ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ. ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԸ ՃԱՆԱՉՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ruben

Փետրվարի 20-ին Արցախում անցկացված Սահմանադրության բարեփոխման նախագծի հանրաքվեին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 103818 քաղաքացիներից 79428-ը: Սահմանադրությանը «կողմ» է քվեարկել 69750 (ընտողների 87.8 տոկոսը), «դեմ»՝ 7686 քաղաքացի: 2172 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Սա 26 տարվա ընթացքում Արցախում անցկացված համապետական նշանակության 3-րդ հանրաքվեն էր: Վերջին անգամ Արցախում սահմանադրական փոփոխություններ անցկացվել են 2006 թվականին: Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որը 2015 թվականին իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընտրել է խորհրդարանական-վարչապետական համակարգը, Արցախը պահպանում և ուժեղացնում է նախագահական կառավարման համակարգը: Այսուհետ նախագահը նաև գործադիր իշխանության ղեկավարն է լինելու: Սահմանադրական փոփոխությունների, Արցախում անցկացված հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելությամբ հանդես եկած միջազգային փորձագետների,  իրավական տեսանկյունից Ադրբեջանի վարած նոր ագրեսիվ քաղաքականության և այլ հարցերի շուրջ է «Ճամփորդի» զրույցը  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

– Պարոն Մելիքյան, ո՞րն էր Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պատճառը: Ինչո՞ւ հենց այս շրջանում:–  Սահմանադրական փոփոխությունների գործընթացը Արցախում սկսել է նախքան ապրիլյան պատերազմը: Հայտնի է, որ գործընթացը մեկնարկել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի կողմից  հանրապետության նախագահին ուղղված դիմումով: Ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ  ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որն էլ սկսել է հայեցակարգի մշակումը: Ապրիլյան պատերազմից հետո հանձնաժողովն առժամանակ դադարեցրել է աշխատանքը: Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմն իր որոշակի ազդեցությունն է ունեցել նաև հայեցակարգի մշակման վրա: Երկարատև քննարկումներից հետո նախապատվությունը տրվել է նախագահական կառավարման համակարգին, կազմվել է նախագիծ, որը ներկայացվել է ԱԺ, որտեղ էլ այն ընդունվել և սահմանված կարգով ներկայացվել է ժողովրդին: Նոր սահմանադրությունն, իհարկե, ունի քաղաքական և իրավական բաղադրիչ: Ես իրավասու չեմ խոսել քաղաքական բաղադրիչի մասին,սակայն  կանդրադառնամ իրավական բաղադրիչին: Կարող եմ ասել, որ թե՛ մարդու իրավունքների, և՛ թե մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարգավիճակի մասով առաջընթացը  նկատելի է:Սահմանադրության բարեփոխման հանրաքվեի ընթացքին  հետևում էին 30-ից ավելի երկրներից հրավիրված 104 միջազգային դիտորդներ: Նրանցից բացի քվեարկության ընթացքին հետևում էին նաև 103 տեղական դիտորդներ, ԶԼՄ-ների  80-ից ավելի ներկայացուցիչներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, սակայն միջազգային դիտորդներն այդուհանդերձ ներկա էին հանրաքվեին, որից հետո հանդես եկան մամուլի ասուլիսներով, փաստելով, որ հանրաքվեն անցկացվել է բարձր մակարդակով:

– Միջազգային դիտորդները պաշտոնապես ներկայացնում էիր իրենց երկրնե՞րը, թե՞ անհատական նախաձեռնությամբ կամ հրավերով էին ժամանել Արցախ: Նրանց դրական արձագանքը Արցախի ճանաչման հարցում կարո՞ղ է հետագայում որոշակի դերակատարություն ունենալ:

– Դիտորդները հանրաքվեի ընթացքին հետևել և իրենց կարծիքն են ներկայացրել ոչ թե իբրև իրենց երկրներից գործուղված պատվիրակներ, այլ իբրև անհատներ, նույնը վերաբերում է նաև նրանց կողմից բարձրաձայնված կարծիքներին: Արցախի Հանրապետության  նպատակը՝  սփյուռքի կառույցների և այլ կապերի միջոցով հնարավորինս մեծ թվով միջազգային փորձագետների ներգրավումն էր: Այս քայլը երկու նպատակ էր հետապնդում. առաջինը՝ հավաստիանալ, թե ինչպես է անցկացվել հանրաքվեն և արձանագրել թերությունները՝ հետագայում դրանք ուղղելու նպատակով: Եվ երկրորդ, հանրաքվեի ժամանակ միջազգային ներկայության ապահովում, որպեսզի միջազգային հանրությունը ճիշտ պատկերացում  կազմի թե՛հանրաքվեի ընթացք, թե՛ արդյունքների վերաբերյալ: Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում Արցախի պետությունը վատ լույսի ներքո ներկայացնելու համար: Այդ իսկ պատճառով էլ հանրաքվեին միջազգային դիտորդների ներկայությունը և նրանց եզրակացությունը հնարավորություն տվեց ցույց տալ իրականությունը: Դժվարանում եմ ասել, հանրաքվեի վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքը հետագայում ԼՂՀ ճանաչման հարցում  ինչ ազդեցություն կարող է ունենալ, քանի որ հարցը քաղաքական է: Իսկ ընդհանրապես, հանրաքվեն ամենաանխոցելի ժողովրդավարական ինստիտուտն է, որովհետև անմիջական ժողովրդավարություն է իրականացնում, և ժողովուրդը՝ որպես իր ճակատագրի տերը՝ ինքն է որոշում՝ նոր սահմանադրություն ընտրել, թե գործողը պահպանել:

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  կինը՝ Մեհրիբան Ալիևան, նշանակվել է առաջին փոխնախագահ: Այսինքն, ռազմատենչ Ալիևի և իր ընտանիքի իշխանությունն Ադրբեջանում գնալով ամրանում է: Ի՞նչ սպասելիքներ կան այս  զարգացումներից, հնարավո՞ր  է, որ հարևան երկրում սկսվեն  ներքին  գժտություններ: – Կարծում եմ որ դա՝ ժողովրդավարական արհեստական շղարշից ձերբազատվելուն և Ադրբեջան պետության բուն էությունն ավելի տեսանելի դարձնելուն միտված քայլ էր: Ադրբեջանը մենապետությունից վերածվեց  զուգապետության: Մտածելու տեղիք է տալիս: Դժվարանում եմ ասել, թե Ադրբեջանում ընթանալիք ներքաղաքական ինչպիսի զարգացումները մեզ համար օգտակար կամ վնասակար կարող են լինել:  Մի բան հստակ է, մեզ համար օգտակար կարող է լինել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացումն ընդհանրապես: Սակայն այդ ուղղությամբ որևէ դրական փոփոխություն չեմ տեսնում, ընդհակառակը՝ այդ ոլորտում մեծ հետընթաց է նկատվում:

– Ադրբեջանի կողմից կազմված «սև ցուցակում» 400-ից ավելի անուն է ընդգրկված: Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին հանձնելուց հետո, հարևան երկիրը միջազգային հետախուզում է հայտարարել նաև Եվրախորհրդարանի երեք պատգամավորների՝ Արցախում կայացած հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարմիր Շտետինի (Չեխիա)  նկատմամբ: Ինչ կասեք այս մասին, նրանց  վտանգ սպառնո՞ւմ  է:– Ադրբեջանի քաղաքականությունը փոխվեց ոչ թե Լապշինի գործից հետո, այլ Լապշինի գործն, ըստ էության, ազդարարեց քաղաքականության փոփոխության  սկիզբը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Լապշինի դեպքը ոչ թե նախադեպ, այլ՝ հակադարձ նախադեպ դառնա: Այն ուղին, որն ընտրել է Ադրբեջանը, որևէ հեռանկար չունի: Ինչ-որ տարածք այցելելու կամ կարծիք հայտնելու համար նմանատիպ ցինիկ քրեական հետապնդումներ չեն եղել: Սա սկզբունքորեն հակասում է մարդու իրավունքների հիմնարար նորմերին: Եվրոպական երկրներում պատգամավորների կալանավորումը բացառում եմ: Ինչ վերաբերում է այլ երկրներում կալանավորման հնարավորությանը, ապա կարծում եմ, որ հարգարժան պատգամավորները այսքանից հետո անհրաժեշտ հետևություններ կանեն, թե ինչ երկրներ  կարելի է այցելել և որոնք՝ոչ: Ամեն դեպքում, սա ոչ միայն այդ երեք պատգամավորների խնդիրն է, այլև ընդհանրապես Եվրոպային, Եվրամիությանն ուղղված մարտահրավեր է, քանի որ քաղաքական խոսքը, ամենաբարձր պաշտպանությանն է ենթարկվում եվրոպական չափանիշներով: Դժվարանում եմ ասել՝ Բելառուս  այցելելու դեպքում Արցախի կամ Հայաստանի քաղաքացիներին վտանգ սպառնում է, թե ոչ: Բելառուսի դեպքում գործ ունենք ավտորիտար ռեժիմի հետ, որից ամեն ինչ սպասելի է: Ասել, որ որևէ վտանգ բացառված է, ազնիվ չի լինի: Մյուս կողմից էլ չեմ կարծում, թե Բելառուսի համար էր Լապշինի գործը շատ հաճելի, որովհետև միջազգային ճնշումներ եղան, քննադատություններ հնչեցին: Մնում են այն համոզմանը, որ Բելառուսը դժվար թե փորձի «նույն գետը» մտնել: Արդյոք ես կգնայի Բելառո՞ւս: Սիրով կգնաի, անգամ կցանկանայի հասարակական դաշտից հրավեր ունենալ: Սակայն դա արդեն՝ յուրաքանչյուրի անձնական որոշումն է:

Զրուցեց՝ Գարեգին Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register