ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

garun

Անհամբեր գարնանն ենք սպասում, հոգնած ցուրտ ու սառնամանիքից, կարոտ՝ արևին ու ջերմությանը: Սակայն ձմռան առաջին օրով անգամ՝ գարնան շունչը մոտիկ չի թվում: Այս տարվա երկարաշունչ ձմեռը բոլորիս ստիպեց գարուն երազել, ինչն արդեն օրացուցային իրականություն է, մնում է իրականն էլ գա:

Այս տարվա գարունը, երկար սպասված լինելուց բացի, մի առանձնահատկություն էլ ունի՝  շատ քաղաքականացված է լինելու. նոր խորհրդարան ենք  ընտրում, նոր ընտրակարգով, նոր կարգ ու կանոնով: Ու եթե տարին ենք նախընտրական պատրաստություններով սկսել, ապա գարունն արդեն ընտրական եռուզեռով կընթանա:

Ի վերջո, ինչ կբերի քաղաքական գարունը, արդյոք քաղաքականության մեջ էլ գարուն կգա՝ թարմ ու օգտակար շնչով, մաքուր ուժերով ու զարթոնքով: Հենց այս մտքերն էլ ստիպում են միանգամից երկու գարնան սպասել՝ բնության ու քաղաքականության: Եվ եթե բնականն անխուսափելի է, ապա քաղաքականի դեպքում իսկապես ավելի քան արդիական է՝ «մի ծաղկով գարուն» սկզբունքը: Պարզեմ միտքս:

Մի քանի օրից մեկնարկելու  է նախընտրական քարոզարշավը: Խորհրդարան մտնելու հայտ ներկայացրած կուսակցութուններն ու դաշինքները սկսելու են մեկը մյուսից առաջ անցնելով, լավագույն ծրագրեր ու խոստումներ ներկայացնել ժողովրդին, պերճախոսութամբ մրցել ու մրցակցել: Խեղճ ընտրողն էլ պիտի այդքան առատ խոստումներից գլխապտույտ չունենա ու կարողանա  թացը չորից ջոկել, հասկանալ՝ ում ինչին հավատալ:

Ահա հենց այստեղ է թաքնված մի ծաղկի հույսը: Մի ծաղկի, մի քվեի,  մի ընտրողի ու յուրաքանչյուրի ընտրության: Առանց ջանադիր վիճակագրության ու սոցհարցումների էլ պարզ է, որ հասարակության մեծ մասն անտարբեր է ընտրությունների նկատմամբ այն պարզ պատճառով, որ չի հավատում, որ դրանք ինչ- որ բան կփոխեն երկրի ու իր կյանքում: Հենց այս պարզ պատճառով էլ այդ նույն մեծամասնությունը, որպես կանոն, պատրաստ է անգամ ընտրության չգնալ: Հենց այս տրամադրության ու նման  տրամադրվածության պատճառով էլ մեծամասնությանը թիրախավորում են քաղաքական բոլոր հավակնորդ ուժերը: Իհարկե, յուրաքանչյուրն իր չափով ընտրազանգված ունի, սակայն բոլորն էլ քաջ գիտակցում են, որ կարևոր է գրավել չկողմնորոշված կամ անտարբեր ընտրազանգվածին: Եվ այստեղ իսկական ձայնաորսություն է սկսվում:

Բարև Ձեզ, ես Ա կուսակցությունից եմ, Ես՝ Բ-ից, Ես Գ-ի դաշինքից…», և այդպես մինչև ինը հաշվելը: Մոտ մի ամիս մեզ հյուր կգան, դռները կծեծեն, բակ ու փողոցում կբռնացնեն ու կփորձեն համոզել ու համոզել: Իսկ հեռուստացույցը միայն քարոզարշավի խոսափող կհիշեցնի: Էլ չեմ ասում համացանցի մասին, որը խելք ուտելու տոտալ պայքար կտանի ու մեզ քաղաքականացված կթվա նույնիսկ սեփական սառնարանի պարունակությունը, կամ գուցե ամայությունը:

Շատ կարևոր է, որ անտարբեր կամ անհավատ քաղաքացին, տվյալ դեպքում՝  քրոնիկ չընտրողը շատ արագ  ընտրողի վերածվի: Բայց ինչպես. ոչ թե սրա-նրա՝ իր գրպանը խոթած հինգ հազար դրամին գերի դառնա, այլ եղած առաջարկից ընտրություն կատարի: Ինչքան էլ հավատ չընծայեն, ընտրության տեղ միշտ կա: Ու միշտ արդիական է «Ընտրիր, որ ընտրություն չդառնաս» կարգախոսը:

Լավ է, որ այս ընտրությանը քաղաքական ուժերը մեծ տեղ են տվել երիտասարդներին: Նրանք խորհրդարանում հաստատ անելիք կունենան ու իրական փոփոխությունների կրող կլինեն: Արժե նրանց վստահել ու փորձել միասին իրականացնել մի ծաղկով՝ քաղաքական գարուն ակցիան: Գումարենք մեր ձայները ու մեր վաղվա  օրվա որոշողը դառնանք: Թե չէ քվեարկություն բոյկոտելով ուր կհասնենք: Ճիշտը որոշում կայացնելն է,  ընտրություն անելը, մի-մի ձայնով, քվեով ու ծաղկով փոփոխության գնալը,ի վերջո, քայլ անելը:

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register