«ՍԵՎ ԵՐԿՈւՇԱԲԹԻՆ» ԿԱՄ ԱՄՍԻ 1-Ի ՍԻՆԴՐՈՄԸ

yog

«Ամսի մեկի սինդրոմը» շատերիս է ծանոթ: Լավ կյանքն ու դիետան միշտ սկսում են հաջորդ ամսվա առաջին օրից, կամ էլ՝ երկուշաբթի օրվանից: Թե ինչու՝ պարզ չէ: Աշ-
խատանքն էլ սովորաբար ձգձգում ենք այնքան, որքան այն կարելի է մեզանից հեռացնել: Բնավորության այս գծի համար անգամ հատուկ անվանում են հորինել՝ պրոկրաստինացիա: Հոգեբանները պնդում են, որ որևէ պարտականության հետաձգման հիմնական պատճառն այն է, որ մենք առհասարակ չենք ուզում անել տվյալ աշխատանքը: Բայց շատերը կհամաձայնեն, որ դա միշտ չէ, որ այդպես է: Օրինակ, շատ ես սիրում աշխատանքդ, բայց գործդ միշտ ավարտում ես ու պատրաստվում հանձնել՝ նախորդ երեկոյան միայն: Կամ հաճույքով ես գնում դասի, բայց արի ու տես, որ գրքերդ բացում ես քննությունից երկու օր առաջ՝ մինչ այդ համոզված լինելով, որ պետք է ավելի վաղ սկսել: Աշխատանքդ ճիշտ ժամանակին չես անում, բայց ընթացքում անընդհատ մեղադրում ես քեզ, ասում ես՝ այ հաջորդ անգամ անպայման ավելի շուտ եմ սկսելու, վերջին րոպեին չեմ թողնելու… Ծանո՞թ մտքեր եմ արտահայտում: Եթե անկեղծ (շշուկով եմ գրում, որ խմբագիրները չկարդան), ինքս էլ հաճախ եմ աշխատանքը վերջին րոպեին թողնում, հետո անվերջ մեղադրում ինձ ու… էլի կրկնում նույնը:

Ի վերջո, ո՞րն է այս անհասկանալի խնդրի լուծումը, ինչո՞ւ չի ստացվում ավելի գրագետ պլանավորել ժամանակը ու ստիպել ամեն բան մաս-մաս անել՝ առանց կուտակումների: Մենք, պարզվում է, շատ լավատես ենք ու վստահ մեր ուժերի վրա: Գիտենք, որ ցանկացած իրավիճակում էլ հասցնելու ենք կատարել մեր աշխատանքը: ̧Դիցուք, ունենք մեկ շաբաթ՝ որևէ գործ կատարելու համար: Երկուշաբթիից ուրբաթ ընկած հատվածում մենք անհոգ ենք, որովհետև գիտենք՝ տիրապետում ենք տվյալ ոլորտին, մեզնից գոհ են, աշխատանքը սիրում ենք: Դեկանենք, էլի, աշխատանքը չի փախչի, ի՞նչ կարիք կա հենց հիմա սկսել: Կամ, լավ, այս ֆիլմը կնայեմ, հետո կսկսեմ: Վայ, ֆեյսբուքյան նամակներին էլ պատասխանեմ ու սկսեմ: Այս ինչ լավ հոդված է, սա էլ կարդամ ու սկսեմ… Չէ, է, արդեն ուշ է, վաղը կանեմ: Հետո շաբաթ-կիրակի օրերին, ափալ-թափալ (այս բառը մեզ համար են ստեղծել) կատարում ենք, հասցնում ու սովորում ենք՝ արդեն առանց հանգստության: Լարված, անգամ թերացումներով, և էլի ու էլի կրկնում ենք՝ սա վերջին անգամն էր: Բայց դժոխային շղթան անընդհատ կրկնվում է, քանի որ մեզ սխալմամբ թվում է, թե մենք լավ ենք աշխատում միայն կրիտիկական իրավիճակներում: Բայց իրականում մեզ մոտ ստացվում է աշխատանքն արագ ավարտի հասցնել, որովհետև ուղղակի այլ տարբերակ չկա: Իսկ դուք փոքր-ինչ այլ կերպ մտածեք. պատկերացնո՞ւմ եք՝ որքան ավելի որակյալ կլիներ մեր աշխատանքը, եթե մենք ավելի շուտ անեինք:  Բնավորության այս գիծը նույնպես հնարավոր է շտկել, միայն թե պետք է համառ կամք ցուցաբերել:

Աշխատանքը հետաձգելու չորս պատճառ են առանձնացնում՝ դժվարությունը, երկարաժամկետությունը, գիտելիքի պակասը և վախերը, որոնք սովորաբար միախառնված կերպով են խանգարում մարդուն ապրել ըստ պլանների:

Ես գիտեմ, որ դուք ինձնից հավանաբար ինչ-որ գերբնական խորհուրդ եք սպասում, որը կօգնի հենց այսօր ազատվել ձեր վատ սովորությունից: Հիասթափեցնեմ. Նման խորհուրդ չի լինելու, քանի որ դա նույնպես ժամանակի կորուստ է. էլի խոսում ենք, բայց այդպես էլ չենք հասնում բուն աշխատանքին: Նախ ընդունեք, որ դուք չափից դուրս շատ եք երկարաձգում ձեզ սպասվելիք գործը: Եթե այնուամենայնիվ այն պետք է անել, շուտ արեք ու հանգիստ եղեք: Փորձեք ինքնուրույն հասկանալ՝ որոնք են ձեր՝ հետաձգման պատճառները, գրի առեք դրանք, փորձեք ինքնուրույն որոշել՝ ինչպես է պետք հաղթահարել դրանք: Կազմեք այն բոլոր գործերի ցուցակը, որը դուք անընդհատ հետաձգում եք, բաժանեք դրանք ըստ կարևորության և ժամկետների: Եվ սկսեք ուղղակի կատարել: Ինքներդ ձեզ ստիպելով, կամքը կոփելով, այլ ոչ թե հենվելով հոգեբանների տասնյակ էջեր շարունակվող խորհուրդների վրա, որովհետև դրանք ի վերջո գալիս են նույն կետին. Պրոկրաստինացիայից ազատվելու համար պետք է ուղղակի ստիպողաբար ու երկարաժամկետ աշխատանքը ճիշտ ժամանակին անել, մի քանի ամիս անց սա կդառնա բնավորություն ու դուք կդադարեք ամեն ինչ վերջին րոպեին թողնել, անգամ կզարմանաք, թե ինչպես էիք այդքան լարված աշխատում:

Ամեն բան պարզ է, արդարացումներ փնտրելու կարիք չկա: Ընդամենը ստիպեք ձեզ տվյալ պահին հրաժարվել սերիալից, ընկերոջ հետ զրույցից, նամակագրությունից ու սիրած երաժշտությունից: Հավատացեք, աշխատանքն ավարտված վիճակում դուք ավելի շատ ազատ ժամանակ կունենաք՝ սիրելի այլ գործերով զբաղվելու համար: Դադարեք կարդալ երկարուձիգ տեքստերը, միայն գլխով համաձայնության նշաններ անել ու էլի ասել՝ լավ, այսօրն էլ թող անցնի, վաղը սկսում եմ: Մի սպասեք ամսի մեկերին ու երկուշաբթիներին, թողեք դրանք օրացույցներում: Սկսեք հիմա: Ես էլ պաշտոնապես խոստանում եմ, որ վերջին անգամ եմ հոդվածս գրում շաբաթվա ավարտին: Եթե ձեզ պետք է նշան՝ բնավորության վատ գծերը փոխելու համար, համարեք, որ սա հենց այդ նշանն է:

Սյունե Սևադա

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register