ՈՒՆԴԵՍԻՄԱ . «ՌԵԱԼ»- Ը ՆՎԱՃՈՒՄ  Է ԳԱՎԱԹԸ   

real

2015-16 թթ. ֆուտբոլային ակումբային մրցաշրջանի ավարտը նշանավորվեց Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչում կայացած «մադիդյան դերբի»-ով: Մայիսի 28-ին, 72 հազար հանդիսականի  տեղավորող Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մադրիդյան ակումբների՝ «Ռեալի» և «Ատլետիկո»-ի  միջև խաղարկվեց տարվա կարևորագույն ֆուտբոլային մրցանակը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը:  Իսպանական «գրանդ»  ակումբները  ընդամենը 2 տարի առաջ էին հանդիպել Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Այն ժամանակ «Ռեալը» փրկվելով հիմնական ժամանակի բառացիորեն վերջին րոպեին, լրացուցիչ ժամանակում կարողացավ 3 գոլ խփել և հաղթանակ տոնել 4:1 հաշվով: «Ատլետիկոյի» հաջողությունների գլխավոր ճարտարապետ Դիեգո Սիմեոնեն, լրագրողների հետաքրքրությանն ի պատասխան եզրափակիչ խաղից առաջ հայտարարել էր, որ ինչպես կյանքում, ֆուտբոլում ևս ռևանշներ գոյություն չունեն, և որ  կան միայն նոր հնարավորություններ: Ի դեպ, հենց արգենտինացի մասնագետի շնորհիվ  է փոփոխական հաջողություններով հանդես եկող «Ատլետիկոն»  վերջին տարիներին միջինից ուժեղ ակումբից դարձել գերակումբ, իսպանական երկու գրանդների՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» ամենաանհարմար մրցակիցը: «Ատլետիկոյում» չկան Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի խաղամակարդակի ֆուտբոլիստներ, սակայն թիմը անհավանական խաղակցվածություն, նվիրվածություն և փոխըմբռնում է ցուցադրում խաղադաշտում:

  «Ռեալում» իրավիճակը բոլորովին այլ է: Մրցաշրջանը սկսելով Ռաֆայել Բենիտեստի գլխավորությամբ՝ «Ռեալը» անկայուն ելույթներ ունեցավ և մարզչական շտաբում փոփոխություն տեղի ուենցավ: Բենիտեսին փոխարինեց լեգենդար ֆուտբոլիստ, «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ մադրիդյան թիմը կերպարանափոխվեց, կարողացավ «մեռած» պայքարը վերսկսել Իսպանիայի առաջնությունում և վերջնարդյունքում ընդամենը 1 միավորով զիջել «Բարսելոնային»:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ծավալվեց հավասար պայքար: Խաղի 15-րդ րոպեին «Ռեալին» առաջ մղեց թիմի ավագ Սերխիո Ռամոսը:  «Ատլետիկոն» 48-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, սակայն Անտուան Գրիզմանի հարվածը ցնցեց հորիզոնական դարպասաձողը: «Ատլետիկո»-ին 79-րդ րոպեին հաջողվեց խփել պատասխան գնդակը: Գոլի հեղինակ դարձավ  ընդմիջումից հետո խաղադաշտում  հայտնվախ Յանիք Ֆերեյրա Կարասկոն: Խփած գոլը Կարասկոն նշեց յուրօրինակ ձևով: Բելգիացի ֆուտբոլիստը գրկախառնվեց և համբուրեց տրիբունայում նստած իր ընկերուհուն: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Հետխաղայա 11 մետրանոց հարվածաշարում սառնասրտությամբ և դիպուկությամբ աչքի ընկան «Ռեալի» ֆուտբոլիստները: Վճռորոշ հարվածի պատասխանատվությունը ստանձնեց Կրիշտիանու Ռոնալդուն: Մադրիդի «Ռեալը» թարմացրեց ռեկորդը՝ 11-րդ անգամ նվաճելով Եվրոպայի լավագույն ակումբի կոչումը: Ինչպես իսպանախոսներն են ասում՝ «Ունդեսիմա»-ն:

Հետաքրքրաշարժ տեղեկություններ Չեմպիոնների լիգայի 2016 թվականի եզրափակչի վերաբերյալ

Անտուան Գրիզմանը այս մրցաշրջանում երկու անգամ է վրիպել 11 մետրանոց հարված իրացնելիս: Երկու դեպքում էլ նա չի կարողացել գրավել Կեյլոր Նավասի դարպասը: Յանիք Կարասկոն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գոլի հեղինակ դարձած առաջին բելգիացին է: Զինեդին Զիդանը  Չեմպիոնների լիգայում հաղթած ֆրանսիացի առաջին մարզիչն: Զիդանը «Ռեալի» պատմության ընթացքում երկրորդ մասնագետն է, որ հաղթում է Չեմպիոնների լիգայում թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ (առաջինը Միգել Մունյոսն է ): Խուանֆրանը երկու եզրափակիչներում գոլային փոխանցում կատարած առաջին պաշտպանն է: Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ դարձած չորրորդ պաշտպանն է: Չեմպիոնների լիգայի նվաճած վերջին 5 գավաթների խաղաշրջաններում (1998, 2000, 2002, 2014, 2016) Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնություններում չի հաղթել: Իսպանական ակումբները նվաճել են եվրոպական վերջին 23 մրցանակներից՝ 16-ը ( Չեմպիոնների լիգայի 5 գավաթ, Եվրոպա լիգայի 5 գավաթ, ՈւԵՖԱ-ի 6, սուպերգավաթ):

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register