ԵՌՕՐՅԱ ՌՈՔ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆՈւՄ
International MUSIC DRIVE
Այս շաբաթվա վերջին մայրաքաղաքում երաժշտական եռօրյա տոնախմբություն է նախատեսվում: Մշակույթի նախարարության և «Ռոք ասոցիացիայի» ջանքերով Երևանում անցկացվելու է «International MUSIC DRIVE» փառատոնը: Համերգները տեղի են ունենալու մարտի 24-ին և 26-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարտի 25-ին՝ ակումբային ելույթների տեսքով բացօթյա համերգ է լինելու «Անգլիական այգում»: Փառատոնին մասնակցելու են արտերկրյա և տեղական 15-ից ավել խմբեր (rock, ethno prog rock, doom metal, fusion, world music, prog rock, alternative rock, jazz, ethno jazz ժանրերում, առավել մանրամասն` musicdrive.am կայքում): Հրավիրված խմբերը գուցեև «System of a down»-ի կամ «Deep Purple»-ի համբավը չունեն, բայց նրանք նույնպես իրենց վարակիչ համերգներով հանդես են եկել ամենատարբեր հարթակներում, այնպես որ, կասկածից վեր է, որ Երևանում հանրությունը դառնալու է որակյալ ներկայացման ականատեսը:
Այս հետաքրքրաշարժ փառատոնի մասին «Ճամփորդը» զրուցել է «Ռոք ասոցիացիայի» նախագահ, «Dogma» խմբի բաս կիթառահար Վարդան Գրիգորյանի հետ:
Փառատոնի անվանման մեջ «drive» բառը հուշում է, որ շեշտը ռոքի վրա է դրված, չնայած տարբեր ժանրերի շատ այլ խմբեր են ներկայացված: Փառատոնը լինելու է շարունակական` ամենամյա: Ուզում ենք, որ մարդիկ մասնակցեն փառատոնին, որակյալ երաժշտություն լսեն: Փառատոնը նաև ճանաչողական բնույթ ունի, քանի որ մենք շատ ենք կտրվել աշխարհից: Օրինակ` հրավիրված իսլանդական «Agent Fresco» խումբը մոդեռն ռոք է նվագում: Հրավիրյալներից մյուսը՝ 1990-ականներից սկսած 15 ալբոմ թողարկած ռուսական «Theodor Bastard»-ը, անկախ և յուրահատուկ խումբ է: Այնպիսի խմբեր ենք հրավիրել, որոնք գուցեև MTV-ով չեն շրջանառվում, միլիոնավոր տիրաժների ալբոմներ չունեն, բայց անկասկած որակյալ են և իրենց ժանրերի ունկնդիրների կողմից` գնահատված:
Փառատոնին մասնակցող հայկական խմբերը («Artsruni progressive music art»-ը, «Dogma»-ն, «Time report»-ը, «The beautified project»-ը, «Empyray»-ը, «Ոստան հայոց»-ը) բավական ճանապարհ են անցել, ունեն միջազգային ելույթների փորձ, թողարկած ալբոմներ: Նպատակ չունենք դասակարգել լավ ու վատի, այսօր հանդես եկող երիտասարդ խմբերի հերթն էլ կգա»:
Միջազգային փառատոների անցկացման կարևորությունն անուրանալի է:Այն փորձի փոխանակման, կապեր հաստատելու բացառիկ հնարավորություն է:
«Կարծում եմ, որ թե՛ հրավիրված խմբերի, թե՛ տեղական խմբերի, թե՛ հանդիսատեսի համար շատ հետաքրքիր փորձառություն է լինելու: Օրինակ` մեր երաժիշտներն այստեղ հոգնում են, հիասթափվում են. չէ՞ որ հոգնեցուցիչ է նույն ակումբում, նույն փաբում անընդհատ նույն մարդկանց համար նվագելը: Իսկ այսպիսի ֆորումներին մի քիչ ուրիշ ձև ես դուրս գալիս, այլ տեխնիկական հնարավորություններով, ուրիշ խմբերի կողքին: Արդյունքում` ոգևորվում ես, նոր երգեր գրում (ժպտում է,-խմբ.): Սա երաժիշտների տեսանկյունից: Հայաստանի համար էլ է այս նախաձեռնությունը կարևոր: Ցանկացած քաղաքակիրթ երկիր անցկացնում է փառատոներ, որոնք պատկերավոր ասած՝ երևում են մշակութային քարտեզի վրա»:
Փառատոնի մասին առաջին լուրերի տարածումից հետո երաժշտասերներն անչափ ոգևորվել էին: Ոչ միայն այն պատճառով, որ այսքան հրաշալի խմբերի են տեսնելու Երևանում, այլև` տոմսերի համեմատաբար մատչելի գների համար: Կազմակերպիչները մեկ օրվա մասնակցության տոմսերի գները սահմանել են 3000, երկու օրվա համար` 5000 դրամ:
Սա բիզնես ծրագիր չէ, որ տոմսերի գները բարձր սահմանեինք: Փառատոնը կազմակերպվում է Մշակույթի նախարարության հետ միասին, որն էլ ֆինանսապես աջակցում է: Արդեն 2 ամիս կազմակերպչական մեծ թիմ է աշխատում, ընդ որում` ողջ թիմը գործում է էնտուզիազմի վրա:
Մենք կտրականապես դեմ ենք, որ որևէ համերգ լինի անվճար,ազատ մուտքով: Պետք է հրաժարվել դրանից: Իհարկե, հասկանում ենք մայրաքաղաքում նշվող տոնակատարությունների ժամանակ անցկացվող բացօթյա համերգների տրամաբանությունը, բայց մնացած դեպքերում պետք է արժեվորել, թեկուզ 500 դրամ լինի տոմսը: Երաժիշտի համար էլ է կարևոր, ավելի պատասխանատու է լինում, երբ հանդիսատեսը տոմս է առնում»:
Զրուցակիս քննադատում է հայաստանյան լրատվամիջոցներին, որոնք անչափ պասիվ են նմանատիպ նախաձեռնությունների հանդեպ, նմանօրինակ փառատոներ մեզ մոտ խիստ հազվադեպ է կազամերպվում.
«Մշակութային առումով Հայաստանում խոշոր իրադարձություն է տեղի ունենալու, բայց հատուկենտ լրատվամիջոցներ են դրա հանդեպ հետարքրություն դրսևորում: Մյուս կողմից պրոֆեսիոնալ լրագրողների կարիք ունենք: Մենք մարտի 25-ին ցուցադրական, ուսուցողական ելույթներ, հարցուպատասխան ենք ունենալու AGBU-ում(ՀԲԸՄ-ում` Հայկական բարեգործական ընդհանուր միությունում, –խմբ.), և ցանկալի է, որ ներկա լինեն պատրաստված լրագրողներ: Ես ականատես եմ եղել, թե ինչպես է երիտասարդ լրագրողը Հայաստանում աշխարհահռչակ երաժիշտին խնդրել ներկայանալ: Կամ հարցրել են` ի՞նչ է նշանակում խմբի` «Jethro Tull» անվանումը: Նման բաները էապես փչացնում են ընդհանուր տպավորությունը»:
Ռոք կամ ջազ համերգները անհնար է պատկերացնել կեղծված, այսպես ասած տխրահռչակ` «ֆոնոգրամայի» տեսքով: Վարդան Գրիգորյանը պատմում է, թե որքան դժվար է «կենդանի համերգ» կազմակերպելը.
«Խմբերը շատ տարբեր են ու հաստատ ճաշակին ընկեր կգտնվի: Մեր բոլորիս խնդիրն է` արդար երաժշտություն մատուցելը, ոչ ոք չի խաբում: Ես չգիտեմ` ի՞նչ պետք է անել, որ «ֆոնոգրամա» կոչվածը վերանա: Գուցե քրեորեն պատասխանատվության ենթարկեն երգչին: Կամ հանդիսատեսը պետք է իր հետ լոլիկ ունենա, որ նման խայտառակության դեպքում վարկաբեկի երգչին: Հասկանո՞ւմ եք` դա անարդար է, անընդունելի: Բացի այդ, նման համերգները շատ հեշտ է կազմակերպել` մեկ ստեղն սեղմում ես և վերջ, իսկ «կենդանի» համերգի ժամանակ բազմաթիվ մարդիկ են մասնակցում: Բեմ դուրս եկող ամեն երաժիշտի` բասիստի, հարվածայինի, բոլորի համար ունենում ենք առանձին տեխնիկական աշխատող: «Dogma»-ի հետ արտերկրում համերգներ ենք ունեցել, վերաբերմունքը նույնն է»:
Տարեցտարի ռոք լսող մարդկանց թիվն ավելանում է: Ունենք մարզահամերգային համալիր, հաստատ տեխնիկա էլ կունենանք: Այդ դեպքում ինչո՞ւ ամենահայտնի խմբերը Հայաստանում ելույթներ չեն ունենում, փորձում եմ տեղեկանալ բազմաթիվ համերգներ կազմակերպած Վարդան Գրիգորյանից.
«Նախ պետք է հասկանանք,թե ո՞ր խմբերի մասին ենք խոսում: Մեծ խմբերի դեպքում ամեն ինչ շատ թանկ է: Այն տեխնիկան, որ նման խմբերն են պահանջում` դեռ չկա Հայաստանում, վարձակալում ենք արտերկրից: «Deep Purple»-ի դեպքում (հանրահայտ խումբը 2010 թվականին է ելույթ ունեցել Հայաստանում) ես անմիջական հրավիրողն ու կազմակերպիչն եմ եղել, մենք տեխնիկայի մեծ մասը բերել էինք Գերմանիայից: Մեծ դահլիճների, ստադիոնների կամ բաց տարածությունում համերգների տեխնիկան շատ թանկ արժե: Մյուս կողմից, մեծ խմբերի համար էլ, կազմակերպիչների համար էլ` համերգները մեծ բիզնես են: Մեզ մոտ մարդիկ ռոմանտիկ են նայում այդ ամեն ինչին, մինչդեռ վաղուց դա լուրջ բիզնես է: Օրինակ` վերցնենք «Metallica» խմբին: Եթե փնտրեք, փորփրեք կգտնեք «Metallica»-ի նման 10-20 լավ խումբ, որոնք, սակայն, նման համբավ չունեն, բայց միայն խմբի անվան համար՝ ամեն ինչ հազարապատիկ թանկ է: Իհարկե, ես միայն կողմ եմ, որ նման համերգներ անցկացվեն մեզ մոտ, մեծ տոն է, բայց ահռելի թվերի մասին է խոսքը: Փոլ Մաքքարթնիի համերգին 80 հազար մարդ է հավաքվում, տոմսերը սկսվում են 100-150 դոլարից: Տոմս վաճառելով և մի քանի հովանավոր գտնելով` համերգի ծախսերը փակվում են: Մենք չենք կարող տոմս վաճառելով նման մասշտաբի համերգ կազմակերպել, մեզ մոտ միակ եղանակը՝ պետական բյուջեից ֆինանսավորումն է: Մաքքարթնիի հոնորարը միլիոն դոլարից ավել է, դա միայն հոնորարը, դեռ տեխնիկան ու մնացածը չհաշված: Իսկ եթե պետբյուջեից ֆինանսավորվի, վստահ եմ, բողոքի մեծ ալիք կբարձրանա:
Այս ամենը հաշվի առնելով էլ մենք արել ենք փոքր քայլը` կազմակերպել ենք փառատոնը` հույս ունենալով, որ տարեցտարի այն կընդլայնի շառավիղը և ավելի հանրահայտ խմբեր կայցելեն Հայաստան: Արտերկրում կիմանան որ այս օրերին «Music Drive» փառատոն է անցկացվելու, բազմաթիվ տուրիստներ կգան: Նույնիսկ այս փառատոնի համար են Եվրոպայից երաժշտասերներ ժամանելու»: