ՇԱԽՄԱՏԸ ԲԱՆՏՈւՄ

22

Շախմատի մոգական ուժին  և կյանքեր փոխելու կարողությանը տեղյակ են շատերը: Մարդկանց վրա զորավոր այս խաղի ունեցած նպաստավոր ազդեցությունը հաշվի առնելով էլ իտալական  Սպոլետո   քաղաքի հատուկ ռեժիմի  բանտի բանտարկյալներին  որոշել են շախմատ  խաղալ սովորեցնել: Միրկո Տրասցիատին, ում վստահվել է այդ առաջադրանքը, պատմում է այն մասին, թե ինչպես է իմաստուն այդ խաղը հիմնիվեր փոխել  բանտարկյալների կյանքը: Սա շախմատի ուժի մասին սրտաշարժ մի պատմություն է:

Ներքին բավականություն ստացա արածս աշխատանքից, երբ շախմատային դասընթացի վերջում ընթերցեցի  աշակերտներիս  արած գրառումները: Դրանցում նրանք   անկեղծորեն նկարագրում էին  իրենց ունեցած  զգացումներն ու խոսում շախմատի տված   օգուտների  մասին: Ընթերցողը երևի մտածի, որ շատ ուսուցիչներ են իրենց աշակերտներին հանձնարարում էսսեներ գրել ու սա էլ հերթականների շարքից է: Ու նրանք իրավացի կլինեին, եթե չլիներ մի փոքրիկ նկատառում. իմ  աշակերտները  խստագույն  ռեժիմի դատապարտյալներ էին: 2015 թվականի հունիսին գրոսմայստեր   Ռոբերտո Մոգրանցինիից նամակ ստացա: Գրոսմայստերը հարցնում էր՝ կկարողանամ արդյոք   շախմատ  դասավանդել Սպոլետոյի  հատուկ ռեժիմի բանտում: Նրա առաջարկը ինձ մոտ վարանմունք առաջացրեց: Պատճառը ոչ թե բանտարկյալների, այլ նախագծի սպասելիքների հանդեպ ունեցած  մտավախությունն էր: Իսկ եթե հանկարծ ինձ չհաջողվի արդարացնել սպասումնե՞րը :  Ինչպես ավելի ուշ պիտի պարզվեր, շախմատը՝ բանտարկյալների ուղղմանն ու բնականոն կյանք վերադարձնելուն միտված՝ «Սպորտը բանտում» ծրագրի շրջանակներում առաջարկվող  մարզաձևերից  էր: Իմ առջև խնդիր էր դրված՝ շախմատի միջոցով որոշակի արժեքներ փոխանցել այդ մարդկանց: Օրեր անց ես ընդունեցի   աշխատանքի հրավերը: Մեծ անհամբերությամբ էի սպասում ինձ վերապահված յուրօրինակ և դժվարին փորձության մեկնարկին: Վերջապես այդ օրը եկավ: Անհանգստությունս մեծացավ, երբ ես հայտնվեցի քրեական հանցագործներով  լեցուն  իրական բանտում, մարդկանց դեմ-դիմաց, որոնց միայն  հեռուստացույցով  էի տեսել:  Հետևելով  հսկիչին ես հայտնվեցի սենյակում՝ որտեղ արդեն   բանտարկյալները  սպասում էին  ինձ:

Դասերի ընթացքում  հետզհետե մեր միջև առկա սառույցը հալվեց ու մենք սկսեցինք  ավելի լավ ճանաչել մեկմեկու: Նրանցից մեկը`  Վլադիմիրը, ավելի ուշ միացավ ծրագրին: Ես նրան պատահաբար հանդիպեցի գրադարանում՝ գրքեր կարդալիս:  Հենց այդ  օրվանից  էլ  շախմատի տախտակը  դարձավ նրա  լավագույն   ընկերն ու  իրականությունից փախչելու թերևս միակ արահետը:  «Ես   ոչինչ   չգիտեի  այս խաղի մասին,-  գրել էր Վլադիմիրն իր էսսեյում,- և երբ ես սկսեցի, գաղափար իսկ չունեի այն օգուտների մասին,որ կարող էր շախմատը ինձ տալ: Խաղի վրա կենտրոնանալիս և բանտախցում մարզիչիս տված վարժությունները լուծելիս, ես լիովին  շեղվում էի  բանտարկյալին   պարուրող   խնդիրներից  ու սևեռուն մտքերից»: Նրա մեկնաբանմամբ՝ շախմատը  մեղմացրել  էր  նաև ընտանիքից բաժանվածության պատճառով զգացած ցավը: «Երբ ազատազրկված եք, օրերն ասես անվերջանալի լինեն: Բանտարկյալի համար  ամեն  վայրկյանը հավերժություն է թվում: Իսկ ահա շախմատը ձանձրալի  առօրյան  փոխելու  հրաշալի միջոց  էր, բանտարկյալների  միտքը՝  բանտից   հեռու պահելու միջոց»: Ահա այսպես էր արտահայտել իր տպավորությունները բանտարկյալ Սալվադորե Դի Մոնդոն: «Ինչ սկսել եմ զբաղվել շախմատով, ժամանակը սկսել է ինձ չբավականեցնել: Կենտրոնացած լինելով խաղի վրա սկսել եմ հաճախ  թափել  սուրճն ու վառել լոլիկի սոուսը:  Այս հրաշալի  խաղը   որակապես   փոխեց  իմ ժամանակը»:

Ատտիլիո Սուրացեին  ձանձրույթն  էր հարկադրել միանալու ծրագրին: «Էլ ինչ կարող էի անել»,- գրել էր նա իր էսսեյում: Ինձ առավելապես տպավորեցին նրա հաջորդ խոսքերը.«Պատանեկության  տարիներից   ես մշտապես տարված եմ եղել թմրանյութերով,   հատկապես   կոկաինով  և այլ թմրամիջոցներով: Ի դեպ, դրանք մարդու ուղեղին ստիպում են ավելի արագ աշխատել: Ես  միացել էի նաև  թերապևտիկ  խմբերին, սակայն  այսօր, իմ կյանքում առաջին անգամ,  ես  հետաքրքրված եմ աշխարհով, որը  շախմատ է կոչվում և որը ստիպում է ձեր ուղեղին աշխատել արագ ոչ թե անկանոն ձևով, ինչպես լինում է կոկաինի օգտագործման դեպքում, այլ մի նոր, ինքնատիպ եղանակով»:

Բանտարկյալները   մեծ ոգևորությամբ  ընդունեցին  դասընթացի վերջում մրցույթ   կազմակերպելու  լուրը:  Դա  ՖԻԴԵ-ի կողմից  բանտում  անցկացված և բանտի   ղեկավար   մարմինների, ինչպես նաև Իտալիայի  ազգային օլիմպիական  կոմիտեի աջակցությանն արժանացած արագ շախմատի առաջին մրցաշարն  էր: Այդ մրցաշարն էլ ավելի ընդգծեց   ազատազրկման վայրերում մարզաձևի  ուսուցման  արժեքն ու կարևորությունը:  Մրցաշարի մասնակիցներից  5-ը  բանտարկյալներ էին: Մյուս  4-ը՝ հրավիրված վարպետներ՝  Իտալիայի   կանանց առաջնության  չեմպիոն   Դանիելա   Մովիլեանուն   էր, ավագ միջազգային վարպետի աստիճան ունեցող Ֆաուստո Կալանդրին, և շաշկու Իտալիայի նախկին չեմպիոն Ֆրանցիսկո Տորտոլինին և ես: Բանտարկյալների, ինչպես նաև փակման արարողությանը մասնակցած կառավարության   ներկայացուցիչների   երախտիքը   լավագույն վարձատրությունն  էին, որ   կարող  էի ակնկալել:  Դրա  շնորհիվ  ես  հաջորդ   տարի   նույնպես  « Սպորտը բանտում» ծրագրի շրջանակում շախմատային բաժինը շարունակելու ազդակ   ստացա:

 

ՖԻԴԵ-ի վարպետ՝ Միրկո Տրասցիատի

Հ.Գ. Միրկո Տրասցիատին ծնվել է 1990 թվականին՝ Իտալիայի  Բոլոնիա   քաղաքում: Շախմատ սկսել է խաղալ 13 տարեկանից: Երիտասարդական  մի շարք  մրցույթներում   հաջողության  հասնելուց   հետո, նա հաղթանակ է գրանցել նաև  2007  թվականին անցկացված «UISP» և  2011թվականին անցկացված՝  Ումբրիա   մրցաշարերում:  2011   թվականից   որոշել է դառնալ շախմատի մարզիչ, ստացել է ազգային մարզչի աստիճան: Մեկ տարի անց Տրասցիատին  դարձել է մրցավար: 2014-ին նա  լրացրել է ՖԻԴԵ-ի   մարզչի   աստիճանը: Տարիներ   շարունակ   աշխատել է  շախմատի   հետ   փոխկապակցված  մի շարք նախագծերի վրա:

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register