ՇԱԽՄԱՏ՝ ՃԱՂԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

5

 Կարլ Փորթմանն Անգլիայի շախմատի ֆեդերացիայի  «Շախմատը բանտում» ծրագրի ղեկավարն է։ Նա որոշել է կամավոր հիմունքներով շախմատ դասավանդել Անգլիայի բոլոր բանտերում։ Այդ նպատակով նա հիմնել է շախմատի ակումբներ, համաժամանակյա պարտիաներ անցկացրել կալանավորների հետ, փորձել միջոցներ գտնել՝ շախմատը բանտային ոլորտում ներառելու համար։ 2015թ-ին Կարլ Փորթմանը բանտերում շախմատ է խաղացել շուրջ 86000 կալանավորի հետ ։ Նա մինչ օրս էլ նամակներ է ստանում կալանավորներից, որոնք նշում են, թե ինչպես է շախմատը փոխել իրենց կյանքը, մտածողությունն ու անգամ նպաստել առողջությանը։ Ներկայացվող հարցազրույցում «Chess Behind Bars» գրքի հեղինակ Կարլ Փորթմանը պատմում է, թե բանտերում շախմատ խաղալն ինչպես է փոխել իր ու կալանավորների կյանքը։

Ինչպե՞ս Ձեր մտքով անցավ շախմատ խաղալ բանտերում։

-Անգլիայի շախմատի ֆեդերացիայում նման հաստիք կար։ Ջոն Հելիի «The Grass Arena» գիրքը շատ էր ոգեշնչել ինձ, ու ես սկսել էի հաճախ մտածել բանտում շախմատ խաղալու մասին։ Ես համոզված էի, որ այն իսկապես կարող է փոխել մարդկային կյանքը։

Ո՞նց էիք «ստիպում» կալանավորներին շախմատ խաղալ սովորել։

-Ես դրա կարիքը չունեի, քանի որ կալանավորներից շատերը շախմատ խաղալ արդեն գիտեին ։ Նրանք մեծ ոգևորությամբ էին խաղում ու շախմատը համարում էին ժամանակն անցկացնելու լավագույն տարբերակներից մեկը։

Քանի՞ բանտ եք այցելել, քանի՞ կալանավորի եք սովորեցրել շախմատ խաղալ։

-Ես կասեի ոչ թե սովորեցրել, այլ ոգեշնչել՝ շախմատ խաղալ։ Բանտ գնալու հիմնական նպատակը՝ համապատասխան գրքեր, պարագաներ տանելն ու՝ կալանավորների հետ համաժամանակյա պարտիաներ խաղարկելն էր ։ Ցավոք, կալանավորների հետ առանձին-առանձին աշխատելու հնարավորություն չկար, քանի որ նրանք քիչ ժամանակ կարող էին անցկացնել իրենց խցերից դուրս։ Ուստի ես աշխատում էի խմբերի հետ։

Համոզված եմ՝ բազմաթիվ հիշողություններ ունեք բանտում շախմատ խաղալուց։ Կպատմե՞ք դրանց մասին։             

-Խաղալ ամենաքիչը 20 կալանավորների հետ, որոնք ամենածանր հանցագործությունների համար անազատության մեջ են հայտնվել, այդ թվում՝ սպանության, դաժան բռնությունների, որոշակիորեն կաղապարում է միտքը, մթնոլորտը՝ ճնշում։ Բայց որքան էլ տարօրինակ է, ես չեմ տխրում, երբ կալանավորը հաղթում է ինձ։ Առաջինը՝ նրանք արժանի են դրան, երկրորդը՝ հաղթելու բերկրանքը դաջվում է նրանց դեմքին։ Ու դա հրաշալի է։

Մարդիկ սովորաբար կարծում են, որ բանտերում շախմատ խաղալը վախեցնող է ։ Ձեզ մոտ կա՞ր նման զգացողություն։

-Ես կասեմ, որ դու չես կարող բանտ գնալ ու քեզ զգալ ինչպես ջերմոցի ծաղիկ։ Դու պետք է շատ բան հաղթահարես, այդ թվում՝ «մաչոյական» կարգավիճակդ։ Կալանավորները հատուկ նպատակ չունեն վտանգավոր իրավիճակներ ստեղծել քեզ համար, քանի որ իսկապես սպասում են շախմատ խաղալուն ու գնահատում են դա։ Ես այդ ամենն ինքնակամ եմ արել։

Ի՞նչ դրական փոփոխություններ է բերել շախմատը կալանավորների կյանքում։

-Նրանք մինչև հիմա նամակներ են գրում ինձ ու պատմում, թե ինչպես է շախմատը փոխում նրանց կյանքը, բարելավում նրանց առողջությունն ու հայացքները։ Սա լավագույն նորություններից է, որ կարող է լինել՝ որ երկրում էլ ապրես։ Դա ոչ միայն շախմատային հմտությունների բարելավում է, այլև ընկերական հարաբերությունների ձևավորում, ինչին նպաստում է շախմատը։ Շախմատի  ունեցած սոցիալական դրական ազդեցությունը հատկապես նկատելի է բանտերում։ Մտածել ամեն քայլից առաջ՝ սա է սովորեցնում շախմատը մարդկանց, որոնք հաճախ կյանքում արել են հակառակը։

Որևէ կալանավոր փորձե՞լ է բանտից հետո կապ հաստատել Ձեզ հետ։

-Ընտանիքիս ու ընկերներիս դա միշտ մտահոգության տեղիք է տվել՝ ի՞նչ կպատահի, եթե․․․  Խոշոր հաշվով ես չեմ փորձում կապ պահել այդ մարդկանց հետ բանտից հետո, որովհետև ես շախմատ եմ խաղում բանտում․․․ Բայց բացառություններ միշտ լինում են, երբ պետք է արձագանքել։ Օրինակ՝ մարդը, որը դուրս է եկել բանտից և ուզում է իմանալ, թե որտեղ է մոտակա շախմատի ակումբը, կամ ինչպես կարող է հեռակա պարտիաներ խաղալ, պետք է օգնել նրան։

Ի՞նչ է սովորեցրել Ձեզ «բանտային» շախմատային կյանքը։

-Ամենակարևորը՝ ես սովորեցի չդատել մարդկանց։ Բոլորը սխալներ են գործում, և ես չէի ուզենա «դատվել» մարդկանց կողմից իմ սխալների համար։ Ես գիտեմ, որ բանտերում էլ լավ մարդիկ կան (Նելսոն Մանդելան էլ է բանտում եղել՝ չմոռանանք), ու կան վատ մարդիկ ազատության մեջ։ Չնայած մեր կյանքի ու փորձի տարբերություններին՝ շախմատը միավորում է մեզ բոլորիս։

Թարգմանությունը՝ Տաթևիկ Սարգսյանի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register