ՍԵԶՈՆԱՅԻՆ ՄԱՏՐԻԱՐԽԱՏ

1

Անհնար է լսած չլինենք` «չկա հայ, որ դրսում ապրող բարեկամ չունենա» արտահայտությունը: Փոքր-ինչ ձևափոխման դեպքում՝ նախադասությունը մեկ այլ՝«չկա հայ, որ արտագնա աշխատանքի մեկող ծանոթ կամ բարեկամ չունենա» նույնքան մռայլ իրողությունն է բացահայտում: Իմ շրջապատում քիչ չեն խոպան մեկնողները: Բոլոր հարևաններից՝ առնվազն մի-մի տղամարդ:

9

Մոտ ընկերս`Արմենակը, 16 տարեկանից ամեն տարի Ռուսաստան է մեկնել աշխատելու: 5 տարի շարունակ գնում-գալիս էր: Միայն ինքնուսուցման ու Հայաստանում մնալու ձգտման շնորհիվ նրան հաջողվեց կտրվել խոպանից: Մինչդեռ արտագնա աշխատանքը շատերին է ներքաշում ու դառնում ապրելակերպ:

Անփոփոխ սխեմա է դարձել. մեկնում են Ռուսաստան (հիմնականում շինարարության վրա աշխատելու), որպեսզի հայրական տունը վերանորոգեն կամ վերակառուցեն, այնուհետև նորից են մեկնում, որ հարսանիքի փող կուտակեն… Ամուսնանում են, իմանում են, որ հայր են դառնալու, նորից են մեկնում, նոր տարվա շեմին վերադառնում են արդեն համալրված ընտանիք: Նորից են մեկնում, այս անգամ`ավտոմեքենայի գումար վաստակելու …Եվ այսպես շարունակ: Երեխաներն անհայր են մնում, կանայք`անամուսին: Հայաստանի գլխավոր արժեքն ու հիմնաքարը համարվում է ամուր ընտանիքը, բայց մի՞թե նմանատիպ հազարավոր ընտանիքները կարող են համարվել ամուր: Ավելին, արտագնա աշխատանքի մեկնողներից շատերը դրսում երկրորդ ընտանիքն են ստեղծում` հաճախ մոռանալով առաջինի գոյության մասին:

Այս ցավոտ իրողության պատճառներն էլ տարբեր են: Վանաձորցի գրող Նարինե Կռոյանի «Ցեցի դեղը» պատմվածքում հստակ ներկայացվում է գյուղի տղամարդկանցից մեկի՝ ռուսաստաններում տարիներով մնալու մոտիվը, թեև վերջինս Հայաստանում 5 երեխա ունի: Նա պարզապես չի ցանկանում գյուղացուն ավանդաբար բաժին հասնող աշխատանքը կատարել: Վստահ եմ, շատերդ լսած կլինեք՝ «դե մի նորմալ գործ որ լիներ, ո՞վ չէր ուզենա ընտանիքի կողքը լիներ» արդարացումը: Մինչդեռ մարդիկ չեն ջանում «նորմալ» գործ ստեղծելու աշխատանքներին մասնակցել: Կհարցնեք` ինչպես մասնակցեն: Պատկերացրեք` բոլոր խոպան մեկնողները օդանավակայան գնալու փոխարեն հավաքվեին ու միասնաբար պահանջեին նորմալ աշխատատեղեր… Անուրջներից վերադառնալով` պատկերացնենք արտագնա աշխատանքի մեկնած տղամարդու կյանքը: Նրանց մեծ մասն այսօր նոր տեխնոլոգիաների միջոցով փորձում է «մնալ» ընտանիքի կողքին: Սքայպի միջոցով շփվում են երեխաների հետ, կնոջ հեռախոսում գործող ծրագրի միջոցով իմանում նրա տեղակայման վայրը… այնուհանդերձ տարիներով բացակայող կամ տարվա ընթացքում մեկ կամ երկու ամիս(երբեմն էլ ավելի քիչ) լինելով հարազատների կողքին` տղամարդիկ հիմնականում միայն ֆինանսապես են մասնակցում ընտանեկան կյանքին: Երեխաների դաստիարակությանը մասնակցում է միայն կինը` միայնակ կամ սկեսրոջ և սկեսուրի հետ:

3

Հատկապես համայնքներում՝ կինը նաև տղամարդկանց հատուկ բազմաթիվ գործառույթներ է իրականացնում` չխուսափելով նաև ֆիզիկական ծանր աշխատանքից: «Արվեստ Հայաստան հիմնադրամ»-ի աջակցությամբ՝ այս լրջագույն թեմային վերաբերող արվեստային աշխատանք է կատարել «ԱրտլաբԵրևան ստեղծագործական խումբը» : «ՍՏՈՒԴԻՈ 20» արվեստանոցում դեկտեմբերի 14-ին «ԱրտլաբԵրևանը» ներկայացավ վիդեո ինստալացիայով: 4 մետր բարձրություն ունեցող պատին անդադար հայտնվում էին հանդում կարտոֆիլ հավաքող և ցանցկեն պարկը լցնող երկու կին: Մյուս կողմից, արվեստանոցում ասես կախված էր մեղվի փեթակների թանձր գվվոցը. 4 կողմում տեղադրված բարձրախոսներից միանգամայն տարբեր կանանց խոսակցություններ էին հնչում (հիմնականում տարակուսքով լի):

«Մեր այս աշխատանքում կանայք ֆիզիկական ծանր աշխատանք են կատարում և «լուռ» են, երբ խոսում են, քանի որ նրանց ձայնը չի ընկալվում որպես լսելի խոսք, այլ ընկալվում է որպես աղմուկ՝ ձուլվող բնության ու տեխնիկայի ձայներին: Ուղերձը հետևյալն է`պետք է մոտ լինես, որ հասկանաս: Նույնն էլ այդ մարդկանց պարագայում է, երբ հեռվից նայում ես, նորմալ հագնված են, ամուսինները փող են ուղարկում, կարծես թե ամեն ինչ նորմալ է, սակայն իրականում դա կյանք չէ»,-նշում է «ԱրտլաբԵրևան» խմբի անդամ Հովհաննես Մարգարյանը:

4

«ԱրտլաբԵրևան»-ի թիմը երկարատև նկարահանումներ է արել Մարտունու հարակից գյուղերում, սակայն ընտրվել է իրենց վարկածով ամենախորհրդանշական կադրը: Նրանք նաև բազմաթիվ զրույցներ են ունեցել գյուղերում ապրող կանանց հետ և եկել հետևյալ եզրակացության. «Թվում է, թե տղամարդկանց միգրացիայի արդյունքում կանայք ստանում են որոշակի ազատություններ, սակայն իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Միգրացիան ավելացնում է կանանց պարտականությունները` առանց նրանց փոքր-ինչ ազատություն և ինքնուրույնություն տալու: Այսինքն`մատրիարխատ (մայրիշխանություն) ասելով, մենք այն չակերտների մեջ նկատի ունենք. չէ՞ որ պարզ է, որ կարծեցյալ բան է… թե՛ ժամանակակից տեխնիկայի շնորհիվ, թե՛ ֆինանսական միջոցներն ուղարկելով մորը (ոչ թե կնոջը), տղամարդիկ վերահսկում են ընտանիքի անցուդարձը»: Բարձրախոսներին մոտ գտնվելով`հնչող խոսակցություններից կարելի էր որսալ այսպիսի պատառիկներ. «էս գյուղի կանայք հա՛մ տղամարդ են, հա՛մ կնիկ են, հա՛մ աղջիկ են: Ամեն ինչ են», «Ինչի բաժանվեմ, ես ալիմենտը դոլարով եմ ստանում», «Ով դրսում ոտի տեղ ունեցավ` ընտանիքը տանում ա», «Եթե գնանք դրսում լողանալու` առանց ամաչելու կլողանանք, որովհետև գյուղում տղամարդ չկա»: Արվեստային աշխատանքին հնարավոր է ծանոթանալ մինչ դեկտեմբերի 24-ը, Հրաչյա Քոչար 13 հասցեում գործող «ՍՏՈՒԴԻՈ 20» արվեստանոցում:

Գարեգին Ալեքսանյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register