ՌԱԲԻՍ ԿԼԿԼՈՑԸ՝ ԻՏԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ

7

Մեր նորագույն երգարվեստը ճնշող մեծամասամբ քաղքենի է։ «Անճաշակ» ու «ռաբիս» պիտակավորումները դեռ մի կողմ՝ այն հենց ու տիպիկ քաղքենի է, և պատճառն էլ պարզ է՝ փոխվում է ամեն ինչ՝ «ներսից» բացի։

Տեսեք, տասը-տասնհինգ տարի առաջ տեսահոլովակները նկարահանում էին այժմյան հնարավորութուններին շատ տեսանելի զիջող տեխնիկայով։ Հիմա նույն այդ տեսահոլովակները հաճախ նկարում են, ասենք, «Ռեդով»՝ պրոֆեսիոնալ տեսախցիկ, որը կադրին ժապավենային գույն ու խորություն է տալիս՝ ստեղծելով դրախտ աչքերի համար։ Այս նույն բարձրորակ տեխնիկայով նկարում են սերիալները, ֆիլմերը,  կան նաև էլ ավելի պրոֆեսիոնալ տեխնիկաներ, որոնք կարող են կիրառել  տեսահոլովակների նկարահանման մեջ, եթե գումարը ների։ Ստացվում է՝  տեխնիկապես ոլորտը հրաշալի զինված է, բայց հենց գործը հասնում է մնացածին՝ «թևաթափ» են լինում։

Թևաթափ են լինում, որովհետև սկսում է երգել «ներսի» քաղքենին։ Իսկ  մարդու անձնային քաղքենին ոչինչ հաշվի չի առնում։ Չի տեսնում տեխնիկայի հզորությունը, մարդկանց պատրաստակամությունը՝ ասենք, հետաքրքիր սյուժեով տեսահոլովակ նկարահանելու,  ճաշակով զգեստներ կարելու, համապատասխան ու մոդայիկ «մեյքափ» անելու։ Նա վերցնում է այս բոլորը, ու համադրում, մեկ է, ներսի կլկլոցի հետ։ Ստացվում է ծիծաղելի մի բան՝ սուպեր որակյալ տեսահոլովակ, գեղեցիկ արտաքին տեսք ու․․․խայտառակ երաժշտություն ու կլկլոց։

Երբ մարդն ունի ներքին ճաշակ և արած գործի մեջ էլ կարողանում է որակ ապահովել, հասարակ սպիտակ սենյակն անգամ բավարար կլինի՝ հետաքրքրելու համար։ Դե պատկերացեք որքան հաճելի է, երբ հազվադեպ հանդիպող ճաշակով ու իսկապես տաղանդավոր երաժիշտները կարողանում են և՛ հետաքրքիր գործ ներկայացնել, և՛ ստեղծածին համապատասխան տեսահոլովակ կցել։ Հանուն արդարության պետք է նշել, որ, իհարկե, մենք ունենք գրագետ, տաղանդավոր ու ճաշակ ունեցող երգիչ-երգչուհիներ՝ երաժշտական տարբեր ժանրերում, բայց նրանք այնքան քիչ են, որ հաճախ, ցավոք, համատարած անճաշակության մեջ չեն երևում։ Երևի՝ չեն էլ ուզում երևալ՝ այդքանը տեսնելուց հետո։

Քաղքենի արվեստը շարունակում է իր հաղթական ու անպատնեշ  շքերթը։

Հենց քիչ ժամանակ առաջ էլ որոշակի մարդկանց շրջանում հայտնի երգչուհիներից մեկի տեսահոլովակն է հրապարակվել, որտեղ նա՝ եթե իրեն հարցնենք, վստահ եմ, որ կասի, թե երգի մեջ իսպանական մելիզմներ է օգտագործում, բայց գործնականորեն սարսափելի անճաշակ կլկլոցներ է «խաղացնում», երգն էլ ոչ տանում, ոչ՝ բերում է, «ցավդ տանեմով» է համեմում։ Նայում ես՝ սիրունիկ կին է, տեսահոլովակը նկարահնվել է արտասահմանում, օգտագործել են զիլ տեխնիկա, ստացել հետաքրքիր կադրեր,  ճաշակով հագուստ է կրում, պրոֆեսիոնալ շպար ու սանրվածք ունի․․․Բայց կլկլացնում է։ Կլկլացնում է, որովհետև իր «ներսը» դա է պահանջում՝ կլկլացնել՝ անգամ  Իտալիայի ամենանրբաճաշակ թանգարանում, Հռոմի փողոցներում, աշխարհի լավագույն արվեստի կենտրոնների հենց ամենակենտրոնում:

Կլկլացնել ու դա հրամցնել իսպանական մելիզմների, երբեմն անգամ, մեղա-մեղա, հայկական-ժողովրդական խաղիկների անունի տակ։ Որովհետև երբ մարդը  ներքուստ քաղքենի է, չի կարող  աչքերը բաց նայել իրականությանը, ասել՝ գիտեք ինչ կա, ինձ դուր է գալիս ռաբիսությունը, ես ուզում եմ կլկլացնել ու դա չխցկել գեղեցիկ փաթեթավորած տեսահոլովակի մեջ՝ ձևացնելով, թե չեմ կլկլացնում, այլ արտասահմանյան երանգ եմ ուղղակի տալիս։ Տվեք ինձ իմ փայլիկներով հավաքած «ֆոնը», «բլոկի» վրա հավաքած երաժշտությունը, ես  անկեղծ, առանց ձևականությունների, կաշխատեմ իմ գումարը՝ թիրախ լսարանի համար «դըցըկ-դըցըկ» մակնիշի՝ ոտանավորների վրա հավաքած երգեր «խզարելով»։ Եվ սա կլիներ ազնիվ ցանկություն, շատ ավելի  հարգի ու ընդունելի, քան  սուպեր-արտասահմանյան տեսահոլովակների տակ ներսի փայլիկներն ու «դըցըկ-դըցըկի» ռիթմը խցկելը՝ ինչպես շատերն են անում։

Որքան էլ գեղեցիկ լինեն տեսահոլովակները, որքան էլ  դրանք նկարահանեք արտասահմաններում՝ եթե դուք  միջակ ու պարզունակ երաժշտություն եք «ստեղծում», ամենագեղեցիկ փաթեթավորումն անգամ ձեզ չի փրկելու։

Ու հա, մեր ցավն էլ մի տարեք, էլի, մենք ձեր գեղեցիկ տեսահոլովակների տգեղ երաժշտության գլխացավն արդեն իսկ տանում ենք։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register