ՌՈՒԲԵՆ ԴԻՇԴԻՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

dishdishyan

Շատերը կարծում են, որ իմ ազգանունը կեղծանուն է: Մինչ 30 տարեկանը ես ապրում էի Հայաստանում, և անգամ հայրենիքում այն բավականին դժվար արտաբերվող ազգանուն էր համարվում: 30 տարեկանից հետո երբ տեղափոխվեցի Ռուսաստան, այնտեղ առհասարակ ոչ մեկը չէր կարողանում արտաբերել իմ ազգանունը, մշտապես սխալվում էին, բայց հետո սովորեցին: Սկզբում իմ ազգանունից ամաչում էի, հիմա արդեն՝ հպարտանում եմ:

Քեզ մեջքից հարվածել կարող են միայն շատ մտերիմ մարդիկ, որովհետև դու նրանց շատ մոտ ես թողնում: Ինձ դավաճանել են մարդիկ, որոնց ես մշտապես հավատացել ու  վստահել եմ, մարդիկ՝ ում ես շատ եմ օգնել: Ես այդ պատճառով էի կորցնում իմ հիմնած «Central Partnership» ընկերությունը: Եթե «թարգմանենք» սովորական լեզվի՝ դա դասական դավաճանություն էր: Բայց կարծում եմ, որ այն շատ տեղին և ուսանելի էր: Իրավ որ, 15 տարի ապրել տաքուկ, անամպ մոլորակում՝ շատ տարօրինակ կլիներ: Իսկ այս ամենը ստիպեց կյանքին նայել նոր հայացքով, արժեքների վերագնահատում տեղի ունեցավ, որը ստիպեց թափ տալ ինձ: Ես ուժերս հավաքեցի և սկսեցի 0-ից: Այդ ամենի մեջ ես դրական կողմ եմ տեսնում:

Մարդկանց հանդեպ առհասարակ ես վստահության շատ մեծ պաշար ունեմ: Վստահո՞ւմ եմ հիմա… Ո՛չ, երևի վստահում եմ, բայց ստուգում եմ:

Իսկական գործընկերը պետք է լինի պարկեշտ, վստահելի,ուժեղ, զգայուն: Գրեթե ինչպես կինը: Պետք է ամեն ինչ լինի՝ և՛ վստահություն, և՛ հուսալիություն, և՛ սեր: Առանց դրա հնարավոր չէ:

Գործընկերությունը կարող է վերաճել ընկերության, իսկ ընկերությունը գործընկերության՝ երբեք: Որովհետև գործընկերությունը շփման այնպիսի ձևաչափ է, երբ դու գործընկերոջդ ստուգում ես տարբեր չափանիշներով, ինչի արդյունքում հասկանում ես՝ քո՞նն է այս մարդը, թե՞քոնը չէ: Իսկ ընկերոջ հետ դու ստիպված ես լինում գնալ որոշակի փոխզիջումների, որոնք երբեմն հնարավոր չեն: Եվ այդ ամենը կարող է հանգեցնել կոնֆլիկտի:

Իմ հիմնած նոր ընկերությունը` «Մարսը», ըստ էության,իմ վերածնունդն էր: Հին ընկերության շրջանակներում ես արդեն լճանում էի. ամեն ինչ հարթ էր, խաղաղ ու անհետաքրքիր: Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, ստիպեց ինձ սթափվել, ընկնել, փաստացի, վերապրել այդ դավաճանությունը, լիովի զգալ այդ ցավը, իսկ հետո նորից ոտքի կանգնել ու նորից վերածնվել: Այդ պատճառով «Մարսը» շատ դրական ներգործություն է ունեցել իմ անձնական կյանքի վրա:

Ամենասկզբում ինձ մոտ անվստահություն կար: Մտածում էի՝ կկարողանա՞մ արդյոք ինձ վերագտնել, կկարողանա՞մ արդյոք նորից ոտքի կանգնել: Մեր շրջանում, նկատի ունեմ իմ մասնագիտության տեր մարդկանց, լուրեր էին շրջանառվում, թե վերջ, Ռուբենն արդեն խոցված օդաչու է, այլևս երբեք ոտքի չի կանգնի, «Central Partnership»-ը նրա աստեղային ժամն էր: Շրջանառվում էին նմանատիպ  այլ խոսակցություններ: Բնականաբար, ինձ հասնող այդ խոսակցությունները որոշակի  անվստահություն էին հաղորդում: Բայց ես միշտ ասում էի, որ մենք պետք է ամեն ինչ անենք՝ հաղթելու համար: Ըստ էության, դա ինձ ներկայացած  մարտահրավեր էր: Որոշ ժամանակ անց,սակայն,  ամեն ինչ իր տեղն ընկավ  ու ամեն ինչ սկսեց իր հունով գնալ: Այն համոզմանն եմ, որ այսօր մենք մի քանի անգամ ավելի ուժեղ ենք, քան առաջ էինք:

Հաջողությունն առաջին հերթին աշխատանք է: Աշխատանք, տաղանդ, թիմ, նպատակասլացություն, գիտելիք: Ֆորտունան կարող է մի անգամ ժպտալ և վերջ:

 

Կանայք…Կանանց հետ հարաբերությունները ինձ մոտ բարդ են եղել: Ես միշտ նրանցից ամաչում, անգամ վախենում էի: Կնոջ հետ ծանոթանալն ինձ համար մեծ խնդիր էր: Միայն այս վերջին 10 տարիների ընթացքում  ինձ հաջողվեց հաղթահարել այդ բարդույթը: Հիմա արդեն ավելի հեշտ է: Սովորել եմ ընկերություն անել կանանց հետ, հասկանալ ու զգալ նրանց: Կարող է տարօրինակ թվալ, բայց հիմա իմ շրջապատում բազմաթիվ կանայք կան, որոնց հետ ես ընկերություն եմ անում և կարողանում եմ ճիշտ հարաբերություններ կառուցել, այնպես անել, որ նրանք  չխանդեն միմյանց:

Մոտ 20-25 տարի առաջ՝ Խորհդրային Միության փլուզումից հետո, Ռուսաստանում սկսեցին մեծ փողեր պտտվել: Այդ տարիներին հաջողակ գործարարներին անհրաժեշտ էր իրենց կողքին ունենալ շիկահեր գեղեցկուհիներ: Այո, այդպիսի պահ կար, մոդելային արտաքինով կանայք մեծ պահանջարկ ունեին: Բայց այդ փուլն  անցավ: Հիմա արդեն տղամարդիկ հասկանում են, որ ամուսնական կյանքում, որը նույնպես իր տեսակի մեջ յուրօրինակ գործընկերություն է, կին գործընկեր է անհրաժեշտ: Չափորոշիչներն են  փոխվել: Խելացի տղամարդիկ այսօր արդեն գերադասում են իրենց կողքին տեսնել խելացի կանանց: Կանանց մեջ ինձ նյարդայնացնում է հիմարությունը: Ինձ հետաքրքիր չէ շփվել հիմար կանանց հետ: Գուցե պատճառն այն է, որ իմ կյանքում կողքիս միշտ խելացի կանայք ենք եղել: Եվ դա ինձ ստիպում է նշաձողը միշտ բարձր պահել:

Կանանց հետ պետք է ընկերություն անել: Շատերը պնդում են, որ դա անհնար է: Բայց ես կարծում եմ, որ հնարավոր է կնոջից բաժանվելուց հետո նրա հետ ընկեր մնալ: Ես ունեցել եմ երկու ամուսնություն: Եվ իմ երկու նախկին կանանց հետ էլ ես շատ ջերմ հարաբերություններ եմ պահպանում: Ինձ դա հաջողվում է:

Ամեն մարդ ինքն է իր ճակատագրի դարբինը: Անսխալական մարդիկ չկան: Բոլորս էլ սխալվում ենք, և դա մարդկային է ու բնական: Սա կյանք է: Ամենակարևորն այն է, որ կարողանաս բաց ճակատով ասել՝ ստորություն չեմ արել, մարդկանց չեմ դավաճանել, սիրել ու սիրվել եմ, երեխաներ մեծացրել եմ, ծառ տնկել եմ:

Ես նոր ճանապարհի կողմնակիցն եմ:«Սպի» ֆիլմի աշխատանքներն իրականացնում էինք  թուրքական ծագումով գերմանացի ռեժիսորի հետ: Նկարահանման ընթացքում մենք ընկերացանք, շատ էինք զրուցում: Ու ես հասկացա, որ պետք է կարողանանք ներել, թերթել էջը ու առաջ անցնել: Հակառակ պարագայում շատ բարդ կլինի: Ես չեմ ասում, որ մոռանանք: Հիշողությունը չես ջնջի: Պետք է պարզապես թերթել ու առաջ անցնել: Պետք է գտնել աշխարհի և հարևաների հետ հարաբերվելու նոր ալգորիթմ: Մենք չպետք է մոռանանք կատարվածի մասին, բայց այդ հիշողությունը չպետք է խանագարի մեր առաջընթացին: Պետք է հասկանալ, թե ով է քո ընկերը և ով՝ թշնամին,պետք է սովորել ապրել թշնամիների հետ: Ես հաճախ եմ գալիս Հայաստան: Տարին 5 անգամ գալիս եմ: Տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ ապրում, շատ եմ մտածում, շատ եմ հուզվում: Իհարկե, ես կուզեի, որ մեր երկրում ամեն ինչ լավ լիներ: Բայց մեծ առաջընթաց դեռևս չեմ տեսնում: Տեսնում եմ, որ գնալով ավելի է բարդանում: Ես քաղաքական գործիչ չեմ, որ բաղադրատոմսեր տամ, բայց կուզեի, որ քաղաքական դաշտը երիտասարդանար, նոր արյուն լցվեր: Նույն մարդիկ, նույն դեմքերը բերում են ռեգրեսի: Քառօրյա սրացման ժամանակ պարզ դարձավ, որ այդ ֆրոնտում ևս խնդիրներ ունենք: Իմ կարծիքով՝ փոփոխություններ են անհրաժեշտ:

 

Զրուցեց` Գոհար Հայրապետյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register