«ՍԱՆԻՏԵՔԸ» ԵՎ ԳԵՂԵՑԿՈւԹՅԱՆ ՍՐԱՀԸ

6

Հայերս չենք  սիրում մեր կեղտոտ սպիտակեղենն ի ցույց դնել ուրիշներին, հաճախ աղբն էլ տնից չհանելու կոչեր ենք անում, սակայն բառիս բուն իմաստով՝ սանիտարահիգիենիկ նկատառումներով աղբը հաստատ պարտավոր ենք տնից հանել, հնարավորինս հաճախ:

Սա կարծես թե ամեն ընտանիքում չգրված օրենք է. մեր տները մաքուր են, աղբը միշտ հեռացված տնից: Սակայն տնից դուրս որտե՞ղ է հայտնվում աղբը: Տարիներ շարունակ Երևանի աղբահանության  խնդիրը արմատական լուծում չի ստանում: Իհարկե, ասենք՝ տասը տարի առաջվա վիճակը  չէ, սակայն դեռ հեռու ենք քաղաքակիրթ աղբահանությունից և հատկապես աղբի վերամշակման մշակույթից:

Մի օր այս խնդիրն էլ կկարգավորվի,  մենք էլ կունենանք աղբահանության ժամանակակից գործարաններ, հուսով եմ, որ շատ չի ուշանա այդ ժամանակը, մանավանդ որ վերջին տարիներին հաճախ է խոսվում այդ մասին: Սակայն այսօր ես շատ եմ ուզում խոսել մեր քթի տակ կուտակվող աղբի մասին:

Ահազանգ ենք ստացել Կոմիտաս 25 շենքի բնակիչներից, որի տակ նաև գործող գեղեցկության սրահ կա. սրահի մուտքից ընդամենը մի քանի մետրի վրա՝ հարևան շենքի պատի տակ,  խրոխտ աղբամաններ են դրված, որոնք միշտ լիքն են և կարծես թե հիշեցում են սրահ այցելողներին, որ, այո, ցանկացած գեղեցկության կողքին միշտ աղբ կարող է լինել: Բայց դրանից բացի տվյալ տարածքում անընդհատ խաղում են բակի երեխաները, և ստիպված են շնչել աղբի ծանր հոտը։ Պատկերացրեք, թե բարձր տրամադրությամբ այս սրահից դուրս եկողները հատկապես ամռանը ինչպիսի վարպետությամբ պիտի աչք ու քիթ փակեն, ինչ արագություն զարգացնեն,  որ հնարավորին արագ լքեն հսկա աղբակույտերը: Կամ շենքի բնակիչները ինչ մեծ «սիրով» են պատուհանները փակ պահում։

Այս շենքի տակ  հանրային այլ օբյեկտներ էլ կան, խանութներ, բազմաթիվ այցելուներ, և իհարկե, այս ու հարակից շենքերի բնակիչնեըը, որոնք այս անվճար գեղագիտության մշտական հարկադիր վայելողներն են:

Մարդիկ իրենք են լուծումը հիշում. մի քանի տասնյակ  մետր այն կողմ ակնհայտ ավելի հարմար հատված կա՝ աղբամանները տեղադրելու համար: Ընդամենը «Սանիտեքը» պետք է ավելի ուշադիր զննի տարածքը՝ աղբամանները տեղադրելու  համար: Ինչո՞ւ եմ անդրադառնում այս մի հասցեին, թվացյալ փոքր խնդրին. սա իմ տեսած և քաղաքում առկա եզակի օրինակը  չէ: Հետևաբար մի փոքր ավելի սրտացավ և ուշադիր վերաբերմունքը բազմաթիվ նման թաղամասերում կարող է այս կարևոր ծառայության որակը զգալի բարելավել, համոզված եմ, առանց լրացուցիչ ջանքերի ու ծախսերի:

Մինչ այդ, ամռան  տապի սաստկանալուն զուգահեռ,  բնակիչներն ավելի են մտահոգվում բաց աղբամանների ներսում ու շուրջբոլորը զվռնող կրծողների, շուն ու կատուների ներկայությունից, իսկ սննդի նեխող մնացորդներն ուղղակի ապականում են օդը:

Շատ կցանկանայի, որ «Սանիտեքն» այս և նման  մյուս հասցեներում խնդիրը կարգավորեր արագ, որպեսզի բնակիչների հետ համատեղ լուծումները օրինաչափություն դառնային՝ հատկապես, երբ լուծումն ակնհայտ է, ընդամենը պետք է աղբամանները փոքր-ինչ ավելի ներս տանել, բնակիչները մի քանի անգամ փորձել են դա անել, բայց աշխատակիցներն անընդհատ դրանք վերադարձնում են իրենց հին տեղը: Մինչդեռ որքա՞ն լավ կլինի, որ բնակիչների խնդրանքը հաշվի առնեն և պատասխան վերաբերմունք ցույց տան։ Եվ մյուս կողմից նաև մեր քաղաքացիներին տրամադրեին աղբը տնից հանելով, ուրիշի քթի տակ  չդնել, այլ փաթեթավորել այն, փակ տոպրակով հասցնել աղբարկղին:

Տարրական այս հարցերից են հաճախ  ծագում ավելի լուրջ  հարցերը: Ուղղակի հիշենք, որ աղբը մեզ միշտ  խանգարում է՝ ներսից, դրսից, ամենուր:

Սյունե Սևադա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register