ՔԱՂՑԿԵՂԸ ԴԱՏԱՎՃԻՌ ՉԷ

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Սրտի իշեմիկ հիվանդությունից և ինսուլտից հետո՝ քաղցկեղը համարվում է աշխարհում մահվան դեպքերի երկրորդ ամենատարածված պատճառը: Առողջապահության համաշխարհային կազմակերպություն տվյալներով 2015 թվականին քաղցկեղից մահացել է 8.8 միլիոն մարդ: Վիճակագրությունը փաստում է,որ յուրաքանչյուր վեցերորդ մարդու մահվան պատճառը քաղցկեղն է: Մահացության դեպքերի մեկ երրորդը պայմանավորված է ռիսկային դիտարկվող հինգ հիմնական պատճառներով` կապված մարդու ապրելակերպի և սննդակարգի հետ: Դրանք են՝ մարմնի զանգվածի բարձր ցուցիչը, մրգի և բանջարեղենի օգտագործման ցածր ցուցանիշը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը քաղցկեղի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ:
Քաղցկեղը չարորակ հիվանդությունների մեծ խմբի ընդհանուր անվանումն է: Այն էպիթելային հյուսվածքից զարգացող ուռուցք է, որն առաջանում է, երբ ախտահարված բջիջը սկսում է բաժանվել ոչ բնականոն ձևով` աստիճանաբար նպաստելով նախաքաղցկեղային վիճակի զարգացմանը` հետագայում վերաճելով ուռուցքի: Թոքի քաղցկեղը (2015 թվականին աշխարհում գրանցվել է 1.69 միլիոն դեպք) ամենատարածվածն է աշխարհում: Հաճախադեպ է նաև լյարդի, ուղիղ և հաստ աղիքի, ստամոքսի և կաթնագեղձերի քաղցկեղը: Մահացության դեպքերը մասամբ նվազում են հիվանդության վաղ հայտնաբերման շնորհիվ և համապատասխան բուժման միջոցով: Հիվանդության հաղթահարման ժամանակ վճռական նշանակություն կարող են ունենալ նաև հիվանդի հոգեբանական վիճակն ու դրական տրամադրվածությունը: Կարևոր է նաև հանրության տեղեկացվածության աստիճանը և բժշկական ծառայությունների հասնելիությունն ու մատչելիությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն տվյալներով` մահացության դեպքերի 70 տոկոսը գրանցվում է ցածր եկամուտ ունեցող երկրներում:
ՀՀ առողջապահության նախարարության 2017 թվականի վիճակագրական տարեգրքի համաձայն` Հայաստանում 2016 թվականին չարորակ նորագոյացությունների պատճառով մահացել է 5662 մարդ, մինչդեռ 1990 թվականին նույն տվյալը կազմել է 3484 մարդ, 1995-ին` 3384, 2000-ին` 3958, 2005-ին` 4679, իսկ 2010-ին` 5501: Քաղցկեղի տեսակներից Հայաստանում ամենահաճախադեպը՝ կանանց դեպքում կրծքագեղձի, իսկ տղամարդկանց դեպքում`շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղն է: 2016 թվականի տվյալներով` առաջին անգամ հաստատված ախտորոշումով կրծքագեղձի քաղցկեղ է գրանցվել 1039 դեպքում` 45-54 տարեկան 224 և 65-ից բարձր 365 կանանց մոտ: Շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղ գրանցվել է 1108 դեպքում: Այս դեպքում հիվանդների գերակշիռ մասը` 634-ը եղել են 65 և բարձր տարիքի մարդիկ: Քաղցկեղի ախտորոշումը հաճախ ընկալվում է որպես մահվան դատավճիռ, մինչդեռ աշխարհում բազմաթիվ մարդիկ հաղթահարել են այն: Քաղցկեղը վերապրածների թիվը Հայաստանում ՝ 40.000 մարդուց ավելի է:
Գարեգին Ալեքսանյան