որպեսզի նրանց շատ չվնասեն։ Բայց քանի որ ասֆալտը դեռ տաք է մնում, հավանաբար մեզնից անկախ, մեկ է, կենդանիների համար անհարմարություն ենք ստեղծում։ Հրաշալի կլիներ, եթե  ամառային կոշիկների այս փորձը հնարավորինս շուտ հասներ Հայաստան․ համ օգտակար է, համ էլ փողոցում մոդայիկ-թիթիզ շունիկներ կունենայինք՝ հայերը հաստատ այդ կոշիկների կիրառման հետաքրքիր ու չկրկնվող ձևեր կգտնեին, դրանք կլինեին հումորային մակագրություններով, փայլիկներով և այլն, քաղաքը կգունավորվեր։

Մի փոքր էլ շեղվելով թեմայից, առհասարակ, քանի  որ, ինչպես սիրում ենք նշել, իրավիճակ է փոխվել,  և շուտով քաղաքապետի ընտրություններ են սպասվում, պետք է մտածենք նաև փողոցում ապրող կենդանիների մասին։  շատ  հաճելի կլիներ քաղաքում, և առհասարակ՝ Հայաստանի բոլոր տարածքներում անկյուններ տեսնել՝ հատուկ փողոցում ապրող շների ու կատուների համար։ Որտեղ նրանց  ամեն օր կհատկացվեր կեր ու ջուր, գուցե սա հնարավո՞ր կլինի կառուցել կամավորական օգնության, կամ քաղաքապետարանի հատկացված գումարով՝ եթե գումարը ների։

Շատ լավ կլինի, եթե ների։ Որքան ավելի հոգատար վերաբերվենք մեր քաղաքին ու նրա բոլոր բնակիչներին՝ ծառերից ու շներից մինչև մարդիկ, այնքան ավելի  լավ մթնոլորտում կապրենք։

Իսկ դե ձեր տնային կենդանիներին այրվածքներից փրկելու համար արդեն հուշում ոււնեք՝ գնեք նրանց համար մոդայիկ կոշիկներ։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register