ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ ԴԱՌՆԱԼՈւ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

1

Հեղափոխության հետագա հարյուր օրերը մասնագետները դեռ շատ կամփոփեն։ Մեկը կխոսի տնտեսական կողմից, մյուսը՝ քաղաքական, երրորդը՝ մշակութային կամ իրավական, բայց կուզեի մի կարևոր  կետ էլ առանձնացնել։

Իհարկե, քաղաքացիական հասարակությունը ենթադրում է քաղաքացու ներգրավվածությունը բոլոր պրոցեսներում, նրա սթափությունը հարցերի շուրջ, բավարար գիտելիքները՝ վերլուծելու և օբյեկտիվ քննադատելու համար։ Բայց այս ամենի սկզբում կա մի կետ, որը  «սնում է» բոլոր այս «ոլորտները»։ Էմոցիաների մասին է խոսքը։

Մենք ավելի էմոցիոնալ ենք դարձել, և սա հրաշալի է։ Չնայած դա շատ հաճախ խանգարում է մեզ, քանի որ ծայրահեղությունից ծայրահեղություն ենք ընկնում, մեկ ամեն փոքր պատրվակից խոսում ենք նոր կառավարության ձախողման մասին, մեկ էլ ամեն փոքր ձեռքբերումից անտեղի աստվածացնում կառավարությանը, բայց ամենակարևորը՝ դադարել ենք լինել անտարբեր։

Անտարբերությունն էր քանդում մեր տունը։ Անտարբերությունը, որը ստիպողաբար պարտադրել էին մեզ, քանի որ համարում էինք, որ ոչինչ չի փոխվի, իսկ հիմա արդեն էմոցիաներ կան։ Եթե նախկինում մարդիկ  անգամ չգիտեին էլ՝ ով է այս կամ այն ոլորտի նախարարը, ապա այսօր հետևողականորեն են մոտենում հարցին, ուսումնասիրում են ամեն նախարարի կենսագությունը, անգամ սոցցանցային էջերն են մի լավ  ուսումնասիրում, որպեսզի տեղեկացված լինեն։Սա քաղաքացիական հասարակություն դառնալու կարևոր մասն է։ Առհասարակ, եթե ուզում ենք ցանկացած ոլորտում փոփոխություն անել, նախ պետք է դուրս գանք ապատիկ-փակ շրջանից, հետո արդեն սկսենք կրթվել, որից հետո ամեն մեկս մեր իսկ գործում դառնանք ավելի լավը։

Առաջին փուլը հաղթահարել ենք, այ երկրորդն ավելի բարդ է լինելու, քանի որ էմոցիոնալ ֆոնից բացի ենթադրում է նաև որոշակի աշխատանք։ Հատկապես սոցցանցրում  անգրագետ բնորոշումների և իբրև թե քաղաքական, բայց իրականում՝ շարադրության մակարդակով քննարկումներ ու քննադատություններ են ընթանում, որոնք նման՝ «սաղմնային» վիճակում իրականում բավարար չեն և չեն կարող օգտակար լինել։ Մեզ բոլորիս մասնագիտական քննադատություն է անհրաժեշտ՝ թեկուզ հակառակ բևեռից, բայց ցանկացած քննադատություն պետք է միտված լինի ամենակարևորին՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու ցանկությանը։ Մեզ կրթվել է պետք՝ ավելի պետքական լինելու, կառավարության ձեռքբերումները նկատելու և սխալները արագ ընկալելու և համատեղ կանխարգելելու համար։

Քաղաքացիական հասարակություն դառնալու ճանապարհին ենք։ Սա ենթադրում է որոշակի  պատասխանատվություն վերցնել մեզ վրա։ Իհարկե, այսօրվա հավաքը բազմամարդ կլինի, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ բացի հավաքվելուց, քննադատելուց կամ գովաբանելուց պետք է նաև անցնել կոնկրետ քայլերի։ Քայլերի, որոնք  մեզ ու շրջակայքն ավելի լավը կդարձնեն, այլապես հինը կրկնելով և գիտելիքները չզարգացնելով ամեն ինչ կդառնա հնի պես, գուցե՝ ավելի վատ։

Հայաստանում իսկապես մեծ փոփոխություններ են, մեզ մնում է համապատասխանել այդ փոփոխություններին, փոփոխությունները բերել մեր կյանք, ու հետագայում կունենանք այն Հայաստանը, որը բոլորս ենք ուզում։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register