ՍԵԽՆ ՈՒ ՁՄԵՐՈՒԿԸ՝ ՎՆԱՍ – ՕԳՈՒՏՈՎ

dzmeruk

Էլ ի՞նչ ամառային երեկո, եթե չհավաքվենք մի մեծ ափսե սեխի ու ձմերուկի շուրջ ու չքննարկենք օրվա իրադարձությունները: Մեզանից ամենաբկլիկները հանդգնում են անգամ դրանք ուտել գդալով՝ ուղղակի պտուղը մեջտեղից կիսելով: Ասում են՝ այդպես ավելի համեղ է: Եթե ասում են՝ ուրեմն պետք է փորձել: Շատերն էլ ձմերուկը համադրում են  հացի ու պանրի հետ: Բայց այ, «տոլերանտ» ձմերուկի փոխարեն սեխի հետ՝ նման փորձարկումները անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ, դրա համար էլ այս հարցում ավելի «համեստ» ենք մեզ դրսևորում: Գիտենք, որ սեխի հետ մեղրի համադրումը կատեգորիկ արգելված է: Իսկ թե էլ ինչ նրբություններ ունեն սեխն ու ձմերուկը, ինչին են օգտակար կամ վնասակար, որոշեցի պարզել ու ձեզ ներկայացնել:

Ձմերուկ չի կարելի կիրառել՝ աղիքների կամ երիկամների հետ խնդիրներ ունեցող  մարդկանց: Ձմերուկ ուտել չի կարելի հատկապես երիկամներում քար ունեցող մարդկանց, որովհետև  «փարթամ»հատապտուղը ինքնին միզամուղ է: Ենթադրաբար մեծ է քարերի տեղաշարժման հավանականությունը: Դրանք կարող են քերել երիկամների պատերը ու, անգամ, փակել միզածորանը: Օրգանիզմում ավելորդ ծանրություն չստեղծելու համար՝  հղի կանանց նույնպես խորհուրդ է տրվում ձմերուկը չափավոր օգտագործել:

Ձմերուկը հարուստ է հակաօքսիդանտներով՝ կարոտինով, տիամինով և այլն: Այն նաև պաշտպանում է օրգանիզմը ծերացումից: Թարմության վերականգնումից զատ, այն նաև էներգիա է հաղորդում:

Ձմերուկի կիրառումը լավ օգնական է նաև՝ ավելորդ քաշի դեմ պայքարում: Գոյություն ունեն դիետաներ, որտեղ օրվա մեջ միմիայն ձմերուկ ուտել է թույլատրվում: Սա, իհարկե, ծայրահեղ մոտեցում է ու այդքան էլ չի արդարացնում իրեն: Սակայն օրվա  ընթացքում  բավարար  քանակի ձմերուկ ուտելը օգնում է արագ նիհարելուն, սահմանափակում է քաղցի զգացողությունը:

Չնայած նրան, որ սեխի հիմնական բաղադրիչները ջուրն ու շաքարավազն են համարվում, այն իր մեջ շատ օգտակար տարրեր է պարունակում: Սեխը մեծ քանակությամբ ասկորբինաթթու է պարունակում, որը  նույն վիտամին C-ն է, ինչը   պաշտպանում է օրգանիզմը հիվանդություններից, օգնում է արագ ոտքի կանգնել ու լավ է անդրադառնում մաշկի վրա:

Ֆոլաթթուն հատկապես անհրաժեշտ է արյան մեջ քիչ երկաթ ունեցող մարդկանց: Հիշյալ մարդիկ պետք է շատ ուտեն սեխ, քանի որ պարունակած ֆոլաթթվի պաշարով՝ սեխը համարվում է առաջատար պտուղներից: Իսկ սեխի մեջ առկա կալցիումն էլ հավելյալ ամրություն կհաղորդի ձեր ատամներին ու ոսկորներին:

Սեխը չի կարելի ուտել մեծ քանակությամբ, քանի որ դա հնարավոր է հանգեցնի հիպերվիտամինոզի, որն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել սրտի կամ մակերիկամների խնդրի:

Այս պտուղը նաև անհամատեղելի է այն ուտելիքների հետ, որոնց բաղադրության մեջ շատ է օսլան: Առհասարակ, դիետոլոգները խորհուրդ են տալիս սեխի հետ այլ բան չուտել ու սպասել երեք ժամ՝ մինչ հաջորդ սննդի ընդունումը:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register