ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԸ

cover

Ճանապարհը մեզ էլի Արցախ տարավ ու մենք ժամանակը սիրով կիսեցինք զինվորների հետ:  Պատերազմը միայն տեսականորեն է ավարտված, գործնականորեն, ինչպես Ալեքսանդր Իսկանդարյանն է ասում, կոնֆլիկտն իր մեջ «սառը ներուժ» է պարունակում, որը կբոցավառվի՝ եթե աչքաթող անենք:

Այս անգամ Արցախի՝ ինձ փոխանցած կարևոր դասը թշնամուն հարգել սովորելն էր: Ես հանդիպեցի դիրքերից մեկի հրամանատարի հետ (ամենամաքուր դիրքն էր Արցախում), որը մի քանի տարի ադրբեջանական բանտում կյանքը մաշելով եկել էր համոզման, որ նույնիսկ Ալիևին չի կարելի թերագնահատել:«Նրանք պատրաստվում են և պատերազմում այնպես, ինչպես որ մենք»: Սեփական զոհերի և թշնամու նկատմամբ հարգանքը ` ինչպես իրենց խիզախության, պատվի և համարձակության թագի վրա դրված զարդ Ղարաբաղի զինվորները թանկ են գնահատում: Սա մի բան է, որ դեռ Մոնթե Մելքոնյանն էր ուզում հասկացնել իր զինվորներին, այն է` հարգանք թշնամու հանդեպ, հարգանք խաղաղ բնակչության նկատմամբ, թշնամու զոհերի և նրանց մարմինների նկատմամբ: Այն շրջանում դեռևս ոչ բոլորն էին ենթարկվում նրա խիստ,բայց միաժամանակ իմաստուն հորդորին: Սակայն խոսելով զինվորների, հրամանատարների, մարդու իրավունքների ոլորտի  ներկայացուցիչների հետ` մենք հասկացանք, որ Արցախի զինվորները պատվավոր մարդիկ են, պարծենկոտ չեն, նրանք գիտեն, որ թշնամին խելացի է և հարգում են նրան դրա համար: Նրանք հարգում են զոհերին և գիտակցում են, որ թշնամին նույնպես կարող է մարտավարություն և տակտիկա մշակել:

Եվ, լինեմ անկեղծ: Միայն Երևանում է, որ ես լսում եմ հակառակորդին ուղղված  ատելությամբ լեցուն խոսքեր: Երևանում  զգացմունքայնությունը չարդարացված շատ է: Արցախում մարդիկ հանգիստ են, մշտարթուն և ուշադիր: Ես սա հասկացա ոչ միայն ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, այլ նաև հիմա: Կարծում եմ` մենք պետք է հպարտ լինենք արցախյան զինվորների մտածողությամբ, հոգու և բազկի ուժով: Նրանք գործում են մարդասիրության բարձր գիտակցությամբ` հարգելով անգամ սեփական թշնամուն: Ատելությամբ լեցուն խոսքը կաղում է: Երբ պատերազմի ողջ արհավիրքը դու սկսում ես գիտակցել իրապես, այդ ժամանակ՝ քեզնից անկախ հակառակորդիդ սկսում ես վերաբերվել լրջորեն:

Պատերազմի իրական ողբերգությունը ամեն օր քայլում է փողոցներով՝ մարդկանց ձեռքը բռնած: Համայնքները և տեղական իշխանությունները չեն կարող մտածել  տնտեսական զարգացման, կրթության, քաղաքացիական ներգրավվածության, առողջապահության, էկոլոգիապես կայուն տուրիզմի մասին` առանց պատերազմի հետ հաշվի չնստելու ու չընդունելու նրա ահռելի ազդեցությունը երկրում կատարվող ցանկացած փոփոխության վրա: Արցախցին սովորել է պատերազմի հետ բանակցություններ ու քննարկումներ իրականացնել, սովորել է անգամ դրան ենթարկել իր կամքը, բայց և  չթերագնահատել արյունոտ արհավիրքի իրական ուժը:

Այս հոգսն ավելի  շատ ԼՂՀ կառավարությանն է վերաբերում, քանի որ սովորական մարդիկ ապրում են իրենց  առտնին հոգսերով (նրանք ընտրություն էլ չունեն), սակայն կազմակերպություններն ու իրավասու մարմինները, որոնք պատասխանատու են Արցախի երկարաժամկետ աճի և զարգացման համար, իրապես կարեկցանքի են արժանի, քանի որ նրանք չեն կարող իրականացնել այն բոլոր պայծառ գաղափարները, ֆանտաստիկ ծրագրերը, որ ունեն: Կան շատերը, որոնք փոքր ֆինանսավորման պայմաններում անգամ մեծածավալ գործ են կարողանում անել (մենք տեսանք, թե գյուղատնտեսության նախարարությունը ինչ հրաշալի գործ է կատարում փոքր բյուջեով և առանց միջազգային դրամաշնորհների): Բայց  միևնույնն է, այդ ամբողջ էներգիայով և տեսլականով հանդերձ` նրանց ձեռքերը կապված են: Ու դրա պատճառը պատերազմական իրադրությունն է: Իսկանդարյանը ճիշտ էր կիրառում  «սառը պոտենցիալը», որն ամբողջությամբ նկարագրում է ներկայիս իրավիճակը:

Ինչո՞ւ եմ այս ամենը պատմում ձեզ: Ես միջազգային հարաբերությունների տեսաբան չեմ, սակայն մեծամասշտաբ երկրներում ընթացող հայտնի «Մեծ խաղի» մասին իմ իմացությունը բավական էր՝ դիրքի հրամանատարներից մեկի հետ շատ աշխույժ և հաճելի բանավեճ վարելու համար: Այդ ծեր հրամանատար-լեյտենանտը պնդում էր, որ Արցախի ապագան պատերազմն է, ոչ թե՝ խաղաղությունը ( չնայած արցախցիների ճնշող մեծամասնությունը խաղաղություն է երազում): Նրա խոսքերից մեկն ինձ բերեց դեպի իմ՝ այս տարածաշրջանի  «Մեծ Խաղի» սահմանմանը: Նա պնդում էր, որ Արցախը միշտ լինելու է կրոնի և գաղափարախոսության խաչմերուկում: Նա «Մեծ խաղի» տեսաբան է, իսկ ի՞նչ է «Մեծ Խաղը»:

Այս հարցի պատասխանը, ըստ միջազգային հարաբերությունների տեսաբանների և նաև ըստ մեր հրամանատարի` այն հարցի պատասխանն է, թե ինչի՞ համար է պատերազմը, ինչի՞ համար են այս ողբերգությունները: Եթե հետևենք «Մեծ Խաղի» տեսության ավանդույթին, ապա իմ պատասխանը կգա Հալֆորդ Ջոն Մաքինդերի տեսքով, ով 1904թ-ին առաջ քաշեց իր՝ Եվրասիան աշխարհի կենտրոնն է` ամենամարտավարական կարևոր կետը գաղափարը: Ավելի ուշ` 1919-ին նա իր տեսությունն ամփոփեց՝ «Նա, ով տիրում է Արևելյան Եվրոպային, ղեկավարում է հարթլենդը, նա, ով ղեկավարում է հարթլենդը, ղեկավարում է ամբողջ աշխարհը» ձևակերպմամբ:

Իսկապես, մեր հրամանատարը սխալ չէր ասում, երբ ասում էր, որ Արցախը` իր աշխարհագրական-ստրատեգիական նշանակության պատճառով պետք է մշտապես պատերազմի մեջ լինի: Գոնե մենք գիտենք, որ մեր զինվորները արժանապատվություն ունեն, խիզախություն և քաջություն այս ժամանակահատվածի համար: Նշանակություն չունի, թե խոշոր խաղացողները ինչ խաղ են խաղում: Ինչպես շախմատում, այնպես էլ կյանքում, բոլոր խաղաքարերը խաղից հետո հետ են դրվում արկղի մեջ: Նվազագույնը, ինչ մենք կարող ենք ասել, դա այն է, որ մենք լավ կռվեցինք և պահեցինք մեր պատիվը: Ես հպարտ եմ տեսնել այդ պատիվը առաջնագծի մեր զինվորների և ռազմական առաջնորդների մեջ: Չէ՞ որ, ինչպես ասել է մեծանուն դերասան Սոս Սարգսյանը՝ «Ղարաբաղը հարևան երկրի համար ուղղակի հողակտոր է, իսկ մեզ համար՝ սուրբ հայրենիք»:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register