ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐԻ ԾԱԳՈՂ ԱՍՏՂԸ

Արցախի ամենախոստումնալից շախմատիստուհիներից մեկը՝ 15-ամյա Մանե Ադամյանը, երեք շաբաթ առաջ մասնակցել է Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնությանը և գրավել երրորդ հորիզոնականը: Ապրիլին Երևանում կայացած մրցաշարի ժամանակ Մանեի հայրը Թալիշի դիրքերում էր: Նա որպես տեղանքին ծանոթ, կռված մարդ, գնացել էր որ օգներ ազատագրելու Թալիշի դիրքերը: Նրա հայրը կռվում էր դիրքերում, իսկ քաջ աղջնակը պայքարում էր շախմատի տախտակի շուրջ՝ ապացուցելու համար արցախցիների կամքի ու մտքի ուժը: Խանդավառ և ժպտերես Մանեի հետ ծանոթանում ենք Ստեփանակերտի մարզադպրոցի դասասենյակում: 8-10 տարեկան երեխաների հետ միասին հետևում ենք Մանեի և մարզչի՝ Սարգիս Մանուկյանի համատեղ վերլուծությանը: Քննարկում են վերջին առաջնության ժամանակ Մանեի խաղացած պարտիաները: Վիճելի դիրքերում մարզիչը հարցնում է երեխաներին,թե ով ինչպես կգործեր տվյալ իրավիճակում: Աղջիկները և տղաները հավասարապես ակտիվ կարծիքներ ու դիտարկումներ են հայտնում: Ընդհանրապես շախմատն այն բացառիկ մարզաձևերից է, որտեղ մրցակիցները կարող են լինել 6 և 80 տարեկան, տղամարդ ու կին, փոքրիկ աղջնակ և պապիկ: Շախմատը սովորեցնում է հետևություններ անել: Շախմատում կարևորը ոչ թե սեռն է,այլ՝ բանականությունը: Շատ կարևոր է նաև փոխադարձ հարգանքը: Մանեն շախմատ սկսել է խաղալ 6 տարեկանից: 7 տարեկանից սկսել է հաճախել պարապմունքների: Նշում է, որ ոչ թե հարազատներից որևէ մեկի ցուցումով, այլ իր կամքով է որոշել շախմատ սովորել:
Տանը շախմատն ակտուալ էր, քանի որ մայրս շախմատի մարզիչ է: Փոքր տարիքից տեսել եմ շախմատի տախտակը, ֆիգուրները և անտարբեր չեմ եղել դրանց հանդեպ: Սկզբից նավակներով աշտարակներ էի կառուցում, հետո արդեն հետաքրքրվեցի և ուզեցի սովորել: Առաջին մարզիչս Արթուր Բաբայանն է եղել:
Շատ բան եմ սովորել նրանից, ամուր հիմք է դրել: Ինձ համար նրա կատարած աշխատանքը անփոխարինելի է: Առաջին լուրջ մրցումը, որին մասնակցել եմ, Հայաստանի կիսաեզրափակիչն էր: Աղջիկների մինչև 10 տարեկանների պայքարում ինձ կես միավոր չբավականացրեց, որ եզրափակչի ուղեգիր նվաճեմ»: Հիմնական մասնագիտության հարցում դեռ չի կողմորոշվել: Շախմատը նրա կյանքում թեև մեծ դեր ունի, սակայն դեռ չի որոշել՝ գլխավորապես շախմատով է զբաղվելու,թե՝ ոչ: Չի թաքցնում, շատ մտքեր ունի: Այնքան էլ հեշտ չէ համատեղել շախմատը և հանրակրթական դպրոցի դասերը: Մարզիչը՝ Սարգիս Մանուկյանը, որ ներկա է մեր զրույցին, ասում է. «Մանեն շատ ընդունակ է, դպրոցում էլ լավ է սովորում: Թեև պարտաճանաչ, բայց փոքր-ինչ ծույլ է: Բարձր աշխատասիրության դեպքում կհասնի լուրջ հաջողությունների»: Պատանի շախմատիստուհուն հարցնում ենք՝ համաձայն է արդյոք Լևոն Արոնյանի այն մտքի հետ, որ շախմատում տղամարդիկ և կանայք կարող են հավասարը հավասարի հետ մրցել, եթե չտարանջատվեն մրցումներն՝ ըստ սեռի: «Գուցե ճիշտ է, բայց աղջիկներն իրենց մտածելակերպով և նպատակասլացությամբ մի քիչ տարբերվում են տղաներից: Եթե տղան որոշել է շախմատով զբաղվել, կարող է ժամեր շարունակ իր գործն անել, իսկ աղջիկների մոտ տարբեր է:
Բացի այդ նկատել եմ, որ աղջիկների մեծ մասը շախմատում սիրում է գրոհել, իսկ պաշտպանվելիս թույլ է գործում: Տղաներն ավելի սառնասիրտ են պաշտպանվում»:
Հունվարին Մանեն մասնակցել է նաև Հայաստանի շախմատի կանանց բարձրագույն խմբի 76-րդ առաջնությանը: Բավական ուժեղ և փորձառու շախմատիստուհիների հետ մրցելով՝ մեծ փորձ է ձեռք բերել: Կարողացել է երկու ոչ-ոքի խաղալ, մնացած պարտիաներում պարտվել է: Սարգիս Մանուկյանը նկատում է, որ բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք ձեռք բերելն արդեն իսկ մեծ նվաճում է, բացի այդ խաղացած պարտիաները վերլուծելու և աշխատելու մեծ նյութ են տվել իրենց: «Ուժեղների հետ խաղալուց ավելի ես ուժեղանում, լավ փորձառություն էր: Բարձրագույն խմբի պարտիաները վերլուծելով՝ բացահայտեցինք իմ թույլ և ուժեղ կողմերը, ու սկսեցինք աշխատել: Առաջիկայում Ջերմուկում մասնակցելու եմ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարին, հուլիսին կխաղամ կանանց առաջին լիգայում, օգոստոսին Չեխիայում կմասնակցեմ մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը»,- առաջիկա ծրագրերն է ներկայացնում Մանեն: Նախընտրելի շախմատիստը Տիգրան Պետրոսյանն է, առավելապես նրան հիացնում են մեծ վարպետի մարտավարական քայլերը: Հավանում է նաև Լևոն Արոնյանի և Մագնուս Կարլսենի խաղաոճերը: Հարձակողական բնույթի ակտիվ շախմատի կողմնակից է, սիրում է առաջին համարով խաղալ, լինել գրոհողը, ոչ թե պաշտպանվողը:
Իսկ մեզ մնում է շախմատասերներին հորդորել ՝ հիշել Մանե Ադամյանի անունը:
Այս ինքնավստահ և խելացի աղջիկը առաջիկայում լուրջ հաջողությունների հասնելու ակնառու ներուժ ունի:
Գարեգին Ալեքսանյան