ՔԱՂԱՔԻ ՍՐՏԽՓՈՑԸ ՀԱՇՎՈՂԸ

jam

Երևանի քաղաքապետարանի շենքը կառուցվել է 2004 թվականին: Նախագծի հեղինակը ճարտարապետ Ջիմ Թորոսյանն է: Շենքի գլխավոր մասը 5 հարկանի է, իսկ անկյունային հատվածում վեր է խոյանում 50 մետր բարձրություն ունեցող աշտարակը: Դրա վերին հատվածում՝ 44-46 մետր բարձրության վրա օր ու գիշեր սիրելի քաղաքի սրտխփոցն է հաշվում աշտարակի ժամացույցը: Կլոր ժամերին ղողանջներով հնչեցնում է Երևանի հիմնը: Վերջին տարիներին մայրաքաղաքի ծննդյան՝ «Էրեբունի – Երևան» տոնակատարությունների մեկնարկը տրվում է հենց աշտարակի ժամացույցի միջոցով՝ Երևանի հիմնի զարկերով:

Հաճախ ասում են, որ բարձր ծառերը նույն երկարության արմատներ ունեն գետնի տակ: Որոշ դեպքերում՝ կրկնակի: Երբ Գրիգոր Լուսավորիչ փողոցից նայում ես աշտարակի ժամացույցին, թվում է թե ներսի հատվածում նույնչափ մեծ մեխանիզմներ են տեղադրված, և հաստատված է հսկա ատամնանիվների ու զսպանակների թագավորություն: Հակառակ այս սպասումներին, աշտարակի ներսում՝ ժամացույցի պատից այն կողմ, հյուրասրահ է՝ կահույքով, ծաղիկներով, պատմական լուսանկարներով, իսկ ժամացույցի աշխատանքը ղեկավարող փոքրիկ մեխանիզմը մտացրիվ մարդը կարող է և չնկատել: Վարագույրի քիվի վերևում տեղադրված է մեխանիզմը, իսկ ստորին հատվածում՝ պրոցեսորը:

Քաղաքապետարանի ժամացույցը շատ ավելի երիտասարդ է, քան Հանրապետության հրապարակի ժամացույցը, այդուամենայիվ՝ քաղաքապետարանի շենքի պարետ Գեղամ Խաչատարյանը նկատում է, որ տարեցտարի ավելի են շատանում հենց քաղաքապետարանի աշտարակի մոտ հանդիպումները:

Ժամացույցի աշխատանքներին ամեն օր հետևող Գեղամ Խաչատրյանը նշում է, որ սարքը անթերի աշխատում է, եթե չկա հոսանքի տատանում: Հոսանքի խզման դեպքում ժամացույցը աշխատում է UPS-ով (հոսանքի չընդհատվող աղբյուր) և երբեք չի խաբում մարդկանց: Մեխանիզմի մայր սարքավորումները նույնն են մնացել, ինչ տեղադրման օրը, իսկ ահա շարժիչը՝ փոխվել է. այժմ շվեյցարական է:

Ժամանակը մեկ, պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու համար, ժամացույցը կանգնեցնում են: Աշտարակի նախավերջին հարկի սենյակում հատուկ ջերմաստիճան է պահպանվում: Ձմռանը տաք է, ամռանը՝ զով: Գիշերային ժամերին միանում են աշտարակի ժամացույցին ուղղված հզոր լուսարձակները: Ժամացույցը լույսերին պատասխանում է երախտագիտությամբ, մինչև հաջորդ կլոր ժամը մտքում դնդնալով Երևանի հիմնի ղողանջները:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register