ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔԱՐ

ai214102

Ընտրական նոր օրենսգրքի և քվեարկության նոր կարգի մասին «Ճամփորդը» զրուցել է տարիներ շարունակ դիտորդական առաքելություն իրականացրած «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանի հետ:

  -Պարո՛ն Համբարձումյան, առաջիկա խորհրդարական ընտրություններում քվեարկության այլ կարգ է կիրառվելու: Ի՞նչ հիմնական  ռիսկեր եք տեսնում այդ գործընթացում:

– Այս տարի առաջին անգամ ներդրվել է էլեկտրոնային քվեարկության կարգը: Ղազախստանն այս փորձը կիրառեց 2005թ.-ին, սակայն հենց հաջորդ տարի հանեց դա, որովհետև բազմաթիվ թերություններ ի հայտ եկան՝ էլեկտրաէներգիայի տատանումներ, տարբեր խոտաններ և այլն: Ես մտավախություն ունեմ, որ նման թերություններ մեզ մոտ էլ կլինեն: Դեռևս նոր են օպերատորի մրցույթ հայտարարել, շուրջ 2000 ընտրատեղամաս, նոր մարդիկ, տեխնիկական միջոցներ… Կարծում եմ՝ դրա ներդնումն արդարացված չէր, բայց վերջնական արդյունքներն, իհարկե, ընտրություններից հետո պարզ կդառնան:

– Գյուղական համայնքներում  հատկապես՝ մեծ է տարեց մարդկանց  ընտրազանգվածը: Քվեարկության նոր կարգը, կարծում եք  հասանալի և հասկանալի կլինի՞ ՀՀ ընտրողներին:

– Ընդհանրապես, նոր օրենսգիրքը շատ խրթին է, անգամ մասնագետներն են դժվարանում, ուր մնաց հասարակ ընտրողները: Օրենսգիրքը պետք է պարզ և մատչելի լեզվով լինի, որպեսզի հասկանալի լինի բոլորին: Նոր օրենսգրքի դեպքում պետք է ընտրողների համար մանրամասն պարզաբանումներ լինեն, որպեսզի մարդիկ գլուխ հանեն այդ ամենից: Ինչ վերաբերում է դիտորդական առաքելությանը. նոր ԸՕ-ով հանձնաժողովի 2/3-ի որոշմամբ դիտորդին կարող են հեռացնել ընտրատեղամասից՝ եթե դիտորդը խանգարում է ընտրական պրոցեսին: Չի նշվում, թե կոնկրետ ինչ է նշանակում խանգարել: Հնարավոր է դիտորդը հանձնաժողովի ուշադրությունը փորձի հրավիրել ընտրախախտման վրա, իսկ հանձնաժողովն ուղղակի դա խանգարել որակի և հեռացնի դիտորդին: Եվ ամենակարևորը. նախկին օրենսգիրքն ասում էր, որ դիտորդը և լրատվամիջոցը պատասխանատվություն չեն կրում իրենց հայտարարությունների համար: Իսկ հիմա պատասխանատվություն են կրելու: Դիտորդը  կարող է վախենալ այս կամ այն խախտումը նշելուց, որովհետև կարող է մտածել, որ դատախազություն կկանչվի, և այլն: Այս դեպքում դիտորդն ավելի սահմանափակ տեղեկատվություն կտա:

 – Ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացման պատասխանատվությունն  ու՞մն է՝ իշխանությա՞նը, ընդդիմությա՞նը: Այդ գրծընթացում որքանով է կարևոր քաղհասարակության դերը:

– Առաջին պատասխանատուն, իհարկե, իշխանություններն են: Երկրորդը՝ ընդդիմությունն է: ԸՕ-ով վստահված անձանց այնքան ուժեղ դիրք է վերապահված, որ եթե ընդդիմությունն ուզենա համախմբվել, ունենա մարդկային համապատասխան ռեսուրս, այդ մարդիկ լինեն նվիրյալ, ոչ թե ծախված, ես հավատացնում եմ, որ ոչ մի խախտում ընտրատեղամասում տեղի չի ունենա: Այսօր վերահսկողության մակարդակը շատ թույլ է: Ինչ վերաբերում է շարքային ընտրողին, նա այսօր դժվարին կացության մեջ է, չի հասկանում, թե այդ ինչ դաշինքներ են ձևավորվում, ինչպես են հակոտնյա կուսակցությունները համախմբվում… Այդ ամենը կարող են հասկանալ միայն նրանք, որոնք դիտորդական կազմակերպության անդամ կամ լրագրող են, կամ էլ ակտիվորեն հետաքրքրվել են քաղաքականությամբ: Մարդը, որն զբաղված է իր ամենօրյա աշխատանքով ու հաց վաստակելով, դժվար թե այդ ամենի մեջ խորանա:

Զրույցը գրի առավ՝ Տաթևիկ Սարգսյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register