ՔԱՂԱՔԻ ՊՈԵՏԸ

2

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի «Ութը տող»  գիրքը ներկայացնում է վերջին քսան տարում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը:

Գրքի շնորհանդեսը և «Ես դեռ ապրում եմ: Եվ դեռ` շարունակվու’մ…» խորագրով հուշ երեկոն տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Դահլիճում ամբողջությամբ տիրում էր միայն Դավիթ Հովհաննեսին բնորոշ մթնոլորտ՝ իր սիրած խոսքը, երգը, զրույցը և ինքը, ինչպես և խոստացել էր Դավիթ Հովհաննեսի դուտրը՝ Սաբեթ Հովհաննիսյանը, ով հուզված բարձրացավ բեմ և անձամբ վարեց ամբողջ երեկոն: Իսկ սիրելի թոռնուհի՝ Արևը ,պապիկին նվիրեց կոմպոզիտոր Գիլոկի «Ֆրանսիական տիկնիկ» ստեղծագործությունը: Պատահակություն էր, թե ոչ, բայց Դավիթ Հովհաննեսն իր Արևին անվանում էր «հախճապակե տիկնիկ», անգամ ութատող ունի նվիրված թոռնուհուն:

«Ութը տող» գիրքը ներկայացրեց գրաքննադատ Սուրեն Աբրահամյանը, իրենց խոսքով հանդես եկան Դավիթ Հովհաննեսի գրական սերնդի գիտակ, գրաքննադատ, պոետի լավագույն ընկերներից մեկը՝ Ալեքսանդր Թոփչյանը, Բանասիրական Գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ՝ Դավիթ Գասպարյանը, հանրային ռադիոյի ռուսական «Հայք» հաղորդաշարի հեղինակ՝ Օլգա Առաքելյանը:

«Ութը տող» բանաստեղծական ութատողերի ժողովածուն՝ իր դեպքերով ու դեմքերով հանդերձ, կարծես պատմական դեպքերի մի քրոնոլոգիա է՝ անցած վերջին 20 տարիների մասին: Ինչպես Դավիթ Հովհաննեսն էր ասում. «Տագնապներ» շարքի ա՛յս ութատողերը ընդգրկում են համահայկական, միա՛յն և զու՛տ համահայկական իրականության ողջ տիեզերքը՝ իր հոգևորով և նյութականով, քաղաքականությամբ և բարոյականությամբ, կենցաղով ու բարքերով, ինչու չէ՝ նաև գինյոլով ու ողբերգությամբ: Այո՛, այո՛, ողբերգությամբ, որի միջից տեղ-տեղ յուրյանց կանաչ-կարմիր գլխարկն են բարձրացնում հայու հավերժական հույսի ծիլերը…»:

Շարքը նաև առանձնանում է հեղինակին բնորոշ հարուստ լեզվական-բառապաշարային վառ խայտաբղետությամբ, և, ինչպես ասում է հեղինակը. «Լեզուն և մետաֆորը, ինչպես միշտ, տիպիկ հեղինակային են՝ կոշտ և անակնկալ, դիպուկ և ճշգրիտ՝ տոհմիկ մեր ոսկեղենիկի նոր, այլազան դրսևորումներից մինչև առօրյա, քաղաքային, ժարգոնային և նույնիսկ բարբառային խոսվածքը»:

Նաև հնչեցին պոետի բանաստեղծություններով գրված երգեր: Իսկ երեկոն ավարտվեց Արսեն Ստեփանյանի նեապոլյան երգերի գեղեցիկ կատարմամբ, ում նվագակցում էր Դավիթ Հովհաննեսի կինը՝ կոնսերվատորիայի պրոֆեսոր Համասփյուռ Մանուկյանը, ով ամբողջ երեկոյի ընթացքում չէր կարողանում թաքցնել իր հուզմունքը:

Աննա Մեխակյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register