ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՄԻՆԵՐ

2

Տեսե՞լ եք ավազահատիկ, որն ընկել է ուղղությունն անընդհատ փոխող քամու երախը ու անհասկանալի է, թե ուր է այն շարժվում։ Տպավորություն է, թե Հայաստանի               քաղաքական տեսլականը նույն վիճակում է։ Հայաստանի հեռանկարը մեկ     պարզվում, մեկ՝ ավելի է մշուշվում։ Մի կողմից Եվրամիություն, մյուս կողմից՝ ԵԱՏՄ…Քաղաքական քամու ուղղությունն անընդհատ փոխվում է։ Եվ սա ոչ միայն Հայաստանում, այլ՝ ընդհանրապես։ Բայց մի բան հաստատ է․ներկայիս պառլամենտը շատ ավելի մեծ լիազորություններ ունի, ինչը կարող է անցողիկ և անգամ կայուն քամիներին դիմակայելու հնարավորություն ընձեռել։ Միայն թե պետք է ցանկություն և համարժեք պատրաստվածություն լինի։ Բայց «ներերկրային» քամիները նույնպես դեռևս ճոճում են մեր կառավարությանը։ Սկզբում հայտարարվեց, որ մենք կրթության վրա հիմնված տնտեսություն ենք ստեղծելու, հետո որոշվեց, որ տուրիզմի ու գյուղատնտեսության վրա է շեշտը դրվելու, երևի այն պատճառով որ այդպես արդյունքն ավելի վաղ կերևա, առողջ տուրիզմն ու գյուղատնտեսությունը կամրացնեն տնտեսության հիմքը, իսկ լավ տնտեսության վրա հենված կրթությունն իրեն սպասեցնել չի տա։

Արտասահմանյան լավ օրինակ կա․ Սինգապուրն ու Ջամայկան նույն թվականին են անկախացել. մեկը գիտելիքի վրա է շեշտը դրել, մյուսը՝ գյուղատնտեսության և տուրիզմի: Այսօր Սինգապուրի մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի բաժինը մոտ յոթ անգամ գերազանցում է  Ջամայկայի ցուցանիշը: Սինգապուրի օրինակը միակը չէ, որ մատնանշում է տնտեսական աճի և կենսապայմանների բարելավման համար անհրաժեշտ կարևոր 2 գործոնները՝ տնտեսության մեջ կանանց դերի բարձրացումը (տղամարդկանց հավասար իրավունքներ, հնարավորություններ, և այլն), և կրթությունը: Սրանք այն փորձված միջոցներն են, որ երկարաժամկետ հատվածում նպաստում են երկրի և նրա բնակչության բարեկեցությանը:

Ի վերջո, ի՞նչ ռազմավարություն է պետք ընտրել: Սուղ պետբյուջեի պայմաններում շատ դժվար է առաջնահերթության առանձնացումը: Բավականին բարդ գործ է դրանց ներդրումն ու իրագործումը: Եվ դրա պատասխանատվությունը ստանձնել է խորհրդարանը: Քաղաքական տեսանկյունից առավել ընդունված է ներդնել այն ոլորտներում, որտեղից ինչ-որ օգուտներ հնարավոր կլինի քաղել կարճ ժամանակում, քանի որ նման նախաձեռնությունների արդյունքները կարող են շոշափելի դառնալ, երբ նրանց հեղինակները գուցե և թոշակի անցած լինեն։ Սրա լավ օրինակն են կառավարության փոքրիկ՝ տուրիստական, գյուղատնտեսական ծրագրերը, որոնց արդյունքները հանրության կողմից տեսանելի են կարճաժամկետ հատվածում և ավելի հեշտությամբ կարող են ընդունվել խորհրդարանում:  Նմանատիպ նախագծերը կարող են նաև կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակել, սակայն միևնույն ժամանակ հեշտությամբ ցույց են տալիս հանրությանը, թե ինչպես են ծախսվում պետական փողերը:  Մեկ այլ խնդիր է հետևողականությունը: Սա վերաբերում է ինչպես երկարաժամկետ, այնպես էլ՝ պետական փոքրիկ ծրագրերին: Նախարարների փոփոխությունը նշանակում է ծրագրի փոփոխություն: Իր պաշտոնավարման ընթացքում նախարարը պայքարում է իր ծրագրերի իրականացումը հնարավոր դարձնելու անհրաժեշտ միջոցները ձեռք բերելու համար և երբ վերջապես նրա բյուջեն հաստատվում է ու  նա պատրաստվում է լիարժեքորեն գործել, տվյալ ոլորտում նոր նախարար է նշանակվում: Սա պատճառներից մեկն է, թե ինչու ծրագրերի հետևողական ներդրումը և առաջնահերթ դիտարկվող նախագծերում ծախսերի բաշխումը խնդիր է յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում:

Մենք պետք է տեղյակ լինենք, որ մեկօրյա հրաշք չի կարող կատարվել և նորընտիր խորհրդարանը չի կարող բոլոր հարցերը մեկ շնչով կարգավորել: Շատերն են ասում, որ նոր խորհրդարանն ավելի մեծ լիազորություններ ունի և կարող է մի բան փոխել: Սա շատ պարզունակ մոտեցում է: Պետք է լինենք համբերատար և հասկանանք․ լինի դա նախագահական, թե խորհրդարանական կառավարման համակարգ, Հայաստանը տնտեսապես իրեն մոտ երկրների հետ համեմատվելիս անմխիթար վիճակում չէ։ Այն իր զարգացմամբ ետնապահ չէ: Եկեք համբերատար լինենք: Ժամանակ է պետք լավ իրադարձությունների կայացման համար:  Պետություն կառուցելու համար՝ առավել ևս։

Փորձն ապացուցում է, որ եթե ազգի ներսում և խորհրդարանում «կարգապահություն» ունենանք, գիտության վրա հիմնված տնտեսության ծրագրի վրա երկարաժամկետ ծախսեր անելը լավագույն լուծումը կլինի մեզ համար: Բնակչության մի ստվար հատվածի սա կարող է դուր չգալ, սակայն ապագայում այն իր պտուղները կտա: Մեր փոքրիկ բյուջեի մեծ մասը ծախսվում է առաջնահերթ հանրային ծառայությունների բավարարման, օրինակ՝ երկրի անվտանգության պահպանման վրա: Այսպիսով մենք չունենք մեծ ընտրություն: Կրթության միջոցով երկարաժամկետ զարգացումը և կենսական նշանակության ենթակառուցվածքների բարելավումը մեր առաջնահերթությունները պետք է դառնան: Որովհետև մեր ուղեղները պետք է կառուցեն այն Հայաստանը, որը մենք պատկերացնում ենք։

Հուսով եմ՝ կառավարությունը կենտրոնանում է կրթության վրա և հետևողականորեն ներդրումներ է անում այդ ոլորտում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ բյուջետային մեծ ծախսեր չպահանջող միջոցներով հնարավոր է ավելի լավ պայմաններ ստեղծել տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում, հատկապես մասնավոր հատվածի հետ համագործակցելով: Վերջինս կարող է կապիտալ բերել, իսկ կառավարությունը կարող է ստեղծել պայմաններ՝ վերացնելով գործնական և մոնետար պատնեշները: Մենք չենք կարող անտեսել առաջնահերթ ոլորտները: Եվ այդ ժամանակ քաղաքական քամիները մեզ համար սարսափելի չեն լինի։

Քաղաքական քամիները մեզ համար սարսափելի չեն լինի, եթե ունենանք հստակ ռազմավարություն, լինենք կարգապահ, համբերատար ու հետևողական:

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register