«ՌՈԹԱՐԻԻ» ԳՅՈւՄՐՈւ ԱՍՊԵՏԸ

rotatri

Հարցազրույց Գյումրիի «Ռոթարի» ակումբի անդամ Սեյրան Մարտիրոսյանի հետ

  • «Ռոթարի» ակումբները գործում են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում (շուրջ 34 հազար ակումբ, գրանցված 1.2 միլիոն անդամ): Այդ առումով բացառություն չէ նաև Հայաստանը: Երևանում գործող «Ռոթարի» ակումբից բացի, մեկն էլ գործում է Գյումրիում: Հանրապետության երկրորդ քաղաքում էլ զրուցում ենք 2002 թվականից «Ռոթարի» ակումբի անդամ, «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանի հետ: Հենց նա է առաջիկայում ստանձնելու Գյումրիի ակումբի նախագահի պաշտոնը:

 – Ե՞րբ է հիմնադրվել Գյումրիի «Ռոթարի» ակումբը, և որն  է նրա հիմնական նպատակը:

– Ակումբը հիմնադրվել է 1999 թվականի մայիսին: Ընդունված կարգի համաձայն, ակումբի հիմնադրման համար առնվազն երկու երաշխավոր՝ «քավորներ» է անհրաժեշտ: Գյումրիի ակումբի դեպքում «քավորներից» մեկը Երևանի «Ռոթարի» ակումբն էր, մյուսը՝ ֆրանսիական Ժերարմե քաղաքի ակումբը: Գործունեության նպատակը նույնն է, ինչը կարճառոտ կարելի է ներկայացնել՝ «Ծառայելը վեր է անձնականից» նշանաբանի տեսքով: Ծառայել սեփական համայնքին, լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները: Միջազգային «Ռոթարի» շարժումը հետապնդում է կոնկրետ նպատակներ՝ տնտեսական զարգացում, համայնքի զարգացում: Մեր տեսադաշտում են նաև այնպիսի խնդիրները, ինչպիսիք են ասենք մոր և մանկան առողջության հետ կապված հարցերը,կենցաղային խնդիրներից էլ,օրինակ՝  ջրամատակարարումը: Մենք էլ աշխատում ենք այս ոլորտներում ակտիվ լինել:

– Ներկա պահին քանի անդամ ունի Գյումրիի ակումբը:

– 22 անդամ:

– Տարվա կտրվածքով անդամների թիվն ավելացե՞լ, թե՞ նվազել է: Ինչ-որ սահմանափակում կա՞ անդամների քանակի հարցում:

– Մեր ակումբից հեռացողների թիվը շատ քիչ է, ինչը ակումբում առկա փոխհարաբերությունների ցուցիչն է: Քանակը շատ չի ավելանում, քանի որ նոր անդամներ ընդունելու հարցում մենք շատ ուշադիր ենք: Ակումբի անդամների շարքը  գլխավորապես լքում են օբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ երբ Գյումրուց տեղափոխվում են այլ վայր և այլևս հնարավոր չէ ակտիվ մասնակցել ակումբի աշխատանքներին: Ակումբի անդամների քանակը այլ քաղաքներում ևս այնքան էլ շատ չէ ( 20-40 հոգի,ինչպես և մեզ մոտ է): Մեծ քաղաքներում անդամների թիվը երբեմն հասնում է մինչև 150-ի:

– Ովքե՞ր կարող են  լինել «Ռոթարի» ակումբի անդամ, ինչպե՞ս է կատարվում նոր անդամների ընտրությունը:

– Ակումբի անդամ կարող են լինել այն մարդիկ, որոնց համար երաշխավորում են արդեն գործող անդամները: Նորեկը պետք է լինի իր ոլորտում կայացած մարդ, պրոֆեսիոնալ, այլ կերպ՝ ակումբում պատահական մարդիկ հայտնվել  չեն կարող: Ակումբին անդամակցել ցանկացողը պետք է բարձր հեղինակություն ունենա՝ հիմնված բարոյական բարձր չափանիշների վրա: Պոտենցիալ նորեկը նախ որպես հյուր, ապա որպես խոսնակ ներկայանում է ակումբին: Ռոթարական մի քանի միջոցառումներից հետո, եթե պարզվում է, որ մարդը իսկապես իրենն է համարում ակումբի գաղափարները, արժեքները , «Ռոթարին» իր համար ընդունելի է որպես ակումբ, ապա անցկացվում է խստագույն քվեարկություն: Նոր անդամին ընդունելու համար պետք է գործող անդամներից  որևիցե  մեկը դեմ չլինի թեկնածությանը:

– Ակումբի անդամը  քաղաքական, կրոնական որևէ բնութագրական պետք է ունենա՞:

– Ոչ, այս դեպքում դրանք երկրորդական են: Հանդուրժողականությունը «Ռոթարի»-ի չգրված օրենքն է: Ընդհակառակը՝ մշակութային, կրոնական բազմազանությունը «Ռոթարի» ակումբի համար կարող է լինել առավելություն, ոչ թե թերություն:

– Գյումրիի ակումբն արդեն 17 տարի է,ինչ գործում է: Ի՞նչ ծրագրեր է իրականացրել:

– Եղել են ամենատարբեր ոլորտի ծրագրեր:  Գյումրիում գործող թանգարանները վատ պայմաններում էին՝ ազդանշանային համակարգեր չունեին:  2 տարի առաջ մեր ակումբի ջանքերով Գյումրիի  4 ամենահայտնի թանգարաններն ապահովվեցին ազդանշանային համակարգերով: Ծրագրերը հիմնականում ուղղված են սոցիալական ոլորտին:

 – Բարեգործակա՞ն ծրագրեր են:

– «Բարեգործություն» բառն այս դեպքում տեղին չէ օգտագործելը: Ծրագրերի իմաստը ավելի մեծ է և այդ ծրագրերի հիմքում թե՛ բարեգործությունն է ընկած, թե՛ զարգացման գաղափարը: Այսինքն՝ եթե համակարգիչներ նվիրեցիր, օրինակ՝ երեխաների հոգածության կենտրոնին, դա պարզապես բարեգործություն չէ, դա նաև զարգացմանը նպաստելու  հնարավորություն, համայնքի զարգացմանն ուղղված գործունեություն է: Ներկա պահին մենք աշխատում ենք այլընտրանքային էներգիայի զարգացման, ավելի ստույգ՝ արևային տաքացուցիչների օգտագործման ուղղությամբ, ինչը Շիրակի մարզում առավել օգտակար կլինի: Էլեկտրաէներգիայի և գազի սակագները Հայաստանում որևէ կերպ համատեղելի չեն աղքատության բարձր ցուցանիշի հետ, որն ամենաբարձրը  հենց  Շիրակի մարզում է ( 45 տոկոսից ավելի):

– Եթե գաղտնիք չէ, ո՞րն  է Գյումրիի «Ռոթարի» ակումբի ծրագրերի ֆինանսավորման աղբյուրը:

– Ակումբն ունի անդամավճարային համակարգ: Արտերկրում գործող այլ ակումբների հետ ամուր կապեր կան: Օրինակ՝ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքի, Ֆրանսիայի Ժերարմեր քաղաքի ակումբների հետ սերտ կապերի մեջ ենք: Նրանց հետ էլ համատեղ իրագործում ենք այս կամ այն ծրագիրը: Դրանից բացի, ակումբի անդամներն իրենց մասնագիտական որակները ծրագրերին ծառայացնելու դեպքում, վճար չեն պահանջում:

– Այսինքն աշխարհում  գործող «Ռոթարի» ակումբներն իրար հետ համագործակցե՞լով են կազմում  մեծ ցանց:

– Ռոթարցին ռոթարացի է ամենուրեք: Ռոթարցու համար՝ օտար ռոթարացի չկա: Հանդիպելով ռոթարացու հասկանում ես, որ նա նույն արժեհամակարգի կրողն է: Տարբեր երկրների ակումբները տեղային տարբեր ծրագրեր են իրականացնում, սակայն կա մեկ խնդիր, որի շուրջ համախմբված են բոլորը: Դա պոլիոմելիտի (մանկական ողնուղեղային կաթվածի,-խմբ.) դեմ պայքարին ուղղված «PolioPlus» ծրագիրն է: Ի դեպ նշեմ, որ այս ծրագրին մասնակցում է նաև Բիլ Գեյթսը:

– Ձեր կարծիքով  ո՞րն է մինչ այժմ Գյումրիի «Ռոթարի» ակումբի իրականացրած ամենանշանակալի ծրագիրը:

– Մանկատների և գիշերօթիկ հաստատությունների օգնությանն  ուղղված «Մեծ ծրագիր»-ը, շնորհիվ  որի  հիշատակված կրթօջախներն ապահովվեցին անկողնային պարագաներով, համակարգիչներով, հեռուստացույցներով ու  սառնարաններով: Այս ծրագիրն իրականացրել ենք 2006-2007 թվականներին, սակայն վերը նշած  ծրագրերը նույնպես կարևոր են:

– Հունիսի 6-ին Դուք ստանձնելու եք ակումբի նախագահի պաշտոնը: Չէի՞ք մանրամասնի՝ ինչպե՞ս են ընտրում նախագահ:

– Ակումբի նախագահը յուրաքանչուր տարի պարտադիր փոխվում է: Նախագահների ընտրությունը կատարվում է ժողովրդավարական սկզբունքով՝ առաջադրումով և  քվեարկությամբ:  Նորընտիր  նախագահը պարտավոր է իրականացնել  նաև նախորդի կիսատ թողած ծրագրերը: Արևային էներգայի օգտագործման ծրագիրն,օրինակ, մշակվել է ներկայիս ղեկավար Վահագն Շահբազյանի նախահագության օրոք: Շատ կարևոր ծրագիր է, հուսով ենք, որ այն մինչև վերջ կիրականացնենք:

Զրուցեց  Գարեգին Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register