ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԿԵՏԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ» ՊՐԱԿՏԻԿԱՆ  

17430985_1295627713861022_1964544992_o

Քարոզարշավը շուտով կհատի վերջնագիծը: Ապրիլի 2-ին կայանալիք քվեարկությունից հետո էլ հայտնի կդառնա, թե որ քաղաքական ուժը՝ որքան ձայն է հավաքել: Կձևավորվի նոր խորհրդարան, ընտրյալ պատգամավորների գերակշիռ մասն էլի կմոռանա ընտրողների գոյության մասին, ու  մարզային ճանապարհները  ևս  4 տարի կարոտ կմնան ոսկե համարանիշով մեքենաների ու  թիկնապահներով շրջող պատգամավորների: Դա արդեն ապրիլի 3-ից, երբ ամեն ինչ այլևս կմնա անցյալում: Իսկ մինչ այդ…

Հարգելի տիկնայք, սիրելի պարմանուհիներ, Մարտի 8-ի կապակցությամբ Կոմիտասի պողոտայում Ձեզ ծաղիկ  դեռևս չե՞ն նվիրել (անհասկանալի անձնավորության նախընտրական բուկլետի վրադիրով ): Եթե ոչ, հոգ չէ, մի ընկճվեք, ծաղիկն անպայման Ձեզ կհասնի. թեկնածուների վստահված անձինք այն կբերեն ուղիղ Ձեր տուն: Եթե բախտներդ բերի, կարող եք անգամ ներկա գտնվել թեկնածուներից ինչ-որ մեկի քարոզարշավին, դառնալ «պոկում» վարժության անմիջական մասնակիցն  ու Ձեր սիրելի թեկնածուի հետ հայտնվել միևնույն հարթակում… Ինչպես ասում են՝ մեծ աշխարհ, փոքր մարդիկ, ամեն ինչ էլ կպատահի:

Իրականում, սակայն, քաղաքականության մեջ ոչինչ էլ հենց այնպես չի լինում, ասված ամեն խոսքի տակ ինչ-որ իմաստ է, արված ցանկացած քայլի տակ՝ ինչ-որ ենթատեքստ: Ինչպես են  կուսակցություններն ու դաշինքները պատրաստվել համապետական ընտրություններին և ինչ թաքնված PR մեթոդներ են կիրառվել քարոզարշավի ընթացքում, փորձել ենք հասկանալ «Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանի հետ:

«Նոր սահմանադրություն, նոր ընտրական օրենսգիրք, կառավարման նոր համակարգ՝ հենց այս նորություններով և ՏԻՄ ընտրությունների փորձով էր պայմանավորված քաղաքական ուժերի միավորումն ու դաշինքների ստեղծումը: Էդմոն Մարուքյան-Նիկոլ Փաշինյան-Արամ Սարգսյան եռյակն առաջինն էր, որ հայտարարեց «Ելք» դաշինքնի ստեղծման մասին: ՏԻՄ ընտրություների ժամանակ նրանք հասկացան, որ փոքրիկ ուժեր են և չեն կարող միմյանց դեմ մրցել, գիտակցեցին, որ պետք է միավորվեն: Այդ առումով նրանց միավորումը PR տեխնոլոգիա էր: Դաշինքներ կային, որ վերջին պահին ձևավորվեցին, օրինակ՝ «ՕՐՕ»-ն, «ՀԱԿ-ՀԺԿ»-ն, և չկարողացան անգամ հստակ կարգախոսներ մտածել: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը  ևս լուրջ նախապատրաստական աշխատանք կատարեց: «Օրինաց Երկիր» կուսակցությունն էլ հասկանալով, որ չի կարող իր կենսագործունեությունը շարունակել նույն անվանումով, ռեբրենդինգի ենթարկվեց: «Հայկական վերածնունդ»-ը սկզբում որպես շարժում կազմակերպվեց, դրան միացան տարբեր ՀԿ-ներ, ապա այն գրանցվեց որպես կուսակցություն»,- նշում է Աստղիկ Ավետիսյանը:

Նրա  դիտարկմամբ՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը», որպես իշխող և անընդհատ քննադատության երնթարկվող ուժ, ստեղծված իրավիճակից փորձեց դուրս գալ հին դեմքերին նորերով փոխարինելով՝ ասպարեզը զիջելով իրենց կենսագրության մեջ  դեռևս «սև բծեր» չունեցող Կարեն Կարապետյանին, Արփինե Հովհաննիսյանին, Վիգեն Սարգսյանին:

Աստղիկ Ավետիսյանը դրական է գնահատում կուսակցությունների և դաշինքների ցուցակներում երիտասարդ, պատրաստված կադրերի ներգրավումը, որոնց մեծ մասը հասարակական տարբեր նախաձեռնությունների  և քաղաքացիական շարժումների մասնակցության և համակարգման փորձ ունի: Թեկնածուների մեջ առանձին խումբ էլ կազմում են լրագրողները: Ինչ վերաբերում է եվրոպամետ ուժերին, նրանց մոտ նկատելի է մարդակենտրոն մոտեցումը:

– «Ելքը», «ՀԱԿ-ՀԺԿ»-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը… Նրանք ոչ թե մեծ խմբեր են հավաքում, այլ մարդկանց հետ բակ առ բակ, առանձին-առանձին հանդիպում են, խոսում: Չգիտենք ՝ դրա արդյունավետությունն ինչպիսին կլինի, բայց որ մարդու մոտ են գնում, այս մոտեցումը շատ կարևոր է»,- ասում է PR տեխնոլոգը:

Կարգախոսներ

«Կարգախոսն այն ուղերձն է, որն ուղղված է հասարակությանը: Այն պետք է իր մեջ ներառի քաղաքական այս կամ այն ուժի ամբողջական գաղափարախոսությունը: Առաջադրված քաղաքական ուժերի մոտ հիմնականում բառերի շարան է՝ «Ընտրություն, բարիդրացիություն, հաղթանակ», «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ», «Նոր սկիզբ, արդար Հայաստան»…

Ըստ էության, որևէ տեղ մենք չենք տեսնում գործողություն: «Ազատ դեմոկրատներ»-ի դեպքում ենք տեսնում կարճ և հիշվող կարգախոս՝ «Մենք կարող ենք»: Բայց այն 2008-ին արդեն 2 անգամ օգտագործվել է  Օբամայի կողմից և մի բնապահպանական շարժման ժամանակ: Երկու առումով էլ այն հաջողված է՝ նախ գործողության իմաստով, երկրորդը՝ «մենք» -ի գաղափարը կա»,- նկատում է Աստղիկ Ավետիսյանը:

Ուշադիր լինելու դեպքում կարելի կարգախոսում օգտագործված բառերի և թեկնածուների միջև որոշակի ասոցիատիվ կապ նկատել: Օրինակ՝ «ՕՐՕ» դաշինքի դեպքում՝ Րաֆֆի-ժառանգություն, Օսկանյան-համախմբում, Օհանյան-հաղթանակ, «ՀԱԿ-ՀԺԿ»-ի դեպքում՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն». վերջինը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների անբաժան մասն է: Կոմունիստական կուսակցության կարգախոսը որևէ կերպ չի փոփոխվել՝ «Հայրենիք, սոցիալիզմ, աշխատանք»:

Ակնհայտ է նաև փոփոխությունների գաղափարը, որն արտահայտվել է կարգախոսներում: «Ծառուկյան դաշինք»-ի մոտ, օրինակ, «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»: Եթե նախկին ընտրությունների ժամանակ վստահության, հավատի մասին էր խոսքը, հիմա փոփոխությունների վրա է շեշտադրումը կատարվում:

Գնահատելով  ընտրված կարգախոսները՝ Աստղիկ Ավետիսյանը նշում է.

«Ուժեղ կարգախոս չեմ տեսնում, քանի որ այն ուժերը, որոնք նախորդ տարիներին էլ են քարոզարշավ իրականացրել, այս կարգախոսները նրանց գործունեության շարունակությունը չեն: Կարելի է առանձնացնել «ՀՀԿ»-ինը՝ «Անվտանգություն և առաջընթաց», որը թեև նախորդների տրամաբանական շարունակությունն է, սակայն այստեղ գործողություն չկա: Նրանք այդ հարցն այլ կերպ են լուծել՝ «Ռեինկարնացիա» խմբի ներգրավման ու տեսահոլովակի միջոցով նրանք գործողության՝ աշխարհը փոխելու գաղափարն են առաջ բերել:

 

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register