ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ԳԵՐԻՆԵՐԸ 

9

Դրսում շատերն են մտածում, որ հայերը ձեռներեց ազգ են, ստեղծարար: Ներսում ինքներս էլ ենք համոզվում դրանում՝ տեսնելով, թե ինչպես ենք հաջողում առևտրի մեջ, կամ ծառայությունների ոլորտում ՝ ընդհանրապես:  Ցանկության դեպքում կարողանում ենք հետաքրքիր որակյալ ծառայություններ առաջարկել, լավ սպասարկում իրականացնել,  հաճելիորեն զարմացնել մեր հյուրերին: Անգամ եվրոպական առաջադեմ նորամուծություններն ենք կարողանում արագ Հայաստան հասցնել ու նաև տեղայնացնել:

Սակայն հաճախ նաև համը հանել գիտենք այս առումով: Հերթական նման առիթը վերջերս էր արձանագրվել՝ մեր երկրում ծաղկում ապրող ռեստորանային բիզնեսում: Տարիներ առաջ ընդամենը մի քանի ռեստորան կար, որոնք հաճախորդ գրավելու համար վանդակներում կենդանիներ էին պահում: Չգիտեմ ինչքանով են բանտված կենդանիները նպաստում մարդկային քաղցի հագեցմանը կամ ինչ են այդ մասին ասում բրիտանացի գիտնականները, սակայն ակնհայտ է, որ վարակը տարածվեց և սեփականատերերը սկսեցին ավելի հաճախ կենդանիներին որպես հաճախորդ գրավելու խայծ օգտագործել: Մինի- գազանանոցների թիվն ավելացավ:

Միանշանակ ամեն մարդ չէ, որ կարող է հանգիստ ճաշել, երբ իրենից մի քանի մետրի վրա փոքր վանդակում նյարդային գազան է քայլում, կամ ճաղավանդակը կրծում ՝ ազատություն գտնելու հույսով: Այն հաստատ հաճելի չէ նաև երեխաներին: Ավագ գործընկերներիցս մեկի դստրիկը, որ ընդամենը չորս տարեկան է, ծնողներին կատեգորիկ հայտարարել է, որ իրեն այլևս գազանանոց չտանեն, որովհետև ինքը չի ուզում փակված տեսնել կենդանիներին, որովհետև գիտի, որ նրանց տունն անտառում է : Փոքրիկը հիանալի տրամաբանությամբ ասում է, որ ինքը կարող է փիղ ու այլ կենդանի տեսնել նաև գրքերում, իսկ նրանց պետք չէ տանջել վանդակներում,  մեղք են:

Համացանցում մի լուսանկար էր տարածվել, որտեղ հանրային դեմքեր էին բացօթյա ռեստորանում, իսկ նրանց թիկունքում մետաղյա ճաղերը հուսահատ կրծող արջի քոթոթն է, որի անխնամ տեսքն ու չափազանց փոքր վանդակը վկայում են, որ կենդանին իսկապես տանջվում է ինչ-որ մեկի քմահաճույքի պատճառով: Նման մի քանի լուսանկարներ հայտնվեցին նաև միջազգային կազմակերպությունների տեսադաշտում և արձագանքը խիստ քննադատության տեսքով չուշացավ: Պատկան մարմինները շտապեցին արձագանքել ու փորձեցին իրավիճակը շտկել: Բանտարկված գազաններին տեղափոխեցին խնամքի ապահով կենտրոններ, որտեղ  էլ սկսեցին խնամել ու բուժել նրանց:

Սա՝ մի դեպքը։ Սրանից հետո նմանօրինակ երևույթների գնալով ավելի հաճախ ես հանդիպում։ Եվ օդում մնում է կախված մի հարց՝ ինչի՞ համար։ Գնացիր ռեստորան, տեսար արջին, կամ փղին, կամ դինոզավրին՝ կարևոր չէ, նկարվեցիր հետը…Ե՞վ։ Էքզիստենցիալ որևէ հա՞րց լուծվեց, հոգևոր բավականությո՞ւն ստացանք։ Ի՞նչ է տալիս  պատեպատ խփվող արջի ֆոնին ծնունդ նշելը կամ հարսանյաց արարողություն կազմակերպելը։

10

Այս դեպքում մտածում ես՝ մի՞թե դրսից պիտի ասեին, որ մարդկային  չէ գազաններին կամ  մյուս կենդանիներին տանջելը, որ սիրամարգը իր պոչի երկարության վանդակում  միայն մահվան է դատապարտված: Եվ անգամ երբ ասեցին ու աշխարհի ամենահայտնի պարբերականներից մեկով  բնապահպանական թուքումուր ստացանք, ի՞նչ փոխվեց։ Ինչո՞ւ պատմությունից ամիսներ անց  ռեստորանային համալիրների տերերը չեն հանձնում իրենց մոտ գտնվող կենդանիներին համապատասխան կազմակերպություններին՝ բաց թողնելու նպատակով, կամ ինչու են շարունակում գնել դրանք ու պահել համալիրների տարածքում։

Աշխարհում շատ բնապահպաններ չեն հաշտվում անգամ քաղաքակիրթ տարբերակներով կառուցված գազանանոցների գոյության հետ, էլ ինչ ասես այսպիսի վայ- գազանանոցների մասին, որոնք ավելի շատ պատժախուց են կենդանիների համար և միայն տերերի , թույլ տվեք ասել անառողջ բնազդներն են բավարարում:

Սնունդը հաճելի միջավայրում վայելելու և հանգստանալու համար շատ-շատ տարբերակներ կան, որոնցից անփոխարինելին մարդկային հավասար ընկերակցությունն է  և ոչ՝ բանտված կենդանիների հարևանությունը:

Եվ եթե կենդանիների ընկերներն ենք, պարտադիր չէ, որ նրանք մեզ սեղանների կողքին ընկերակցեն՝ ճաղանդավանդակներից նայելով։

Սյունե Սևադա 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register